Թուրքիան ներխուժեց Սիրիա. խաղաղությա՞ն ակունք, թե՞ նոր Իսլամական պետության

Թուրքական հարձակումը կարող է տարածաշրջանում նոր Իսլամական պետության ստեղծման հանգեցնել, քանի որ այս ներխուժմամբ և իսլամականներին հսկող քրդերի ոչնչացմամբ, փաստացի, դաժան իսլամականները կհայտնվեն ազատության մեջ:

Թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների հոկտեմբերի 9-ին Խաղաղության ակունք անունը կրող ռազմագործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: Օդային հարձակմանը հաջորդել է ռազմատեխնիկայի և զորքերի առաջխաղացումը: Հաղորդվում է, որ թուրքական ուժերն արդեն խորացել են 30 կմ՝ ավերելով Սիրիայի սահմանամերձ բնակավայրերն ու սպանելով խաղաղ բնակիչներին:

Խաղաղության ակունք

Այսպիսի բարի անվանում ունեցող ռազմագործողությունը, ինչպես և Սիրիայի տարածքում Անկարայի իրականացրած մյուս՝ Ձիթենու ճյուղ և Եփրատիօ վահան գործողությունները, իրականում իրենցից ենթադրում են պատերազմ՝ ոչնչացնելով խաղաղ բնակավայրեր ներկայումս քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ պատրաստվում է նոր գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ ապահովելու Թուրքիայի անվտանգությունն այդ տարածքից եկող սպառնալիքներից:

Ռազմական գործողություններն սկսելուց առաջ ևս Էրդողանն այդ մասին հայտարարեց:

Այս գործողության նպատակն, ըստ թուրքական իշխանությունների, ահաբեկիչներին ոչնչացումն ու չեզոք գոտու ստեղծումն է, որտեղ կվերաբնակեցվեն սիրիացի փախստականները: Բայց, մասնագետների համոզմամբ, Անկարան սրանով որոշակիորեն քրդական միավորումներին չեզոքացնելու հարց է լուծում:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ սպառնացել էր Թուրքիային չդիմելու անթույլատրելի գործողությունների, այլապես կոչնչացնի նրա տնտեսությունը: Նշենք, որ ԱՄՆ-ը բազմիցս հանդես է եկել քրդերի աջակցությամբ՝ նրանց տրամադրելով տարատեսակ օգնություն, այդ թվում՝ ռազմամթերք:

Սակայն Էրդողանն, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին: Հաջորդիվ ԱՄՆ Սենատում մշակվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ, որով նախատեսվում է այն կիրառել Էրդողան, փոխնախագահի և մի շարք նախարարների նկատմամբ: Միաժամանակ, առաջարկվում է՝ եթե 90-օրյա ժամկետում Թուրքիան չդադարեցնի գործողությունները, ապա կկասեցվի նրա հետ ռազմական համագործակցությունն ու առևտուրը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս կապակցությամբ նշել է, որ Սիրիայի հյուսիսում առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: Հետազոտողների համոզմամբ՝ ռուսական կողմը սրանով փորձում է ցույց տալ, որ ԱՄՆ-ը չի կարող աջակցել քրդերին, ուստի նրանք պետք է դիմեն Ռուսաստանին:

Դատապարտում են

Եվրամիությունը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կողմից ձեռնարկած ռազմագործողության դատապարտման վերաբերյալ՝ թուրքական կողմին կոչ անելով անհապաղ դադարեցնել հարձակումը: Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել ԵՄ առանձին պետություններ՝ Ֆրանսիան, Ֆինլանդիան և այլն: Ի պատասխան դրա՝ Էրդողանը հայտարարել է, որ կարող է բացել դեպի Եվրամիություն տանող դարպասները, և 3,6 մլն փախստական կանցնեն Եվրոպա:

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական գործողությունները դատապարտել է նաև Իրանը՝ նույնպես կոչ անելով անհապահ դադարեցում: Տարօրինակ զուգադիպությամբ՝ Իրանի ԶՈՒ-ն այսօր թուրք-իրանական սահմանին մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ:

Հայաստանի իշխանություններն անմասն չմնացին Թուրքիային ուղղված դատապարտող հայտարարություններից: Մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը նշեց, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, մարդկային կորուստների, տեղահանվածների: ԱԳՆ-ը մտահոգիչ համարեց հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների համար ստեղծվող իրավիճակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշեց, որ ներխուժումը կհանգեցնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամի խորացմանը՝ դատապարտելով թուրքական իշխանությունների վարքագիծը և այն որակելով ապօրինի:

Կառավարությունը նաև դռնփակ նիստ է հրավիրել՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

Ո՞ւր են հասել թուրքական ուժերը

Իսկ մինչ այդ՝ թուրքական ստորաբաժանումները շարունակում են առաջխաղացումը: Համացանցում հայտնվում են խաղաղ բնակավայրերի ռմբակոծման, հրկիզման նկարներ, խաղաղ բնակիչների շրջանում սպանվածների թիվը շարունակում է աճել:

Թուրքական կողմը հաղորդել է, որ նախանշված թիրախները ոչնչացված են: Ներկայումս գործողություններ են իրականացվում հիմնականում Թել-Աբյադ, Ղամիշլի և Ռաս-էլ-Ային քաղաքներում:

Տեղի հայկական համայնքը տարհանվում է: Պարբերաբար ստացվող տեղեկությունների համաձայն՝ հայերի շրջանում տուժածներ չկան, բնակիչների մի մասն արդեն տեղափոխվել է ապահով վայրեր:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ խաղաղ բնակիչների ոչնչացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով՝ արդեն սպանվել է 109 ահաբեկիչ, կան շատ վիրավորներ ու գերիներ: Մինչդեռ լուսանկարներն այլ բան են փաստում:

Ի՞նչ սպասել

Միջազգային անհանգստությունն այս ներխուժմամբ պայմանավորված է մարդասիրական ճգնաժամի, նոր փախստականների, տարածաշրջանի ապակայունացման վտանգով:

Սակայն հիմնական սպառնալիքը վերաբերում է հենց տարածքին. այստեղ իշխում են քրդական միավորումները: Վերջիններիս առկայունն անհանգստացնում է Թուրքիային, սակայն այս տարածքում կա նաև այլ երևույթ: Քրդերի կողմից Սիրիայի հյուսիսում ստեղծվել են ճամբարներ, որտեղ պահվում են այսպես կոչված Իսլամական պետության նախկին զինյալներն իրենց ընտանիքներով:

Մի շարք մասնագետներ նշում են, որ թուրքական հարձակումը կարող է տարածաշրջանում նոր Իսլամական պետության ստեղծման հանգեցնել, քանի որ այս ներխուժմամբ և իսլամականներին հսկող քրդերի ոչնչացմամբ, փաստացի, նախկին դաժան իսլամականները կհայտնվեն ազատության մեջ և կշարունակեն իրենց ահաբեկչությունները:

Շատերը սա համարում են տարածաշրջանային սպառնալիք: Միաժամանակ, թուրքական նման վարքագիծը, այն է՝ միջազգային կոչերի անտեսումը, կարող է նրա ձեռքերն ազատել նաև այլ ուղղություններում:

Էդմոն Մարուքյանը՝ թուրքական հարձակման մասին / ©Ազատություն

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ թե տարածաշրջանի, թե Հայաստանի համար: Հայ քաղաքական գործիչները կոչ են անում մշակել գործողությունների ծրագիր, որով Հայաստանը կարող է դիմագրավել թուրքական հերթական ագրեսիային՝ ընդդեմ Հայաաստանի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021