Նախարար Թորոսյանը կոչ է արել խուճապ չառաջացնել. տեսնենք, թե ինչքանով է նրա կոչն արդարացված. (upd.)

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները սառնասրտորեն են վերաբերվում կորոնավիրուսից մահացություններին ու վարակի տարածմանը, մինչդեռ օգտատերերը տագնապալից կերպով պահանջում են փակել հայ-իրանական սահմանը: Համեմատենք մասնագիտական տեղեկությունները և առկա իրավիճակը:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով զրուցել է օգտատերերի հետ՝ անդրադառնալով Covid-19 կորոնավիրուսի հետ կապված առանձնահատկություններին և Հայաստան ներթափանցման անհանգստությանը:

Նախարարը, ինչպես ինքն է նշել, փորձել է մասնագիտորեն ներկայացնել խնդրի էությունը: Փորձենք հասկանալ, թե որքանով են Թորոսյանի հայտնած մտքերը մասնագիտական. հիմնական շեշտադրումներն ուղիղ եթերում վերաբերում էին վիրուսի վտանգավորությանը և Հայաստան-Իրան սահմանի փակման հարցին:

Ի՞նչ է կորոնավիրուսը

Նախարարի խոսքով

Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք հանդիպում են թե մարդկանց, թե կենդանիների մոտ: Վերջին 20 տարվա ընթացքում ևս 2 նման բռնկում է տեղի ունեցել: Նախարարը հիշեցրել է 2002-2003թթ. Չինաստանի SARS համաճարակը և 2012թ. բռնկված MERS-ը:

Նախարարի խոսքով՝ SARS-ի սկզբնաղբյուրը կատուներն են համարվում, իսկ MERS-ինը՝ ուղտերը: Covid-19-ի համար, ըստ նախարարի, դեռևս հիմնական «մեղավորը» հայտնի չէ. քննարկվող տարբերակներն են չղջիկներն ու օձերը:

Հայտնի տեղեկություններ

SARS (Severe acute respiratory syndrome) — այս հիվանդությունը նույնպես կորոնավիրուսի բռնկում է: 2002թ. Չինաստանում բռնկված վիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է 8437 մարդ, մահացել են 813-ը (մահացությունը՝ 9%): Այս վիրուսի դեպքում նույնպես հիմնական զոհը տարեցներն են եղել:

Սակայն նախարարի համեմատությունն այս և նոր տեսակի կորոնավիրուսների միջև այնքան էլ տեղին չէ, քանի որ Covid-19-ը ընդամենը 2 ամսվա ընթացքում խլել է 2,5 հազար մարդու կյանք, վարակված են շուրջ 77 հազարը: Թեև մահացածությունը 1-4% է, սակայն տարածվածության առումով սա ավելի վտանգավոր բնույթ է կրում:

MERS (Middle East respiratory syndrome) — Այս համաճարակը բռնկվել է 2012թ. Սաուդյան Արաբիայում: 2019թ. վերջի և 2020թ. սկզբի դրությամբ այս հիվանդությամբ վարակվածների թիվը շուրջ 2500 է, մահացածներինը՝ մոտ 900: Մահացության հավանականությունը՝ 40-50%: MERS-CoV-ի համար պատվաստանյութի վերջնական տարբերակը դեռ հաստատված չէ. դրանով մարդիկ դեռ շարունակում են վարակվել:

Ինչպես SARS-ի դեպքում, MERS-ը նույնպես իր տարածվածությամբ տարբերվել է Covid-19-ից: Թեև վերջինս հիմնականում Չինաստանում է տարածվում, սակայն երկու ամսվա ընթացքում մահացության ցուցանիշով գերազանցել է նախորդներին: Ուստի նախարարի համեմատությունն այստեղ ևս որոշակի առումով մեղմացված է:

Նախարարի խոսքով

Կորոնավիրուսներն, ըստ նախարարի, կարող են առաջացնել ինչպես սովորական մրսածություն, այնպես էլ ծանր հիվանդություններ՝ թոքաբորբ, այլ օրգանների ախտահարում և այլն:

Նախարարը զուգահեռներ է անցկացրել գրիպի վիրուսի հետ: Նա նշել է, որ ինչպես սովորական գրիպի, այնպես էլ կորոնավիրուսի դեպքում հիմնական թիրախը տարեցներն են, խրոնիկ հիվանդություններ և թույլ իմունիտետ ունեցողները: Նախարարն ընդգծել է սովորական գրիպի վտանգավորությունը. դրանից տարեկան կես միլիոն մարդ է մահանում աշխարհում:

Արսեն Թորոսյանը նշել է նաև տարբերությունը. ի տարբերություն նոր տեսակի կորոնավիրուսի՝ սովորական գրիպն ունի պատվաստանյութեր, որոնցով պատվաստվելու դեպքում վարակվելու հավանականությունը չնչին է: Նոր վիրուսի համար պատվաստանյութը չեռ չկա: Նախարարն այստեղ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ կորոնավիրուսն ավելի վտանգավոր չէ, քան գրիպի դեմ պատվաստված չլինելը: Նրա խոսքով՝ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակն այն վտանգավորությունը չունի, որի պատճառով պետք է խուճապ սկսվի:

Որքանո՞վ է անհանգստությունն անտեղի

Հատկապես Ֆեյսբուքում այս օրերին բուռն քննարկվում է կորոնավիրուսի թեման. մարդիկ անհանգստացած են, որ այն կհասնի նաև իրենց: Նախարարը թեև վիճակագրության հիման վրա կոչ է անում խուճապի չմատնվել, բայց, հաշվի առնելով, որ այդ վիճակագրությունում մարդկային կյանքեր են, ապա պետք է մտահոգվել գեթ մեկ մահվան դեպքով՝ փորձելով կանխել նույնիսկ մեկ մահը:

Բացի այդ, ինչպես նախարարն է նշում, գրիպի դեմ պատվաստանյութն առկա է, և խիստ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կանխել դրա վտանգը, մինչդեռ նոր տեսակի կորոնավիրուսի դեպքում նույնիսկ հայտնաբերելն է դժվար, իսկ պատվաստանյութն, ըստ մասնագետների, մի քանի ամիս կարող է դեռ չլինել:

Նախարար. «Մահացությունը ցածր է»

Թորոսյանի խոսքով՝ Covid-19-ի դեպքում մահանալու հավանականությունը 1-4% է: Նրա վստահեցմամբ՝ սովորական գրիպի դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր է: Նախարարը նշել է նաև փոխանցման-տարածման ճանապարները, որոնք նույնական են նաև գրիպի համար. հիմնականում օդակաթիլային և շփման միջոցներն են: Պաշտպանվելու միջոցը նույնպես նույնն է՝ հիգիենա, լվացվել, բերանը փակել, չկուտակվել, խուսափել շփումներից հիվանդի հետ, օդափոխել տարածքը:

Նախարարը որպես խնդիր է ներկայացրել չարտահայտվող դեպքերում (երբ ախտանիշներ չկան, բայց մարդը վարակված է) վիրուսի հայտնաբերումը, երբ այն փոխանցվում է՝ առանց փոխանցողի մոտ դրսևորվելու: Նախարարն ընդգծել է, որ ծանր հետևանքներն արտահայտվում են միայն փոքր թվով վարակվածների մոտ, ուստի ամբողջ հասարակությանը միաժամանակ սքրինինգ անելու կարիք չկա, առավել ևս՝ հնարավորություն:

Թանկ է նույնիսկ մեկ կյանքը

Չթերագնահատելով նախարար Արսեն Թորոսյանի մասնագիտական գիտելիքները՝ նշենք միայն, որ հասարակությունն առավել տաքարյուն է արձագանքում վտանգներին, մինչդեռ, ինչպես նկատած կլինենք հիվանդանոց այցելելիս, բժիշկներն ավելի սառնասրտորեն են վերաբերվում հիվանդությանն ու մահվանը: Դա բնական է այդ ոլորտի մասնագետների համար, սակայն հանրությանը «մահերը քիչ են, 100 հիվանդի դեպքում ընդամենը 1-4 մահը նոռմալ է» արտահայտությունը կարող է ավելի շատ գրգռել:

Հաջորդ խնդիրը թույլ իմունիտետ և խրոնիկ հիվանդություններ ունեցողներին սպառնացող վտանգն է. Հայաստանում այդպիսիք քիչ չեն՝ անկախ պատճառներից: Նշենք նաև, որ եթե գրիպի դեպքում ինկուբացիոն շրջանը 7-15 օր է, ապա Covid-19-ի դեպքում՝ առնվազն 14 օր:

Ինչպե՞ս պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ՝ ըստ Թորոսյանի

Նախարարը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մարդկանց տեղաշարժի սահմանափակումն «աշխատող» միջոց չէ: Նրա խոսքով՝ հնարավոր չէ, որ բոլոր պետությունները փակեն իրենց սահմանները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, ըստ նախարարի, կոչ է արել ոչ թե փակել մուտքը, այլ՝ ելքը. վարակված տարածքից թույլ չտալ մարդկանց ելքն այլ տարածքներ՝ հաշվի առնելով նաև ինկուբացիոն շրջանը: Վերջինս, ինչպես նշեցինք, առնվազն 2 շաբաթ է:

Նախարարն անդրադարձել է Իրանի հետ սահմանը փակելու պահանջին՝ նշելով, որ եթե Իրանում վարակվածների թիվը մոտ 3 տասնյակ է, ապա Իտալիայում 70-ից ավել են, այլ երկրներում ևս մեծ թվով վարակվածներ կան, ուստի ամբողջ ուղևորահոսքն աշխարհի առաջ փակելը խելամիտ չէ: Սակայն, ըստ նախարարի, այսօր և վաղը քննարկվելու է սահմանները փակելու հարցը, ինչպես դա արվել է Չինաստանի դեպքում:

Թորոսյանը նշել է, որ ճիշտ լուծումն ունենալու նպատակով պատրաստվում է քննարկումներ ունենալ ինչպես համաճարակաբանների, այնպես էլ արտաքին գործերի գերատեսչության, դեսպանատների հետ: Վերջում նախարարը կոչ է արել հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և չտրվել խուպային հայտարարություններին:

Փակե՞լ սահմանը, թե՞` ոչ

Այս նյութը պատրաստելու ընթացքում ստացվեցին տեղեկություններ, որ Իրանում ևս 2 մահվան դեպք է գրանցվել: Վարակվածների թիվը նշվում է 43: Կարանտինի մեջ է 785 մարդ: Տեղեկություններ են պտտվում, թե իրականում վարակվածների թիվն ավելի մեծ է. հաշվի առնելով մահացության ցուցանիշը՝ այդ թիվը պետք է որ լինի 600-ից ավելի:

Իրանի հետ սահմանն արդեն փակել են Թուրքիան, Թուրքմենստանը, Աֆղանստանը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Իրաքը: Վրաստանն ու Հայաստանն իրենց քաղաքացիներին կոչ են արել հնարավորության դեպքում խուսափել Իրան մեկնելուց: Իրանում ՀՀ հյուպատոսարանը սահմանափակել է գործառույթները:

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ Մեղրիի սահմանային անցակետի փակման հարցն օրակարգում է:

Ի հեճուկս բազմաթիվ օգտատերերի պահանջի, որոնց թվում են նաև քաղաքական ու հասարակական գործիչներ, Իրանի հետ սահմանը դեռ փակ չէ: Ավելին՝ հարավային անցակետ է գործուղվել մասնագետների խումբը, որն ուսումնասիրելու է Հայաստան ժամանողներին:

Բարձրաձայնվող հիմնական խնդիրն այն է, որ ժամանողների մոտ վիրուսի հայտնաբերումը հենց սահմանակետում քիչ հավանական է՝ հաշվի առնելով ինկուբացիոն շրջանը: Վրաստանում, օրինակ, Իրանից ժամանած քաղաքացիներ կան, ովքեր հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով:

Ներկայումս Մեղրիի անցակետում ուժեղացված հսկողություն է իրականացվում: Չինաստանից ժամանողները հասցեական քարտ են լրացնում, որից հետո բժիշկներն այցելում են նրանց բնակության/գտնվելու վայր և դիտարկում կատարում՝ 14 օր պահելով հսկողության ներքո: Մինչ օրս 83 պացիենտ է անցել լաբորատոր հետազոտություն, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ընդհանրացնելով նշենք, որ այս պահի դրությամբ սահմանը փակելու անհրաժեշտություն ոլորտի ներկայացուցիչները չեն տեսնում:

Կորոնավիրուսի թեստեր կան

Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, թե արդյո՞ք առողջապահական գերատեսչությունն ունի համապատասխան միջոցները՝ նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման համար:

Ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր Հայաստանում առկա են. ներկայումս շուրջ 500-ն են, ևս 200-ը սպասվում է առաջիկայում, այնուհետև համալրման գործընթացը, ինչպես նշում են, շարունակվելու է:

Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Հայաստանում բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են՝ նոր տեսակի կորոնավիրուսը հայտնաբերելու և չեզոքացնելու համար:

UPD. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարության արտահերթ հեռակա որոշմամբ հայ-իրանական պետական սահմանը 2 շաբաթով փակ կլինի:

Վարչապետը նույնպես կոչ է արել խուճապային տրամադրություններ չտարածել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021