«Ադամանդե թագուհու» աղետը. ինչպես է տապալվել զբոսանավի կարանտինը

Մեկ վարակվածը կարող է վարակել 600 ուղևորների, իրավիճակը վատթարանում է, իսկ մահացածների մասին հայտարարում է նավապետը, ով նավը վերջինն է լքելու:

Covid-19 կորոնավիրուսի հետ կապված առանցքային դիպաշարերից մեկը Ճապոնիայի ափերի մոտ գտնվող «Ադամանդե թագուհի» (Diamond Princess) զբոսանավում ստեղծված իրավիճակն է: 3,7 հազար ուղևորներն ու նավաստիները նավում կորոնավիրուսի բռնկման պատճառով մնացել են ներսում՝ կարանտինի: Նախատեսվել էր, որ այն կտևի երկու շաբաթ և կավարտվի փետրվարի 19-ին:

Սակայն այդ ընթացքում իրավիճակն ավելի վատացավ. իրենց սենյակներում փակված ուղևորները մեկը մյուսի հետևից վարակվեցին: Եթե առաջին օրը վարակման 10 դեպք էր գրանցվել, ապա փետրվարի 21-ին նրանց թիվն արդեն 600 էր, երկուսը մահացել էին: Կարանտինը երկարեց, մարդիկ դեռ նավում են, տարհանվածները, պարզվում է, վարակված են, իսկ նավում տագնապ է ահագնանում, որը փորձում են հանդարտեցնել:

Արդյունքում «Ադամանդե թագուհին» վերածվել է «լողացող Յուհանի», որտեղ շարունակում է տարածվել նոր կորոնավիրուսը:

Ինչպես է վատթարացել իրադրությունը

Ամեն ինչ սկսվել է մեկ հիվանդից. Հոնկոնգի 80 ամյա բնակչի մոտ, ով մինչև զբոսանքի ավարտն է լքել նավը, հունվարի 25-ին ախտորոշվել է Covid-19 վիրուսը: Այդ իսկ պատճառով փետրվարի սկզբին «Ադամանդե թագուհին» մոտեցել է Ճապոնիայի ափերին, որտեղ նավում կարանտին է հայտարարվել: Հիմնական խնդիրը վիրուսը ներթափանցումն էր ցամաք: Բայց արդյունքում գլոբալ իրադարձությունները ծավալվեցին հենց նավում:

Փետրվարի 4, կարանտինի առաջին օր. 3,7 հազարից՝ 10 վարակված,
փետրվարի 8. 16 վարակված,
փետրվարի 11. 135 վարակված,
փետրվարի 12. 176 վարակված,
փետրվարի 14. 218 վարակված,
փետրվարի 17. 454 վարակված,
փետրվարի 21. 635 վարակված:

Ի վերջո, «Ադամանդե թագուհին» դարձավ նոր կորոնավիրուսի խոշոր օջախ՝ Չինաստանի սահմաններից դուրս: The New York Times-ը նավն անվանել է «Լողացող փոքր Յուհան»: Ավելին, վարակվածների թիվը շարունակում է աճել. տարհանվածներն իրենց երկրներում ստուգվում են, և նրանց մոտ Covid-19 է հայտնաբերվում: Իսկ նավում դեռ հարյուրավոր մարդիկ կան:

Եթե կարանտինի առաջին օրերին մարդիկ մտածում էին իրենց սենյակներում զբաղմունք գտնելու մասին, ապա հիմա պայքարում են իրենց կյանքի համար: Թվիթերյան օգտատերերից մեկը ամբողջ փետրվար ամսին պատմել է զբոսանավում տիրող իրավիճակի մասին՝ ըստ ծնողների պատմածի: Փետրվարի 17-ին նա հայտնել է, որ հայրը վարակվել է, իսկ մայրը ևս 2 շաբաթ մնալու է նավում: Դրանից հետո կպարզվի՝ մայրն էլ է վարակվել, թե՝ ոչ:

Օգտատերը պատմում է նավում գտնվող ծնողների մասին

Տագնապը բարձրացել է ոչ միայն ուղևորների շրջանում: Անձնակազմից խոհանոցում աշխատող Ջեյսոն Աբալոսը պատմել է, որ կարանտինի ավարտից հետո ևս 5 օր իրենց պահել են նավում՝ նշելով, որ օրերն են հաշվում, սակայն դրանք ավելի են երկարում, իրենք սթրեսի ու վախի են ենթարկվում, վիրուսն արագ է տարածվում: Նա հավելել է, որ մահանալու դեպքում գումարը ոչինչ է:

Փետրվարի 20-ին նավի ուղևորներից երկուսը մահացել են: Նրանք ճապոնացի տարեց զույգ էին: Բոլոր ուղևորներին այդ մասին բարձրախոսով են հայտնել: Եվ դա լսել են նաև նրանք, ովքեր մնացել են նավում փակված և չգիտեն՝ վարակված են, թե՝ ոչ:

Թեստի արդյունքները, որն ուղարկում են ուղևորներին / ©tjournal.ru

Լողացող աղետ

Բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ հենց կարանտինի միտքն է հանգեցրել աղետի՝ առողջներին ու հիվանդներին միևնույն վայրում փակելով: Հոնկոնգի համալսարանի Ինֆեկցիոն կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ այդ նավը ինֆեկցիոն մեծ գոտի է:

ԱՄՆ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆաուչին համամիտ է գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ նոր կորոնավիրուսի համար ավելի լավ վայր հնարավոր չէր մտածել. վիրուսը հեշտությամբ է փոխանցվում, բայց փակ տարածությունում այն ավելի է ուժգնանում: Նրա համոզմամբ՝ նավում կարանտինային ռեժիմը տապալվել է: Շատերը վարակվել են հենց այդ շրջանում:

Հնարավոր սխալների շարքին են դասել հիվանդներին առողջներից չտարանջատելը: Սակայն Covid-19 կորոնավիրուսը երկար ժամանակ ախտանիշներ չի արտահայտում, և հիվանդները գտնվել են առողջների հետ նույն սենյակում՝ չիմանալով իրենց վարակվածության մասին:

Հենց այդ պատճառով ինֆեկցիաների մասնագետ Կենտարո Իվատան հայտարարել է, որ Էբոլայի ժամանակ իրենց անվտանգ է զգացել, քանի որ իմացել է վիրուսի տարածման և վարակվածների մասին: Բայց «Ադամանդե թագուհու» ներսում վիրուսի գտնվելու մասին տեղեկություն չկա:

Նավի առողջ ուղևորները տարհանվում են

Կանադային միջազգային հարաբերությունների խորհրդի նախկին աշխատակցուհի Լորի Հարեթի կարծիքով՝ տարհանումից հետո պետք է ուսումնասիրվի նավի յուրաքանչյուր սանտիմետրը՝ հասկանալու, թե ինչպես է տարածվել վիրուսը: Նա նշել է, որ «Ադամանդե թագուհին» պետք է հանել շահագործումից և մանրակրկիտ ախտահարել: Բայց արդեն ապրիլին նախատեսում են նոր զբոսանքի ուղարկել:

Նավապետը վերջում է լքում նավը

Կորոնավիրուսի պատմության ֆոնին ԶԼՄ-ներն ուշադրության են արժանացրել «Ադամանդե թագուհու» նավապետ Ջենարո Արմային: Նա նավի անձնակազմում է ավելի քան 20 տարի, սկսած ստորին հաստիքներից, իսկ 2018թ.-ից ղեկավարում է նավը: Հենց իտալացու գործողություններին են վերագրում նավում խուճապ չսկսվելը:

Ջենարո Արմա / ©tjournal.ru

Երկու շաբաթից ավելի ուղևորները փակված են մնացել իրենց սենյակներում, իսկ Արման մշտապես ոգեշնչել է բարձրախոսով: Նա լավատեսական կոչեր է հնչեցրել նույնիսկ այն պարագայում, երբ ստիպված էր հայտարարել նոր վարակվածների մասին: Նավապետը նշել է, որ վստահ է՝ «մնալով միասնական, կհասնենք հաջողության»:

Սուրբ Վալենտինի օրը Արման ուղևորներին կոնֆետներ և քաջալերող բացիկներ է ուղարկել: Նա կարդացել է նաև հատված Աստվածաշնչից՝ սիրո և համբերատարության մասին: Նավի ուղևորներից մեկը նշել է, որ նավապետի շնորհիվ հանդարտություն է պահպանվել: Ուղևորի խոսքով՝ նավում տեղի ունեցողի մասին պարբերական հաղորդագրությունները, հարցերին պատասխանները, խորհրդատվությունը կարանտինային սպաների հետ, զբոսանքների կազմակերպումը ցանկություն են առաջացրել, որ այսպիսի մարդը ղեկավարի երկիրը:

Մեկ այլ ուղևոր պատմել է, որ Արման իրեն հիշեցրել է Չեսլի Սալենբերգերին. Նյու Յորքի Հուդզոն գետում ինքնաթիռի վայրէջքն իրականացրած օդաչուն: 2016թ. նրա մասին ֆիլմ են նկարահանել՝ «Հրաշք Հուդզոնի վրա», Թոմ Հենքսի գլխավոր դերակատարությամբ: Միևնույն ժամանակ Իտալիայում նավապետին արդեն անվանակոչել են «il capitano coraggioso»՝ «Քաջ նավապետ»:

Ինքը՝ Արման, փորձում է պահպանել լավ ոգին: Նա նշել է, որ լիարժեք առողջ է, և ինքն այն մարդն է, որ երկու շաբաթ առաջ էր, միայն սպիտակ մազերն են ավելացել: Նավապետը հույս է հայտնել, որ շուտով դա կավարտվի: Արման «Ադամանդե թագուհի» զբոսանավում մնալու է մինչև վերջին ուղևորի և անձնակազմի անդամների տարհանումը, ինչպես վայել է նավապետին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021