«Անջատում հանուն փրկության». Ի՞նչ է այն իրենից ներկայացնում — Շեշտ.am (shesht.am)
11 րոպե
Խմբագրություն

«Անջատում հանուն փրկության». Ի՞նչ է այն իրենից ներկայացնում

«Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրերս այդ մասին որոշում էր կայացրել նաև Ժնևի քաղաքային խորհուրդը: Ավելի վաղ այդ սկզբունքի մասին խոսել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Արցախի դրոշը՝ երեխայի ձեռքում / © Irates.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին: Փաշինյանն այս սկզբունքը համարել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտ միջոց:

Սկզբունքի կիրառման անհրաժեշտությունն՝ ըստ վարչապետի

Վարչապետի խոսքով՝ այս սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, որն իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության վտանգ, ինչպես նաև բացառում է մի պետության հետ միացումը, եթե այն բերելու է նույն հետևանքներին։

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 16. Oktober 2020

Վարչապետն ընդգծել է, որ այդ սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման հայաստանյան հայեցակարգի հիմքում, իսկ ներկայումս ընթացող պատերազմում վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը միջազգային այդօրինակ ըմբռնման հասնելու իրական հնարավորություն են տալիս։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ողջ հայության ներուժը կենտրոնացնել այս խնդրի լուծման վրա։

Իմ հարցազրույցը RTS հեռուստաընկերությանը

Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր եւ հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:Իմ հարցազրույցը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը: Tout au long de son histoire plus de 80% de territoire du Haut-Karabakh était peuplé d'Arméniens. Aujourd'hui ils risquent de perdre leur patrie, leur maison. J’attends de la communauté internationale de reconnaître leur indépendance pour les sauver. Mon entrevue à la RTS.Throughout history, Armenians constituted over 80% of the population in Nagorno-Karabakh; they are today facing the threat of being deprived of their homeland, their country and their place of residence. My expectation from the international community is clear: to recognize their right to self-determination for the sake of salvation.My interview to Swiss TV (RTS).

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 16. Oktober 2020
Վարչապետի հարցազրույցը / © RTS (հայերեն տողատակերով)

ՀՀ կառավարության ղեկավարը հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում բնակչության 80-ից ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, երկիրը, տունը, բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունից ունի հստակ ակնկալիք՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը:

Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքի վերաբերյալ Ժնևի քաղաքային խորհրդի որոշմամբ սահմանված դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից «հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»:

Geneva City Council Resolution R-271 "The Armenians of Nagorno-Karabakh have the right to life and to self-determination…

Gepostet von Embassy of Armenia to Switzerland-Permanent Mission to UN Office in Geneva am Donnerstag, 8. Oktober 2020

Հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը՝ դատապարտելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ:

Որոշման համաձայն՝ Քաղաքային խորհուրդը
— Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
— Դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը,
— Հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել հնարավորը՝ միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան,
— Հրավիրում է Վարչական խորհրդին՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։

Խորհուրդը նաև հորդորում է Վարչական խորհրդին՝ միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևների կլանի, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն է եղել, ունեցվածքի սառեցման հարցով:

Սկզբունք՝ ըստ առաջին նախագահի

Հոկտեմբերի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը: Նրա խոսքով՝ առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ նմանատիպ որոշումների շարքում ի՞նչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհրդի որոշումը: Սակայն, առաջին նախագահի համոզմամբ, Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը մի ձևակերպում ունի, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:

Առաջին նախագահը մատնանշում է, որ «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրումն է:

Այդ դոկտրինի էությունը, Տեր-Պետրոսյանի խոսքով, այն է, երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա պարբերաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնիկ-տարածքային փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ նշված դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել: Հիշեցնենք, որ առաջին նախագահն այս հարցին անդրադարձել էր նաև 2016թ. մայիսին՝ վստահություն հայտնելով, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.