Կրկին մահ. ո՞վ է Բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետը և ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ սպանությունները կանխելու համար

Կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ապրիլի 3-ին, ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը (Աբովյան քաղաքի բնակիչ):

Ընդգծենք, որ «չպարզված հանգամանքներում» նշվում է հիմնականում այն դեպքերում, որոնք հակառակորդի կրակոցի հետևանք չեն: Ուստի հանրությունն ակնկալում է, որ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պետք է պարզվեն և մեղավորները պատժվեն:

Սակայն պետք է հիշենք նախորդ ցավալի դեպքերը, որ տեղի են ունեցել բանակում վերջին ամիսներին. զոհված զինծառայողների ծնողները բողոքում էին դեպքի կոծկման, իրականությունը թաքցնելու մեջ: Եղավ նաև դեպք, երբ ծնողներն իրենց զավակին դին պատրաստվում էին կառավարություն տանել. նրանց հետ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի զրույցից հետո որոշակիորեն հանդարտվեցին՝ սպասելով իրական մեղավորների պատժին:

Հիշեցնենք նաև, այդ բազմաթիվ ոչ մարտական կորուստներից հետո բանակում՝ ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի զինված ուժերում, տեղի ունեցան մի շարք պաշտոնանկություններ: Նոր նշանակումներ եղան: Թեև որոշակիորեն նվազեցին ցավալի դեպքերը, սակայն, ինչպես երևում է, դրանք չեն մարել, և դրանում որոշ պաշտոնյաների փոփոխությունը դերակատարում, կարծես, չունեցավ:

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում): Կատարվում է նախաքննություն:

Ո՞վ է Արթուր Պողոսյանը

Ս.թ. փետրվարի 19-ին գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանն ազատվել էր ՀՀ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից (նրա փոխարեն նշանակվել է Արթուր Պողոսյանը, ով մինչ այդ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ էր), Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից (ԺՊ է նշանակվել Ալեքսանդր Աղաջանյանը): Ազատվել են նաև մի քանի բաժնի պետեր: Նույն օրերին Կարեն Աբրահամյանն է ազատվել Արցախի ՊՆ-ՊԲ հրամանատարի պաշտոնից (նշանակվել է Ջալալ Հարությունյանը:)

Արթուր Պողոսյանի նշանակումից հետո մամուլում տեղեկություններ էին տարածվել՝ հիշեցնելով նրա վերաբերյալ տարիներ առաջ եղած աղմկահարույց հրապարակումները:

Հաղորդվել է, որ «Նորաշեն 2007» ընկերության գործունեությունից տուժած մի խումբ բնակիչներ բաց նամակ էին հրապարակել, որտեղ նշել էին, թե 2011թ. փետրվարի 16-ին հարուցված քրգործի նախաքննության շրջանակներում ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը շատ կարևոր ապացույց ձեռք բերելու նպատակով պաշտոնական հարցում է կատարել ՀՀ ՊՆ: Սակայն ՊՆ-ից նրան կեղծ տեղեկություն են տրամադրել: Նշվել է, որ դրա կազմակերպիչը ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանն է, որը սույն գործով մեղադրյալի փոխարեն ճանաչվել է վկա:

Հրապարակման համաձայն՝ հայտնել են, որ նախաքննության ժամանակ գնդապետը հրաժարվել է, որ իրենք ծանոթ են, այնինչ 2008-2010թթ. ընթացքում նրանց միջև կնքվել են բազմաթիվ գործարքներ. նոտարական պայմանագրերն առկա են:

Բացի այդ՝ բազմաթիվ օգտատերեր կասկած են հայտնել, որ հակաօդային պաշտպանության ոլորտում տարիներ շարունակ պաշտոն զբաղեցրած զինվորականը կկարողանա պատշաճ կերպով ղեկավարել բարոյահոգեբանական վարչությունը: Դա արդարացվում է նրանով, որ զինվորների տասնյակ մահերից հետո պետք էր առավել մեծ ուշադրություն դարձնել հենց այս վարչությանը՝ նշանակելով ոլորտի լավագույն մասնագետին:

Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ նշենք, որ հայկական բանակում առկա խնդիրներից կարևորը, թերևս, ղեկավարի ճիշտ ընտրությունն է: Իսկ բարոյահոգեբանական ուղղությունը յուրաքանչյուր սպանության/ինքնասպանության թիվ մեկ պատասխանատուն պետք է լինի՝ դեպքերը հասցնելով զրոյի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021