Ավարտական քննություն չի լինի, ընդունելությունը կկատարվի 1 քննությամբ. նախարարը մանրամասներ է ներկայացրել

Հնարավորինս սեղմ և հստակ ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը՝ դպրոցների փոխադրման, ավարտական, բուհերի ընդունելության քննությունների, «Վերջին զանգի», դիպլոմայինի պաշտպանության կարգի, ժամկետների վերաբերյալ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակում կրթական գործընթացում նախատեսվող միջոցառումները չեղարկելու կամ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ տեղեկություններ:

ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացնում / © Արայիկ Հարությունյան

Ըստ այդմ՝ ներկայացացնենք հիմնական շեշտադրումները՝

Տարին հեռավարով է ավարտվելու

— Մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինելու. շարունակվելու է հեռավար ուսուցումը:

— Տարվա ամփոփման արդյունքներով հնարավոր է բաց թողնված դասերը լրացնել՝ հաջորդ ուստարին (2020-2021) մեկ շաբաթ շուտ սկսելով կամ շաբաթ օրերն օգտագործելով: Եթե կլինեն նաև աշակերտներ, ովքեր ուսումնական գործընթացից ինչ-ինչ պատճառներով հետ ընկած կլինեն, ապա շաբաթ օրերը մյուս ուստարում կդիտարկվեն որպես պահուստային օրեր՝ բացը լրացնելու համար:

Փոխադրման քննություններ չեն լինի

— Հանրակրթական ուսհաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանի ավարտին:

— Տարեկան գնահատականներն ամփոփվելու են աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ստացած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա:

— Փոխադրական քննություններ չեն անցկացվի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում. ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով:

— Քառորդներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ստացած գնահատականներով: Ըստ այդմ՝ կստացվեն կիսամյակային և տարեկան գնահատականները:

Դպրոցում 12-րդ դասարանի ավարտական քննություն չի լինի

— Ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում:

— Նրանք, ովքեր ավարտական քննություն են հանձնել 2019թ. դեկտեմբերին, ատեստատում որպես քննական գնահատական կարող են պահպանել այդ քննության գնահատականը կամ ընտրել տարեկան գնահատականը (հաշվարկվում է մինչև մարտի 13-ի գնահատականներով):

— Ամփոփումը կատարվում և ատեստատները տրամադրվում են մինչև մայիսի 25-ը:

Քոլեջների, ուսումնարանների և ավարտական դիպլոմային աշխատանքի պաշտպանություն ու քննություններ չեն անցկացվելու

— Ամփոփումը կատարվելու է՝ ինչպես դպրոցների ավարտականների դեպքում:

— Եթե սովորողը երկրորդ կիսամյակում (մինչև մարտի 13-ը) գնահատական չունի, ապա տարեկան գնահատականը հաշվվում է ըստ առաջին կիսամյակի գնահատականի:

— Արդյունքներն ամփոփվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:

— Զորակոչային գործընթացը չի խոչընդոտվելու:

— Բուհերի ավարտական քննությունների ձևն ընտրելու են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում, պահպանելով համավարակի պայմաններում սահմանված կանոնները: Գործընթացը պետք է ամփոփվի մինչև հուլիսի 1-ը:

Մեդալի քննություններ չեն իրականացվելու

— Մեդալի քննություններ չեն իրականացվելու, սակայն՝

— Հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել՝ մասնակցելու հաջորդ ուսումնական տարվա քննություններին:

«Վերջին զանգը» հիմա չի լինի

— Քանի որ զանգվածային միջոցառումները կորոնավիրուսի տարածման համար վտանգավոր են, ապա ամենամյա ընդունված կարգով «Վերջին զանգի» միջոցառումներ տեղի չեն ունենա, բայց՝

— Ավելի ուշ, երբ վարակի տարածման վտանգ չի լինի, մեծ շուքով կնշվի «Վերջին զանգը»:

— Թե երբ այն տեղի կունենա, կորոշվի համատեղ՝ Կառավարության ու սովորողների հետ, իսկ տեղի ունենալիք միջոցառմանը կմասնակցեն նաև պաշտոնյաները:

Ընդունելությունը` 1 քննությունով

— Ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը հնարավորություն կտրվի հայտագրվելու ընդունելության համար: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Հայտերի ընդունումը կատարվելու է առցանց տարբերակով:

— Ովքեր մինչև մարտի 15-ն են հայտագրվել մի քանի քննությունների համար, դրանց համար վճարված գումարը հետ կվերադարձվի: Կպահվի միայն մեկ քննության գումարը:

— Դիմորդները մեկ քննություն են հանձնելու. քննական միակ առարկայի մասին կհաղորդվի մինչև ապրիլի 30-ը: Մինչ այդ պտտվող ասեկոսեներին հավատալ պետք չէ:

— Քննական կենտրոնները լինելու են ամբողջ Հանրապետությունում` տեղաշարժի խնդիր չունենալու համար: Պահպանվելու են հակահամաճարակային միջոցառումները՝ դիմակներ, ախտահանում և այլն:

— Ընդունելության քննությունները տեղի են ունենալու հուլիսի առաջին 10-օրյակում:

— Քննությունը լինելու է այն առարկայից, որը դիմորդը պետք է հանձներ. այն առարկաներից մեկից, որին պատրաստվել է, ոչ ավելին: Օրինակ՝ եթե տվյալ բուհ ընդունվելու համար պետք էր հանձնել 3 առարկայից քննություն, ապա այժմ դրանցից միայն մեկից է դիմորդը քննություն հանձնելու:

— Ընտրովի առարկաների դեպքում կպահպանվի ընտրելու հնարավորությունը:

— Բանավոր միասնական քննություններ չեն անցկացվի:

— Արվեստի և սպորտի մասնագիտացված բուհերի դեպքում նույնպես մեկ միասնական քննություն կանցացվի:

Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում

— Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվելու է նախատեսվածից մեկ շաբաթ ուշ՝ հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփվելու են մինչև հուլիսի 5-ը:

— Ասպիրանտուրայում կասեցվելու է մրցույթային չհանդիսացող օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական հիմունքներ առարկաներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը:

— Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, ամփոփումը՝ մինչև հուլիսի 5-ը:

Քոլեջների և ուսումնարանների ընդունելություն

— Այստեղ ընդունելությունը կազմակերպվելու է օգոստոսին` ատեստատների գնահատականների հիման վրա, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից:

— Վերջիններում ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության սկզբունքով:

— Հայտերի ընդունումն այստեղ նույնպես կատարվելու է էլեկտրոնային տարբերակով:

Օտարերկրյա պետությունների դեպքում՝ ուսումնական գործընթացն անորոշ է

— Գործընկեր պետություններում իրավիճակն անորոշ է: Իրենցից է կախված, թե ինչպես են իրականացվելու քննությունները, ընդունելությունը:

— Որոշումներն այս ուղղությամբ կընդունվեն ըստ տվյալ երկրից ստացված տեղեկատվության. յուրաքանչյուր պետությունում իրավիճակը տարբեր է:

Ամփոփում

Նախարար Արայիկ Հարությունյանը վերջում հորդորել է ամեն դեպքում այս տարվա ընդունելության այդ մեկ քննությանը նախկինի նման ընտանիքով չմասնակցել: Խորհուրդ է տրվում հասակակիցների կամ գոնե միայն մեկ ծնողի հետ մասնակցել դրանց:

Հարությունյանը նշել է, որ հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն, իսկ ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը, հայտնի կդառնան ընդունելության քննությունների առարկաները, որը, հիշեցնենք, յուրաքանչյուր դիմորդի համար մեկն է լինելու:

Հավելյալ կներկայացվի «Պատիվ ունեմ» և այլ ծրագրերի հետ կապված պարզաբանում: Նախարարը շեշտել է նաև, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի սովորողը կիսատ գիտելիքով ուսումը չշարունակի. այն հնարավորինս լրացվելու է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021