Ներգնա զբոսաշրջության քիչ հայտնի, բայց ուշագրավ 10 ուղղություն Հայաստանում

Հայաստանում համավարակի պայմաններում մեծ նշանակություն է ստացել ներգնա զբոսաշրջությունը: Մեր ընթերցողին ներկայացնում ենք քիչ հայտնի 10 վայրեր՝ գաստրոբակեր, վրաններ, կոլորիտային միջավայր, քարանձավներ, առողջարար յոգա, դետոքս և այլն:

1. WOW Glamping, Լոռի

WOW Glamping-ը գտնվում է Լոռու մարզում՝ Դսեղ գյուղում:

Վրաններ / © WOW Glamping

Գլեմպինգը հանգստի տեսակ է, էկո֊տուրիզմի նոր ուղղություն, որը ենթադրում է գրեթե հյուրանոցային ու հարմարավետ պայմաններ վրաններում: Հիմնականում գլեմպինգ հյուրանոցներն առաջարկում են բնության հետ կապ ունեցող ակտիվ և պասիվ ժամանցի տեսակներ ՝ ձիավարություն, զբոսանք լճի ափին, ռաֆթինգ, քայլարշավ և այլն։

Վրաններ / © WOW Glamping

WOW Glamping-ի վրաններից ոչ հեռու գտնվում է Դսեղի տեսարժան վայրերիղ մեկը՝ Ծովեր լիճը` իր հրաշագեղ բուսականությամբ:

Ծովեր լիճ / © WOW Glamping

Այստեղ հնարավոր է հանգստանալ՝ առօրյա հոգսերից կտրվելով զբոսնելով, ձուկ որսալով:

2. Bari Farm, Թեղենիք, Կոտայք

Թեղենիքում մի հրաշք անկյուն կա` ազգային կոլորիտով, հյուրընկալ և էկոլոգիապես մաքուր սննդով։ «Բարի ֆարմ»-ը զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ և տուրիզմով։ Գտնվում է Կոտայքի մարզի Թեղենիք համայնքում, զբաղեցնում է 2,5 հա ընդհանուր տարածք և բաղկացած է 3 հողակտորից։

Տեսարան Bari Farm-ից / © Bari Farm

Նախալեռնային գոտու բարենպաստ բնակլիմայական պայմանները, ինչպես նաև ինտենսիվ գյուղատնտեսական տարածքներից և արդյունաբերական շրջաններից մեծ հեռավորության վրա գտնվելու փաստը հիանալի հնարավորություն են ընձեռնում զբաղվել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ։

Օտարերկրյա հյուրեր՝ Bari Farm-ում / © Bari Farm

Ի դեպ՝ Թեղենիքը հայտնի է նաև իր ամրոցներով, եկեղեցով, լճով ու անտառներով:

Թղիթի ամրոց / © Gevorg Petrosyan

Թեղենիքը հարմարավետ վայր է նաև արշավների համար:

3. Հին օջախ Աշտարակում, Արագածոտն

Այս Գաստրոբակում խոստանում են համեղ, անվտանգ սնունդ՝ թթուներ, Քասախի իշխան:

Գաստրոբակ / © Հին օջախ Աշտարակում

Խաղաղ հանգիստներից բացի՝ այստեղ կազմակերպվում են նաև թեժ երեկոներ, ավանդական միջոցառումներ:

Գաստրոբակ / © Հին օջախ Աշտարակում

Գաստրոբակը գտնվում է Աշտարակ քաղաքում:

4. Արդենիս, Շիրակ

Շիրակի մարզի Արդենիս բնակավայրը գտնվում է Արփի խոշորացված համայնքում, մարզկենտրոն Գյումրիից՝ 46 կմ հյուսիս-արեւմուտք, Արփի լճից 10-11 կմ դեպի արեւելք, Ախուրյան գետի ափին:

Արդենիսի հյուրատան սենյակներից մեկը / © Hetq

Արդենիսը գտնվում է «Արփի լիճ ազգային պարկի» տարածքում, որը հարուստ է կենդանական ու բուսական յուրահատուկ տեսակներով: Դրանցից որոշները հազվադեպ են, որոնց դիտարկման, ուսումնասիրության համար այստեղ են ժամանում օտարերկրյա մասնագետներ:

Առջևում՝ Արդենիս Ռայ հյուրատան սեփականատերը՝ Շաքրո Ղազարյանը / © Ardenis Ray

Գյուղում միակ հյուրատունն արտասահմանից այցելուների հիմնական կեցավայրն է: Տնային պայմաններ, տնական ուտեստներ, ընտանեկան միջավայր, տարածքին քաջածանոթ տանտեր. այս ամենը տարվա մեծ մասը ցուրտ ու հով տարածաշրջանում հանգստի լավագույն տարբերակն են, իսկ բանիմաց տանտեր-էքսկուրսավարը կհագեցնի ձեր գիտելիքները:

Արդենիսի լճակ՝ հյուրատան հարևանությամբ / © Vahram Hovhannisyan

Արդենիսում կարելի է հանգստանալ նաև ձմռանը. դահուկ ու ձիասահնակ վարել:

5. Զարնի-Պարնի, Լոռի

Գտնվում է Լոռու մարզում, Հաղպատ գյուղից արևմուտք, Կայան բերդի դիմաց:

Զարնի-Պարնի հանգստավայր / © Zarni-Parni

Համալիրն ունի թանգարան, գինետուն, սրճարան, հուշանվերների սրահ:

Տեսարան՝ հանգստավայրից / © Zarni-Parni

Հանգստավայրը համադրում է բնությունը, ավանդույթը և հայկական բարիքները:

6. Մագելանի քարանձավ. Վայոց Ձոր

Մագելանի (կամ՝ Մագելի) քարանձավը գտնվում է Մ2-Նորավանք ավտոճանապարհի վրա՝ Նորավանքից 7.3 կմ հյուսիս: Քարանձավը պատկանում է կլաստոկարստային քարանձավների տեսակին և այդ տեսակի քարանձավների մեջ իր երկարությամբ՝ 1720 մ, աշխարհում 9-րդն է:

Քարանձավում / © Magellan cave

Այստեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ 12-15 հոգանոց կոլեկտիվների և խմբերի համար: Քարանձավում օդի ջերմաստիճանն ամբողջ տարվա ընթացքում 8 °C է՝ անկախ դրսի ջերմաստիճանից: Էքսկուրսիայի տևողությունը 50-55 րոպե է և ընդգրկում է նաև ցածր առաստաղով (բարձրությունը 0,4-0,5 մ) նեղ անցումներ: Էքսկուրսիայի համար նախատեսված քարանձավի հատվածի երկարությունը 350 մ է:

Քարանձավում / © Magellan cave

Էքսկուրսիայի ժամանակ ներկայացվում է քարանձավի առաջացման և ձևավորման պատմությունը, երկրաբանական կառուցվածքը, անձավագիտական առանձնահատկությունները, մարդկանց կողմից օգտագործվելու պատմության և կենդանական աշխարհի մասին տեղեկություններ:

Քարանձավում / © Magellan cave

Այցելուներին տրամադրվում են սաղավարտ, ճակատի լույս և ուղեկցորդի ծառայություն:

7. Bee&B — Apitherapy center & Guesthouse, Գեղարքունիք

Ապիթերապիայի կենտրոնը գտնվում է Գեղարքուիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղում։ Մեղվաբուժությունը ապիթերապիայի մի տեսակ է՝ քունը փեթակների վրա, որն ընդունված է աշխարհի մի քանի երկրներում: Փեթակը նախատեսված է 2-3 անձի համար։

Մեղրաշխարհ / © Bee&Be

Միգրեն, ռևմատիզմ, բարձր ճնշումունեցող մարդիկ կամ պարզապես մեղուների էներգիայով հոգնածությունը վերականգնել ցանկացողներն անցկացնում են փեթակում մինչև երկու ժամ՝ կարդալով կամ քնելով: Սա օգտակար է և՛ մեծերի, և՛ երեխաների համար։

Մեղրաշխարհ / © Bee&Be

Մեղվաբուժության կենտրոնում բացի մեղրից կան նաև այլ մեղվամթերքներ՝ մոմը, ակնամոմը, ծաղկափոշին, մայրակաթը, մեղվաթույնը, խիտինը: Այս բոլոր մեղվամթերքները վերացնում են ամենատարբեր առողջական խնդիրները, իսկ օրինակ խիտինը այրում է ճարպերը, նիհարեցնում է։

8. Բյուրական, աստղադիտում

Թեև Բյուրականի աստղադիտարանի մասին շատերը գիտեն, սակայն համավարակի պայմաններում աստղադիտում իրականացնելու հնարավորության մասին քչերն են տեղյակ: Յուրաքանչյուր անամպ օր, սկսած 21։00-ից մինչև 00։00-ն այստեղ սկսվում են գիշերային երկնքի դիտումներ՝ գիդ-ուղեկցորդների օգնությամբ։

Բյուրականի աստղադիտարանը և աստղազարդ երկինքը / © Vardan Petrosyan

Աստղադիտարանի և հարակից հատվածի տարածքը գրեթե արհեստականորեն լուսավորված չէ, որի նպատակը առավել պարզ գիշերային երկինք դիտելն է։ Այս շրջանում հնարավոր է տեսնել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը, և իր՝ Գալիլեյան 4 արբանյակները, մեծությամբ երկրորդ մոլորակը՝ Սատուրնը՝ իր շուրջը պտտվող օղակներով, որոշ կրկնակի աստղեր, պայծառ աստղերից՝ Վեգան, Արկտուռը, Անտարեսը և այլն։

Ամռան վերջին-աշնան սկզբին աստղադիտակով տեսանելի կլինի նաև Մարս մոլորակը։ Առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։

Լուսին / © Բյուրականի աստղադիտարան

Ելնելով համաճարակային կանոններից, աստղադիտումները անցկացվում են բացօդյա ձևով, յուրաքանչյուր խմբում ներառելով առավելագույնը 10 հոգի։

9. My Skin, Դիլիջան

Դիլիջանը նույնպես հայտնի է իր զբոսաշրջային գրավչությամբ: Սակայն Յոգա-տուրը դեպի Դիլիջան կարող է ավելի հետաքրքիր ու առողջարար հանգիստ ապահովել:

Յոգա-տուր, Դետոքս սրահ / © My Skin

Այստեղ հնարավոր է մաքրել օրգանիզմը տոքսիններից և շլաքներից՝ գրագետ մշակված դետոքս ծրագրի շնորհիվ, ստանալ օգտակար տեղեկություն առողջ սննդակարգի մասին, սովորել ճիշտ շնչել, ինչպես նաև անձամբ մասնակցել առողջ սննդի պատրաստման վարպետության դասընթացին:

Յոգա / © My Skin

Կազմակերպիչները խոստանում են, որ այցելուները 3-օրյա տուրի արդյունքում կզգան թեթևություն, ներշնչանք և կազատվեն ավելորդ քաշից։

10. «Մեր» հացարան, Արմավիր

Kalashyans Gastro Yard կամ «Մեր» («Մեր հայաթ») հացարանը գտնվում է Արմավիր քաղաքում՝ Ջիվանու 66 հասցեում։ Արմավիրի մարզում ընդհանրապես նմանատիպ հանգստավայրերը հազվադեպ են: Քալաշյանների հիմնադրած «Մեր հայաթն» այդ քչերից մեկն է:

Հացարան՝ Արմավիրում / © Kalashyans Gastro Yard

Հրաշալի վայր է ընտանիքով առողջ, տնական ուտեստներ վայելելու համար։ Այստեղ առաջարկում են նաև հյուրատան ծառայություններ։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021