Ալեսանդրա Պապինի. Ոմանք սկսել են բարկանալ փողոցում գտնվող մարդկանց վրա

Ներկայացնում ենք իտալացի աղջկա մենագրությունը, ով պանդեմիայի պայմաններում է հայրենի Ռապալլո քաղաք վերադարձել: Նա նկարագրում է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում և իր բնակավայրում ստեղծված իրավիճակը:

«Իտալիա եմ ժամանել Իսրայելից: Ինքնաթիռում միայնակ էի: Օդանավակայում նույնպես մարդ չկար: Սրահում միայն իտալացի ստյուարդներն ու ստյուարդուհիներն էին. ծիծաղում էին, որովհետև անելու բան չունեին: Ժամանելիս սահմանապահներն էին կատակում, որ միայն իմ անձնագիրը պետք է ստուգեն: Եվ օդանավակայանի աշխատակիցները, ովքեր հարցնում էին, թե որտեղից եմ վերադառնում, նույնպես կատակում էին: Ծիծաղելի էր. միայն իմ բեռն էր: Որովհետև այս ամենի միայն սկիզբն էր: Նույն օրը, երեկոյան, սկսեցին փակել Լոմբարդիան: Իմ ջերմությունը նույնպես ստուգեցին, երբ ժամանեցի: Մարդիկ դիմակներով էին: Հիմնականում բոլորը լավ տրամադրություն ունեին, որոհետև ոչինչ հայտնի չէր:

Նույն երեկոյան սկսեցին հայտնել, որ հյուսիսային շրջաններից չպետք է ուղևորվել: Ռեստորաններն այնտեղ մինչ այդ էին փակվել: Մինչ այդ վարակվածները մինչև 2 հազարն էին: Մարտի 7-ն էր: Ես եկա Ռապալլո. այստեղ վարակվածներ չկային, ամեն ինչ հանգիստ էր: Հիմա կան: Այդ երեկո ես բարում էի, հաջորդ օրվանից փակեցին: Բայց հենց այդ երեկո տեղի ունեցավ այն, ինչի պատճառով հիմա Իտալիան հալչում է. հենց հայտարարեցին, որ Լոմբարդիան և Վենետոն շրջափակվում են, որտեղ շատ վարակվածներ կային, բազմաթիվ մարդիկ փախան այլ՝ հանգիստ շրջաններ:

Չեմ կարծում, թե իշխանությունները մտադրված են իրավիճակը բարդացրել: Կարծում եմ՝ մտածել են, որ իրենց կլսեն: Սակայն արդյունքում հարավում էլ վարակվածները շատացան. ամբողջ երկիրը փակվեց: Ամսի 11-ից ամբողջ երկրում կարանտին է: Ռապալլոյում հիմա 6-7 վարակված կա: Մեկը մահացել է:

Հարազատներիս վերաբերմունքն այս 2 շաբաթների ընթացքում էականորեն փոխվել է՝ ամեն օր ավելի վատանալով: Սկզբում ասում էին, որ այսինչ տեղը բաց է, բայց պետք է հերթով գնալ՝ մեկական: Հիմա արգելված է նույնիսկ վազել, հեծանիվ վարել: Միայն ուտելիքի ու դեղի: Սկզբում կատակում էին: Իսկ հետո ոմանք սկսեցին բարկանալ փողոցում գտնվողների վրա. ատելություն՝ առանց հասկանալու, որ ոմանք պետք է աշխատեն. նրանց աշխատանքը չեն դադարեցրել: Օրինակ՝ մայրս պետք է գնա աշխատանքի, և նրա հասցեին վատ բաներ են հնչում, քանի որ մտածում են՝ զբոսնում է:

Աշխատողներ կան. սուպերմարկետները, բանկերը, ապահովագրականները, դեղատները, խանութները բաց են: Կան նաև մարդիկ, ովքեր ենթակառուցվածքներն են ապահովում: Տրանսպորտն աշխատում է, թեև՝ դատարկ: Արտադրությունը չեն կանգնեցրել: Եթե այդ ամենն այստեղ՝ Ռապալլոյում, ոչ մի բանի վրա չի ազդում, ապա Լոմբարդիայում շատ խիստ ազդեցություն ունի: Թողել են արտադրությունները, որոնք համապատասխանում են անվտանգության չափանիշներին. մարդիկ կարող են հեռու կանգնել, դիմակով աշխատել և այլն:

***

Այսօրվանից սուպերմարկետների աշխատանքային ժամը կրճատել են: Շատ բաներ փակեցին, օրինակ՝ հագուստի արտադրամասերը, պետական գրասենյակները և այլն, թողեցին միայն կենսականները:

Շատերը վախենում են, որ կարող է վարակված լինեն կորոնավիրուսով: Զանգում են, նկարագրում, որ ջերմություն ունեն, հազում են, պատասխանում են, որ եթե բարդանա, դիմեն: Թեստավորել բոլորին չեն կարող, թեև հիմա սկսել են շատերին թեստավորել: Գրիպից չի տարբերվում, և հուսով ենք՝ եղանակի տաքացմանը զուգահեռ դա էլ կկարգավորվի:

Զոհերը շատ են, որովհետև թեստավորում են միայն նրանց, ովքեր ախտանշաններ ունեն ու հայտնվել են հիվանդանոցում: Ուստի չգիտենք՝ ով է վարակված: Մահացությունն էլ շատ բարձր է: Շատերը վարակված են, բայց ախտանշաններ չունեն, տանն են: Նրանց եթե հաշվեն, մահացության տոկոսը կնվազի: Ինձ թվում է՝ բոլորն են հասկանում, որ անսպասելի էր: Սկզբում դիմակ կրելն էին ծաղրում, հետո սրճարանները փակում են, բայց մարդիկ գնում են սուրճ խմելու: Լրջացավ, երբ արգելեցին ամեն ինչ:

Սկզբում հորդորում էին չհավաքվել: Բարերը փակվում էին երեկոյան 6-ին: Մարդիկ դեռ չէին անհանգստանում. գնում էին սուրճ խմելու: Իսկ բարում պահպանել սահմանված հեռավորություն և այլ կանոններ՝ բարդ է: Բարն աշխատում է, ուրեմն կարելի է գնալ: Այդ պատճառով էլ սկզբում լուրջ չէին վերաբերվում:

Դա հասկանալի է այնքանով, որ ամեն ինչի ականատես չես: Եթե Բերգամոյում լինեիր, որտեղ բոլորը մահանում են, այլ կերպ կվերաբերվեիր: Երբ ամեն ինչ փակվեց այստեղ, մարդիկ սկսեցին հասկանալ, որ իրոք լուրջ է: Ռապալլոյում խուճապ չկա, բայց մարդիկ սկսում են տառապել: Չի կարելի տանից դուրս գալ, ոչինչ չի կարելի անել. անօրինական է, կձերբակալեն:

Գնումների համար կարելի է գնալ սուպերմարկետ՝ լրացնելով ձևաթուղթը, բայց տանն ամենամոտը: Ավելի հեռուն՝ տուգանք՝ 200 եվրո: Կարող ես ոստիկանին ստել, բայց, ենթադրվում է, ստուգելու են:

Առևտրի հորդորում են գնալ 3-4 օրը մեկ, ընդ որում՝ միայնակ: Բայց դա շատ դժվար է՝ ծանր է, կամ ոմանք շատ են գնում միանգամից, և մյուսներին ինչ-որ բան բաժին չի հասնում. հաճախ են ապրանքները սպառվում:

Սկզբում մտածում էինք՝ մինչև ապրիլի 3-ն է ամեն ինչ փակ լինելու. 10 օր ընդամենը, բայց հիմա արդեն պարզ է, որ դա բավարար չէ. երկարացնելու են: Դպրոցների և համալսարանների մասին արդեն հայտարարել են: Ասում են՝ Իտալիայում գործազուրկները 25 միլիոնով կավելանան: Թոշակառուներին չհաշված: Այդ մասին հոդվածներ էլ եմ տեսել:

Ցանկանում եմ, որ ձեզ հետ էլ նույնը տեղի չունենա: Որ նման մահացություն չլինի: Կարող են ամեն ինչ թաքցնել, բայց սկանդալը կսկսվի, երբ մարդիկ սկսեն մահանալ, ինչպես Բերգամոյում, որտեղ դիմեցին բանակի օգնությանը՝ դիերը տեղափոխելու համար: Որովհետև օրական 700 մարդ է մահանում: Դա թաքցնել չի լինի նույնիսկ Ռուսաստանում:

Հ.Գ

Կան տարբեր կանխատեսումներ. ասում են, որ պանդեմիան երկար կտևի, և պետք է հարմարվել: Թվում է՝ ոչ ոք ոչինչ չգիտի, գիտնականներն ուսումնասիրում են խնդիրը: Հնարավոր է՝ ձգձգվի, մինչև պատվաստանյութը ստանան: Գուցե՝ աշխարհն ընդհանրապես փոխվի ու մենք պիտի հարմարվենք, որ պանդեմիաներ կլինեն: Ժամանակ առ ժամանակ կարիք կլինի կամավոր ինքնամեկուսանալ: Աշխարհը փոքր է, այդ պատճառով էլ վիրուսն այդպես տարածվեց: Հոդվածներից մեկում նշվում է, որ կարող է 1-2 տարի տևել սա: Կարելի է միջոցներ ձեռնարկել, սահմանափակել, բայց վիրուսն անմիջապես չի անհետանա: Պարբերաբար կարանտինի անհրաժեշտություն կլինի: Մարդկությունը պետք է հարմարվի: Երկու տարի: Բայց այդ ընթացքում աշխարհը կարող է իսկապես փոխվել:

Վարկած կա, որ վիրուսը ստեղծել են՝ մարդկանց վերահսկելու համար: Ճամփորդելու համար այլ երկրներին ավելի շատ տվյալներ ներկայացնելու անհրաժեշտություն կլինի: Եվ այլն…»

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021