Նախկին մշակույթը շարունակվում է. Ազգային պարկի տնօրեն նշանակվածը մրցույթում 5-րդն էր
Մուրադյանը համարվում էր Շրջակա միջավայրի նախարարի համակրելին ու ԱԺ պատգամավորի հովանավորյալը, և տարօրինակ է, որ հենց նա էլ նշանակվեց «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն:
«Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնի համար հայտարարվել էր մրցույթ: Հայտնի էր, որ մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է 13 թեկնածուներից 7-ը: Սակայն մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Շրջակա միջավայրի նախարարը մտադիր է տնօրեն նշանակել մրցույթի արդյունքներով 5-րդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածուին: Հաղորդվել էր նաև, որ նախընտրելի թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հովանավորությունը վայելող Մուշեղ Մուրադյանն է:
Օրեր առաջ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թեև հերքվեցին և՛ նախարարության, և՛ պատգամավորի կողմից, այնուամենայնիվ հաստատվեցին այնքանով, որ տնօրեն նշանակվեց հենց Մուրադյանը:
Տնօրեն է նշանակվել 5-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն
Դեկտեմբերի 18-ին տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների բանավոր քննությունը (10 հարց, անցողիկ շեմը՝ 70%) թեկնածուներից հաղթահարել են Պետրոսյան Արան՝ 91%, Մարտիրոսյան Միասնիկը՝ 85%, Իգիթյան Արմենը՝ 84%, Գալոյան Հրաչը՝ 83%, Մուրադյան Մուշեղը՝ 81%, Խաչատրյան Հմայակը՝ 76%, Հարությունյան Վարդանը՝ 70,5% միավորներով: Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Մուրադյան Մուշեղն արդեն նշանակվել է Պարկի տնօրեն:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մյուս թեկնածուներն իրենց մասնագիտական ունակություններով ավելի նպատակահարմար պետք է որ լինեին: Օրինակ, Գալոյանն Աշոցքի տարածաշրջանի ԱԱԾ-ի նախկին պետն է, 1 ամիս առաջ է նշանակվել Գյումրու երկաթգծի կայարանի անվտանգության պետ, Խաչատրյանը ՋՕԸ-ի նախկին բաժնի պետերից է:
Հայտնի օդաչու, պահեստազորի փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանը կանգնած է հայկական ավիացիայի կազմավորման ակունքներում, երկար ժամանակ զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ, 17 տարի եղել է ավիավերանորոգման զորամասի հրամանատար: Իսկ Մուրադյանը Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետն է: Առաջին հորիզոնականը զբաղեցրած Պետրոսյանը Պարկի նախկին տնօրենն է, Իգիթյանը՝ Պարկի գիտության բաժնի պետը:
Նախկին տնօրենը 2014-2017թթ. է ղեկավարել, որի ընթացքում ՊՈԱԿ-ում խնդիրները չեն նվազել. նրա նկատմամբ նաև չարաշահումների վերաբերյալ դատական գործ կա: Մեծ տարածք, մեծ անձնակազմ ու անվտանգության հետ գործ ունեցող ոլորտ ղեկավարելու փորձառությամբ չի փայլում նաև Վարդան Հարությունյանը. Ամասիայի անասնաբույժն է:
Ինչո՞ւ՝ Մուրադյանը
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը հայտնել է, որ նախարարության կողմից ցանկացած թափուր տեղի համար հայտարարված մրցույթն անց է կացվում օրենքի սահմաններում: Դեռևս 2009թ. ապրիլի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կայացված որոշման համաձայն, որով ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և հաստատվել նրա կանոնադրությունը, ՊՈԱԿ-ի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը (տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարը):
Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուներից մեկին, ըստ նպատակահարմարության, նախարարը տնօրեն է նշանակում: Բարձրացված հարցը պայմանավորված է նրանով, որ նախարար Էրիկ Գրիգորյանը նպատակահարմար է գտել 5-րդ հորիզոնականն զբաղեցրած թեկնածուին: Գերատեսչությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն ավելի վաղ մամուլի քարտուղարը շեշտել էր տնօրեն նշանակելու հարցում օրենսդրական խնդրի բացակայության մասին:
Այդպիսի խնդիր, ըստ երևույթին, կա այնքանով, որ նախարարը պետք է հաշվի առներ ոչ թե իր կամ, գուցե, «հովանավորի» նպատակահարմարությունը, այլ մրցույթի արդյունքներով պայմանավորված՝ թեկնածուի՝ տվյալ կառույցը ղեկավարել կարողանալու հանգամանքը: Եթե համեմատելու լինենք, կարող ենք փաստել, որ նախկին տնօրենի դեպքում արդյունքը տեսել ենք, ուստի կարիք չկա վերադառնալ անհաջող կարիերան շարունակելուն:
Ներքին աուդիտի բաժինն, ինչպես գիտենք, շատ հեռու է սարերում, Ազգային պարկի տարածքում վերահսկողություն իրականացնելու և մեծ անձնակազմ ղեկավարելու ունակությունից: Ովքեր ծանոթ են տեղանքին, կհասկանան, որ այստեղ կան բազմաթիվ խնդիրներ որսագողության, պետական սահմաններին մոտ գտնվելու և դրանով պայմանավորված՝ բազմաթիվ վտանգների հետ: Ուստի, ենթադրվում է, նպատակահարմար պետք է լիներ մաքուր անցյալ ունեցող ու անընդմեջ արդյունքներ գրանցած թեկնածուի ընտրությունը:
Պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ում անվան հետ կապվում է Մուրադյանի նշանակումը, նշել է, որ Մուշեղ Մուրադյանը, ղեկավարելով մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը, Սարուխանյանի՝ մարզպետ լինելու ընթացքում մեծ արդյունավետությամբ է աշխատել՝ բացահայտելով բազմաթիվ չարաշահումներ ու գողացված գումարը պետական բյուջե վերադարձնելով։
Հռետորական հարց տանք՝ գուցե մարզպետարանը նրա կարիքն ունի՞, շարունակի՞ բացահայտումները, այդ թվում և՝ Ազգային պարկի նախկին ղեկավարների և ընդհանրապես՝ մարզի նախկին ու ներկա պաշտոնյաների գործունեությունում:
Պատգամավորը հերքում էր, բայց հաստատվեց
Կարեն Սարուխանյանը, հերքելով իր անվան շուրջ պտտվող տեղեկությունները, նշել է, որ ճանաչում է Մուշեղ Մուրադյանին, նրա հետ աշխատել է մարզպետարանում: Նախկին մարզպետի խոսքով՝ բոլոր բաժինների ու վարչությունների պետերին ու ամբողջ անձնակազմին է ճանաչում:
Պատգամավորը նույնպես ընդգծել է նախարարի իրավասությունը՝ տնօրեն նշանակելու հարցում: Նրա խոսքով՝ իր անվան հետ կապելը նպատակ ունի հարված հասցնել քաղաքական թիմին կամ իշխանությանը: Կարեն Սարուխանյանի համոզմամբ՝ որոշ ուժեր մտահոգություն ունեն, որ հանկարծ իրենց ոչ նախընտրելի թեկնածու կնշանակվի ու կբացահայտվեն բազմաթիվ չարաշահումներ:
Կրկին հարցնենք՝ այսինքն, ինքը նույնպե՞ս նպատակահարմար է գտնում Մուրադյանի՝ «չարաշահումներ բացահայտելու» միակ ունակ մարդու նշանակումը: Իսկ գուցե նա ներքին աուդիտի բաժնո՞ւմ շարունակեր բացահայտումները, իսկ տնօրենը զարգացներ, կարգի բերեր Պարկը: Այդուհանդերձ, պատգամավորի անվան շուրջ առաջացած խոսակցություններից հետո հայտնի դարձավ, որ իսկապես Մուրադյանն է տնօրեն նշանակվել: Եթե կեսը ճիշտ էր, կարող էր մյուս կեսն էլ ճիշտ լինել, այնպես չէ՞:
Ազգային ժողովի պատգամավորն իր անվան շուրջ ընթացող խոսակցությունները կապում է նախկինում իշխանության եղած կամ դրանց աջակից կուսակցությունների հետ: Սարուխանյանի խոսքով՝ հիմնական պատճառը վերջին շրջանում տեղի ունեցած բացահայտումներն ու ձերբակալություններն են՝ կապված Պարկի տարածքում չարաշահումների հետ:
Այստե՞ղ ինչ նկատի ունի: Որ Մուրադյանին դեմ ե՞ն: Իսկ ի՞նչ իմացավ, որ դեմ են: Ենթադրվում է, որ ամբողջ ընթացքին հետևում է՝ մրցույթից մինչև նշանակում: Հատկապես երբ նրա խոսքով՝ միայն Մուրադյանի թեկնածությանն են նախկինները դեմ: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ «հովանավորչություն»:
Այո, ներկայումս հանդիպում են դեպքեր, երբ արդարանալու համար նախկինների վրա են մեղքը գցում: Անշուշտ, նախկիններն անմեղ չեն: Բայց պետք է արձանագրենք, որ կարիք չկա նմանատիպ հարցադրումներում ինչ-որ հետք որոնելու: Հուսով ենք՝ այս հրապարակումից հետո մեզ չեն մեղադրի դրանում, ինչպես չպետք է «սև» համարել այն լրատվամիջոցներին, որոնք խոսքի ազատության սահմաններում անդրադառնում են ինչ-որ երևույթի կամ անձի: Մեր ընթերցողներն այդ լավ գիտեն՝ հաշվի առնելով նախորդ հրապարակումները:
Մուրադյանը Պարկի տարածքում հողեր ունի
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «նախընտրելի» թեկնածուի հայրը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գտնվող Զորակերտ գյուղում ֆերմերային մեծ տնտեսություն ունի, իսկ Ղազանչի գյուղի մոտ 200-300 հեկտար վարձակալությամբ տրված տարածք:
Կարեն Սարուխանյանը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այդ խոսակցություններն ընթացել են դեռ իր՝ մարզպետ եղած ժամանակ: Նրա խոսքով՝ Ազգային պարկի տարածքում Մուրադյանը հողեր ստացել է Պարկի հիմնումից առաջ՝ մոտ 17-18 տարի առաջ: Ներկայումս դրանք տրված են ենթավարձակալության:
Նախարարության մեղքը
Հետաքրքիր է՝ նախարարը տնօրեն նշանակելիս հաշվի առե՞լ է «հողեր ունենալու» հանգամանքը: Կամ հաշվի առնվե՞լ են ընդհանրապես մյուս թեկնածուների տվյալները, մրցույթի արդյունքները:
Հարցերն առաջացել են, քանի որ նախարարության կայքում պաշտոնական հայտարարություններ չկան մրցույթի արդյունքների, հավակնորդների մասին մանրամասն տվյալների, տնօրենի նշանակման հիմնավոր նպատակահարմարության վերաբերյալ:
Միայն հիշեցնենք, որ դեռևս կազմավորման վերաբերյալ Կառավարության որոշմամբ նախարարին հանձնարարվում է «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի զբաղեցման համար մրցույթի անցկացումը և դրա արդյունքների հիման վրա տնօրենի նշանակումը»: Արդյունքների հիման վրա…
Մեկնաբանությունները