Ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգ. (upd.)

Ինչի՞ մասին է բանաձևը. ներկայացնում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի անգլերեն բնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու մասին հարցը։ Կոնգրեսականներից 223-ը կողմ է քվեարկել հարցին, 191-ը՝ դեմ։ Հաղորդվում է, որ ընթացակարգի համաձայն՝ բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։

«Արմենպրեսը» հրապարակել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի կողմից բանաձևի՝ անգլերեն բնագրից արված ոչ պաշտոնական թարգմանությունը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

Բանաձևը (ոչ պաշտոնական)

«Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում ասված է.

«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915 — 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,

Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել և առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված …ձեր գործողություններին»,

Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով և որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,

Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,

Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,

Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով,Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաև հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»: (Ավարտ)

Քիմ Քարդաշյանի կոչը

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այդ կապակցությամբ կոչերով են հանդես եկել շատ հայտնիներ, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը:

Հայազգի հեռուստաաստղը Երևան կատարած այցելության ժամանակ նշել էր, որ իր պարտքն է՝ ԱՄՆ բարձրագույն մարմիններում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Ներկայացուցիչների պալատի կողմից օրակարգում ընդգրկված բանաձևի վերջնական ընդունումը, հաղորդվում է, կայանալու է ավելի ուշ: Shesht.am-ը կլրացնի հրապարակումը՝ քվեարկության վերջնական արդյունքներն ստանալուց հետո:

UPD 1. ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ և 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: Հաղորդվում է, որ այն դեռևս իրավաբանական՝ այսինքն պարտադիր կիրառման օրենքի ուժ չունի: Հաջորդիվ բանաձևը պետք է վավերացվի Սենատի կողմից, իսկ վերջնական փուլը վերապահված է ԱՄՆ նախագահին, որի վավերացումից հետո միայն բանաձևն օրենքի ուժ կստանա:

UPD 2. Աշխարհի հայերը Միացյալ Նահանգներին և բանաձևի հեղինակներին շնորհակալություն են հայտնել այն ներկայացնելու և ընդունելու համար:

UPD 3. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Դևիդ Սեթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Հաղորդվում է, որ ԱՄՆ դեսպանին թուրքական իշխանություններն իրենց դժգոհությունն են հայտնել ընդունված բանաձևի կապակցությամբ: Անկարան Վաշինգտոնին սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ, նշել, որ բանաձևի ընդունումը վնասում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը:

UPD 4. Բանաձևը, ճանաչումից բացի, կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ, կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը: Դեմոկրատ կոնգրեսական Սթենի Հոյերը նշել է, որ Թուրքիան չի հետևել Գերմանիայի օրինակին և չի ճանաչել Ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ բանաձևը հակաթուրքական չէ: Այն պատմական իրադարձության մասին է, որի չճանաչման դեպքում նման ոճիրները կարող են կրկնվել:

Կոնգրեսականները բանաձևի ընդունումը կապել են Սիրիայում թուրքական զինուժի ռազմագործողությունների հետ՝ նշելով, որ անթույլատրելի է նմանատիպ հանցագործությունների շարունակությունը քրդերի նկատմամբ:

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով քվեարկության ժամանակ ներկա է եղել Ներկայացուցիչների պալատում, նշել է, որ բանաձևը նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Ավելի վաղ անդրադարձել էինք ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հարցին: Հիշեցնենք, որ ճանաչումը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից ընդունման, սակայն հողերի վերադարձի և փոխհատուցման հարցերը կարող են վճռվել միջազգային դատարաններով: Այս փուլի համար ճանաչումն ունի հիմնականում ազդարարման նշանակություն, իսկ հաջորդիվ քայլերը կբխեն միջազգային հետագա հարաբերություններից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021