Փաշինյանը և Ալիևը պանելային համատեղ քննարկման են մասնակցել. ներկայացնում ենք զրույցը — Շեշտ.am (shesht.am)
24 րոպե
Խմբագրություն

Փաշինյանը և Ալիևը պանելային համատեղ քննարկման են մասնակցել. ներկայացնում ենք զրույցը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պանելային քննարկում / ©iravaban.net

Ներկայացնում ենք քննարկման հիմնական շեշտադրումները՝ որոշակի ոչ բովանդակային ընդհանրացումներով.

Նախաբան. Ալիև

Առաջինը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսքը սկսելով «Լեռնային Ղարաբաղն ադրբեջանի անբաժանելի մաս է» նախադասությամբ: Ըստ նրա՝ դա ամրագրված է թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքով, և բոլոր պետությունները ճանաչում են դա:

Ալիևը Ղարաբաղի «ադրբեջանական» պատմությունն սկսել է 1805թ. Կուրակի պայմանագրից (ի դեպ՝ Կուրակը Կուր գետի վտակն է, իսկ «ակ»-ը՝ հայերեն աղբյուր, սկիզբ բառն է. խմբ.): Ըստ նրա՝ «այդ պայմանագրով ադրբեջանական Ղարաբաղի խանությունն անցել է Ռուսական կայսրության կազմը»: Ալիևն անդրադարձել է նաև 1813, 1828 թվականների՝ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերին, 1918թ. անկախացած Ադրբեջանի իշխանության՝ «Երևանը Հայաստանի կազմում թողնելու մասին(Նիկոլ Փաշինյանն այս հատվածում չի կարողանում զսպել քմծիծաղը) որոշմանը, 1921թ. Խորհրդային Ադրբեջանի կազմում մնալու որոշմանը, ինչպես նաև Ադրբեջանի ԽՍՀ կողմից ընդունված 1923թ. որոշմանը, որով ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ Ադրբեջանի կազմում:

Այնուհետև Ալիևը խոսել է 1980-ականների վերջերի մասին, երբ «հայերն ագրեսիա են սկսել` Հայաստանի տարածքից տեղահանելով 300 հազար ադրբեջանցիների»: Հետո, նրա խոսքով, «հայերն ագրեսիա սկսեցին Ղարաբաղում` օկուպացնելով Ադրբեջանի տարածքի 20%-ը, 1 մլն ադրբեջանցի դարձավ փախստական և ներքին տեղահանված»: Ալիևը 1992թ. Խոջալուի դեպքերը կրկին անվանել է ցեղասպանություն հայերի կողմից:

Անցնելով իրավական մասին՝ Իլհամ Ալիևն ինչպես միշտ նշել է ՄԱԿ-ի բանաձևը, որով հայկական զինված ուժերը պետք է դուրս գան հակամարտության գոտուց, ինչը «չի կատարվել»:

Նախաբան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսել է՝ հակադարձելով Ալիևի պատմական անդրադարձին և հիշեցնելով, որ երբ Հայաստանի արքա Տիգրան 2-րդ Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ ոչ Հարավային Կովկասում, ոչ էլ ամբողջ աշխարհում չկար «Ադրբեջան» պետություն: Փաշինյանն ընդգծել է, որ եթե կարիք կա պատմության մեջ խորանալու, ապա կարող է ավելի հետ գնալ, օրինակ՝ մ.թ.ա. 400թ., սակայն անհրաժեշտություն չի տեսնում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կովկասյան բյուրոյի իրավացի որոշմամբ Ղարաբաղը ոչ թե Ադրբեջանի կազմն է անցել, այլ «մնացել է Հայաստանի կազմում»: Վարչապետը հիշեցրել է, որ միայն Ստալին-Լենին-Աթաթուրք պայմանավորվածությամբ է Մոսկվայում որոշվել Ղարաբաղը հանձնել խորհրդայնացած Ադրբեջանին:

«Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում». նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Ղարաբաղը միայն խորհրդային կազմավորման գործընթացում է դրվել, մտցվել Ադրբեջանի տարածքի մեջ: Փաշինյանը նշել է, որ երբ խոսվում է «տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է ընդգծել, թե կոնկրետ որ պետության տարածքի մասին է խոսքը»: Եվ հարցրել է. «Տարածքային ամբողջականությունը հարգող Ադրբեջանն ինչպե՞ս է անկախացել ԽՍՀՄ-ից»: Վարչապետն ընդգծել է, որ նույն սկզբունքով էլ Լեռնային Ղարաբաղն է անկախացել ԽՍՀՄ-ից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Խորհրդային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում էր, իսկ այժմ Խորհրդային Ադրբեջանը, ինչպես և ԽՍՀՄ-ը, գոյություն չունի:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենումԼեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում։ Մասնակցում ենք ես եւ Ադրբեջանի նախագահը։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 15 февраля 2020 г.

Անդրադառնալով Խոջալուի դեպքերին՝ Փաշինյանը հիշեցրել է 90-ականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունը (ռուսական «Արգումենտի ի ֆրակտի»-ում), ըստ որի՝ «Խոջալուի սադրանքը կազմակերպվել է ադրբեջանական ընդդիմության կողմից՝ իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով», ինչը և տեղի է ունեցել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը. Փաշինյանը նշել է, որ այդ փաստաթղթի իմաստն առանց պայմանների անհապաղ հրադադար հաստատելն էր: ՀՀ վարչապետը հիշեցրել է ՄԱԿ ԱԽ թիվ 884 բանաձևը, ըստ որի՝ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով կորցրել է տարածքներ, և նշել, որ հենց Ադրբեջանն է խախտել այդ բանաձևերը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ անընդունելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անընդհատ նույն բանը կրկնեն: Նրա խոսքով՝ արդեն 25-30 տարի նույնը լսելով՝ գուցե միջազգային հանրությունը հոգնել է, ուստի անհրաժեշտ են նոր գաղափարներ:

Փաշինյանը նշել է, որ ոչ բռնի, Թավշյա հեղափոխության արդյունքում դառնալով վարչապետ՝ հասկացել է, որ 30 տարվա խնդիրը հնարավոր չէ լուծել մեկ կամ երկու քայլով, այլ անհրաժեշտ են հեղափոխություններ: ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը սկսել է միկրո հեղափոխություններից, որոնց նշանակության մասին խոստացել է պատմել հաջորդ անգամ:

Հարց. Ի՞նչ կցանկանայիք, որ միջազգային հանրությունն աներ` արդար լուծում գտնելու համար:

Փաշինյանի պատասխանը — Միջազգային հանրությունը պետք է հստակ շեշտի, որ այս հարցը ռազմական լուծում չունի, իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ ունի, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է նշել, որ այդ դեպքում հարցն արդեն լուծված է: Բայց կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական խաղաղություն: Ես Ղարաբաղը չեմ ներկայացնում, բայց Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են հասնելու հարատև խաղաղության: Ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի ու գլոբալ անվտանգության համար: Ուստի Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում, որ միասին սա դիտարկենք ոչ միայն որպես ազգային խնդիր, այլ՝ գլոբալ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են գլոբալ խաղաղության:

Ալիևի պատասխանը — Նախորդ թեմայի վերաբերյալ՝ ինչ ասացի, 100% ճշմարտություն է, գտեք համացանցում և կարդացեք, կտեսնեք: Այազ Մութալիբովն ապրում է Բաքվում և բազմիցս նշել է, որ Խոջալուի վերաբերյալ նման բան չի ասել: Դա պարզապես հայ լրագրողների կեղծ լուր է՝ արված Պուտինյան Ռուսաստանում: Խոջալուի ցեղասպանությունը տեղացի հայերն են գործել: Միջազգային հանրությունը պետք է Հայաստանին հիշեցնի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, անկախ պետություն չէ:

Միջազգային մեծ ճնշում պետք է լինի Հայաստանի վրա, որ կատարի ՄԱԿ ԱԽ բանաձևերը և զորքերը դուրս բերի ոչ միայն ԼՂ-ից, այլև 7 շրջաններից, որտեղ հայերը երբևէ չեն ապրել: Հայերն ադրբեջանցիներին էթնիկ զտման են ենթարկել, ավերել են գերեզմանները, հուշարձանները, փոխել քաղաքների անունները և ցանկանում են, որ մենք սրա հետ հաշվի նստենք: Ուստի միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի, որ հայերն այդ ամենը դադարեցնեն: Խոսելով խաղաղության մասին՝ ի՞նչ կորելացիա ունի դա շփման գծի հետ, որտեղ այսօր ադրբեջանցի զինվոր սպանվեց հայ դիպուկահարի կողմից:

Փաշինյանի մեկնաբանությունը — ՄԱԿ ԱԽ բանաձևում խոսք չկա հայկական զորքերի մասին, նշված է հայկական ուժեր. ԼՂ ինքնապաշտպանական ուժերը պաշտպանում են իրենց տարածքը: Ինչ վերաբերում է տուժածներին՝ դա ողբերգություն է, հազարավոր մարդիկ զոհվել են այդ հակամարտության հետևանքով: Ես անձամբ եմ կարդացել Մութալիբովի հարցազրույցը «ԱՖ» թերթում, համացանցում էլ այն կա: Իրավական հարցերի մասին կա «Լեռնային Ղարաբաղի իրավական հարցերը» գիրքը: Ինչ վերաբերում է քաղաքաների անվանափոխությանն ու էթնիկ զտումներին՝ ԼՂ Շահումյանի շրջանն օկուպացված է Ադրբեջանի կողմից, անվանափոխված է և այնտեղի հայերը բնաջնջված ու տեղահանված են:

Ալիևի մեկնաբանությունը — Մութալիբովը նշել է, որ ինքը Խոջալուի վերաբերյալ նման բան չի ասել, ինչ որ գրված է թերթում: 1921թ. հուլիսի 19-ին որոշվել է ԼՂ-ը թողնել Ադրբեջանի կազմում, թողնել, և ոչ թե՝ հանձնել: Բացի այդ, եթե վարչապետը չի սիրում Ստալինին, ինչո՞ւ է սիրում Շահումյանին, ով նույնպես բոլշևիկ էր և ում անունով էլ ներկայիս ԼՂ-ի մայրաքաղաքի անունն է՝ Ստեփանակերտ: Ինչո՞ւ ավելի հին պատմական անունով քաղաք չկա, որովհետև հայերն այդտեղ պատմություն չունեն: Այս հարցը կարևոր է՝ հակամարտությունը լուծելու համար:

Հարց. Ինչո՞ւ վեճը չեք ներկայացնում Միջազգային արդարադատության դատարան

Ալիևի պատասխանը — Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին, ուստի մենք հույսը չենք կորցրել, որ բանակցելով կարող ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը: Եթե հայկական կողմի նոր մոտեցման պատճառով բանակցությունները տապալվեն, այդ տարբերակը կարելի է դիտարկել:

Փաշինյանի պատասխանը — Մենք նույնպես հավատարիմ ենք խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Պատրաստ ենք ջանք ներդնել՝ հակամարտության իրական լուծման համար: Բայց ոչ ոք ինձ չհարցրեք մինի հեղափոխությունների մասին, որոնք ես արել եմ բանակցային գործընթացում:

2018թ. սեպտեմբերին ես հայտարարեցի, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա միկրոհեղափոխություն է, քանի որ ես առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին: Բացի այդ, ես հայ և ադրբեջանցի հասարակություններին կոչ արեցի սոցցանցերը չօգտագործել միմյանց վիրավորելու համար, այլ նոր տեխնոլոգիաները կիրառել՝ փորձելու իրար ավելի լավ հասկանալու համար:

Ես խոսել եմ ադրբեջանցի ժողովրդի հետ և դեմ չեմ լինի, եթե Ալիևը խոսի հայերի հետ: Բայց նա հրաժարվում է խոսել Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների հետ, ինչը տարօրինակ պահվածք է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել հակամարտությունը, առանց խոսելու Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է ճանաչվել ԵԱՀԿ-ի կողմից, երկու անգամ՝ 1992թ. մարտի 24-ին և 1994թ. Բուդապեշտում:

Հարց Ալիևին. Ինչպե՞ս եք վերաբերվում միկրոհեղափոխություններին

Ալիևի պատասխանը — Հայաստանի նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ այս թեմայով խոսել ենք: Նրանք ինչ-որ վճռորոշ պահի պատճառ են գտել՝ չշարունակելու համար: Նրանք փորձել են ստատուս քվոն պահել:

Ես պատասխանել եմ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ իրենց տները, դա նրանց հիմնարար իրավունքն է: Հայկական ագրեսիայից տուժածները զրկված են այդ իրավունքից արդեն 30 տարի: Ինքնապաշտպանական ուժերի 80%-ը Հայաստանի զինված ուժերն են, և դա մենք լավ գիտենք: Չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, չկա ԼՂ բանակ, հակամարտությունը երկու կողմ ունի՝ Հայաստան և Ադրբեջան: Հարցրեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

Մենք պատրաստ ենք խոսել ԼՂ-ի հետ, եթե Հայաստանը, ագրեսորը չֆինանսավորի այդ ապօրին կառույցին, հետ քաշի զորքերը և դուրս գա մեր տարածքներից: Միայն դրանից հետո կխոսենք: Տեղի ունեցան լրագրողների փոխայցելություններ. մենք փորձում ենք գտնել լուծումներ՝ հայերին համոզելու՝ ընդունեն, որ կարող են ապրել մեր հարևանությամբ:

Հարցը. Հնարավո՞ր է հիմա միջանկյալ լուծում գտնել՝ կարգավիճակի հարցը թողնելով հետո

Ալիևի պատասխանը — Կարծում եմ՝ հնարավոր է: Հակամարտությունը պետք է փուլ առ փուլ լուծվի: Ռուսաստանն առաջարկել է ԼՂ-ից դուրս գտնվող շրջանները վերադարձնել, տեղահանված բնակչությունը վերադառնա, այդ ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նոռմալացում, իսկ կարգավիճակը քննարկվի հետագայում, երբ երկու կողմն էլ պատրաստ լինեն: Առանց տարածքներն ազատագրելու հնարավոր չի լինի հստակեցնել կարգավիճակը:

Մենք գտնում ենք, որ կարգավիճակը չպետք է խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, Ադրբեջանը բազմակրոն, բազմազգ պետություն է, հայերը կօգտվեն ազգային փոքրամասնությունների բոլոր իրավունքներից և արտոնություններից:

Փաշինյանի դիտարկումը — Մենք Դուշանբեում համատեղ միկրոհեղափոխություն ենք արել՝ նվազեցնելով լարվածությունը շփման գծում և ստեղծելով օպերատիվ ուղիղ կապ:

Տարածքները. Ադրբեջանի տեսակետով դրանք տարածքներ են, իսկ ԼՂ-ի համար դա անվտանգություն է: Պետք է հասկանալ, թե ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն: Որովհետև երբ ԼՂ-ը որոշեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին ԼՂ-ի հայերի դեմ: Եվ հայերը ստիպված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել: Ալիևը խոսեց Ստեփանակերտի մասին. տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր, խաղաղ բնակիչները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, և դա է ճշմարտությունը:

Հնարավոր չէ, որ ինչ-որ մեկն իր անվտանգությունը զիջի: Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է: Ալիևը խոսեց զինված ուժերի մասին: Իմ որդին ծառայում է ԼՂ-ում: Բայց նա գնաց այնտեղ որպես կամավոր, գնաց՝ պաշտպանելու իր հայրենակիցներին, քանի որ գիտի պատմությունը, գիտի, թե ինչ է եղել 1988-ից սկսած: Ես ասացի Շահումյանի մասին, որտեղ բնակչությունը 100% հայկական էր, բայց հիմա գեթ մեկ հայ չկա այնտեղ: Մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ մեծ թվով հայեր կային, և այն նույնպես Ադրբեջանի կազմում ինքնավար էր, սակայն մեկ հայ այնտեղ չկա:

Ալիևն ասում է՝ ԼՂ-ը հակամարտության և բանակցությունների կողմ չէ: Բայց Ադրբեջանը 2 անգամ համաձայնագիր է ստորագրել ԼՂ-ի հետ: Առաջինը` 1994թ.՝ հրադադարը՝ Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի միջև: Պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը: Դրանից 3 ամիս անձ համաձայնագիրը հաստատել են և պայմանավորվել պահպանել հրադադարը, մինչև հարցի վերջնական լուծումը:

Եզրափակիչ

Ալիևի եզրափակիչ խոսքը — Կառուցողական հայտարարություն անեմ. ես չեմ խոսում այն մասին, որ Երևանի բնակչության մեծ մասը 19-րդ դարում ադրբեջանցիներ էին: Ինքնորոշմանն անդրադառնալով՝ նշեմ, որ հայերն արդեն ինքնորոշվել են՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետությունը, գնացեք և ձեզ համար երկրորդ անգամ ինքնորոշվելու այլ երկիր փնտրեք, բայց ոչ Ադրբեջանի տարածքը:

Փաշինյանի եզրափակիչ խոսքը — Այնքան էլ կառուցողական չէր Ալիևի ասածը, բայց ես կհիշեցնեմ, որ դեռևս Տիգրան Մեծի օրոք տարածաշրջանում երկու ազգ կար՝ հայերն ու վրացիները: Եվ ոչ միայն Տիգրան Մեծի, այլև՝ Արշակունիների, Բագրատունիների օրոք: Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում: Ես շատ ուրախ եմ այս քննարկման համար և վերահաստատում եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել այս հակամարտությունը լուծելու համար:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.