«Փոթորիկ Կովկասում». հետազոտություն, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել Արցախում

Փորձագետները գնահատել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի գործողություններն Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ` նշելով նաև հայկական կողմի պարտության հիմնական պատճառների մասին:

Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը» (ՌՏՎԿ) «Փոթորիկ Կովկասում» վերտառությամբ հետազոտություն է իրականացրել` անդրադառնալով 2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի նախապատմությանը, միջազգային լայն համատեքստին և անմիջականորեն ռազմական բաղադրիչին:

Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանն արագորեն կարողացել է օդային գերակայություն ստանալ և ակտիվորեն կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` թուրքական Բայրաքթարները: Փորձագետներն առանձին ուշադրություն են դարձրել հատկապես հայկական հակաօդային պաշտպանության համակարգերի խնդիրներին:

Օտար «Բուկեր» Երևանի զորահանդեսին

ՌՏՎԿ-ի հետազոտությունում նշվում է, որ հակամարտության ընթացքում Հայաստանի ՀՕՊ համակարգերի ճնշող մեծամասնությունը բավարար չափով արդիական չի եղել:

Նշվում է, որ 90-ականներից հետո ստեղծված համակարգերից միայն «Վերբա», «Բուկ-Մ1-2» և «Տոռ-Մ2ԿՄ» զինատեսակներն է Հայաստանն ունեցել: Համարվում է, որ 2020թ. արդեն նույնիսկ «Բուկ-Մ1-2»-ը արդիական չի հանդիսացել, քանի որ սպառազինություն է ընդունվել 1998թ., որպես միջանկյալ համակարգ «Բուկերի» դասի մոդեռնիզացիայի շարքում: Իր հնարավորություններով այն էականորեն զիջում է 2008թ.-ի «Բուկ-Մ2»-ին և 2016թ.-ի «Բուկ-Մ3»-ին, որոնք առավել արդիական ռադարներ ու կատարելագործված հրթիռներ ունեն:

Հետազոտողները, ինչն ուշագրավ է, կասկածի տակ են դնում Հայաստանի կողմից այդ համակարգերի ձեռքբերման ժամկետները: Այսպես, փաստը, թե Հայաստանը «Բուկ-Մ1-2» համակարգ ուներ 2020թ. պատերազմի ժամանակ, 2017թ. Երևանում անցկացված զորահանդեսին դրանց ցուցադրությունն է:

Սակայն նշվում է, որ իրականությունը կարող է փոքր-ինչ այլ լինել. փորձագետները տեղեկություն ունեն, որ մինչև պատերազմը Հայաստանը փաստացի այդպիսի համակարգեր չի ունեցել, իսկ զորահանդեսին ցուցադրվել են Գյումրիի ռուսական ռազմաբազային տեխնիկաներ` ներկված ՀՀ զինված ուժերին բնորոշ գույներով:

Հաղորդվում է, որ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը «Բուկեր» է առաջարկել Հայաստանին, սակայն դրանք վերանորոգման կարիք են ունեցել և հնարավոր չի եղել անմիջապես կիրառել:

Այս վարկածը հաստատել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը` նշելով, որ պատերազմի առաջին օրը հայկական կողմի ունեցած 6 միավոր «Բուկ-Մ1-2» համակարգերից միայն մեկն է պիտանի եղել, իսկ մյուսների վերանորոգման համար Ռուսաստանից մասնագետների են սպասել: Արդյունքում` այս ՀՕՊ համակարգերը չեն ծառայել Արցախի պաշտպանության գործին:

«Վերբա» չեն գնել, իսկ «Տոռը» քիչ էր

2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նշվում է, Հայաստանը Ռուսաստանից մեծ քանակությամբ «Վերբա» և «Իգլա» է պատվիրել, սակայն 2020թ. պատերազմի մեկնարկի ժամանակ «Վերբան» դեռ մատակարարված չի եղել:

Հետազոտողների խոսքով` Հայաստանի ունեցած ՀՕՊ համակարգերից միայն «Տոռ-«Մ2ԿՄ»-ն է արդյունավետ պայքարել հակառակորդի անօդաչուների դեմ:

Հայաստանն ունեցել է 6 միավոր «Տոռ», որոնք պատերազմի ժամանակ տեղակայվել են Արցախում: Դրանք նախապես պետք է ծածկեին 280 կմ-անոց ճակատը, սակայն առաջնագծի ընդլայնումից և հոկտեմբերի վերջերին «Օհանյանի առաջնագծի ճեղքումից հետո» 470 կմ-ի վերածված ճակատն այդ 6 միավորն ապահովել չէին կարող, քանի որ դրանց առավելագույն հեռահարությունն ընդամենը 15 կմ է:

Արցախի «եղբայրական կրակոցը»

Տեղի իրենց աղբյուրին վկայակոչելով` հետազոտողները նշում են, որ պատերազմի ժամանակ հայկական ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի միջև փոխգործակցությունը ցածր մակարդակի վրա է եղել:

Հաղորդվում է, որ յուրայինների կողմից խոցվել է մինչև 5 թռչող սարք` 4 միավոր Սու-25, 1 միավոր Մի-8 ուղղաթիռ: Նշվում է, որ Սու-երից երկուսը հայկական կողմի Ս-125-երով խոցվել են Վարդենիսի տարածքում` առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս: 5 միավոր ռազմաօդային տեխնիկան, ինչպես ընդգծվում է, Հայաստանի ԶՈՒ-ի համար մեծ կորուստ էր:

Հայկական կողմի ունեցած ամենահզոր ինքնաթիռները Սու-30ՍՄ կործանիչներն են: Սակայն 2019թ. դեկտեմբերից ձեռք է բերվել միայն 4 միավոր Սու-30: Մինչդեռ դեռևս 2012թ.-ից է Երևանը Մոսկվայի հետ բանակցել 12 միավոր կործանիչ ձեռք բերելու նպատակով:

Գործարքի խոչընդոտ է համարվել այն, որ հայկական կողմը չի կարողացել վճարել դրանց համար: Հարցը կրկին բարձրացվել է 2018թ.: 4 միավոր ձեռք բերելուց հետո նախատեսվել է ևս 4-ի գնում, սակայն գործարքի մասնակից Դավիթ Տոնոյանը նոյեմբերին հրաժարական է ներկայացրել:

Կասկածի տակ է դրվում նաև ՀՀ ՌՕՈՒ թռիչքային անձնակազմի պատրաստվածության մակարդակը: Նշվում է, որ օդաչուներն ունեցել են փորձի պակաս կամ չեն տիրապետել տվյալ ինքնաթիռի առանձնահատկություններին: Սու-30ՍՄ-ները, փորձագետների համոզմամբ, պատերազմի ժամանակ այդպես էլ չեն գործարկվել:

Թիրախներ` վաղուց հայտնի կոորդինատներով

Արցախի պաշտպանության պլանը կազմվել է հայտնի «Օհանյանի գծի»` հիմնական առաջնագծի շուրջը: Այն ամրությունների շարք է, կառուցված առաջին պատերազմից հետո: Դրանից հետո պաշտպանական դիրքերը, ըստ հետազոտողների, չեն արդիականացվել:

Նշվում է, որ դիրքերը նույն վիճակում թողնելը հեշտացրել է ադրբեջանցիների կողմից դրանց թիրախավորումը, որոնք կետային հարվածներով խոցել են հայկական պաշտպանական ամրությունները: Բացի այդ, ինչպես նշվում է, պատերազի առաջին շաբաթների ընթացքում հայերն անհրաժեշտ կերպով քողարկում չեն իրականացրել` մատչելի կերպով թիրախավորվելով հակառակորդի օդային հարվածներից:

Արդիականացման բացակայությունը, փորձագետների կարծիքով, պարտության հիմնական պատճառներից մեկն էր: Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին` պատերազմի հենց առաջին օրը, ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախի ՀՕՊ միջոցների 60%-ը, հրետանու 40%-ը` փաստացի զրկելով հետագա պաշտպանության կազմակերպման հնարավորությունից:

Ադրբեջանի կորուստները

Հետազոտողները նշում են, որ ադրբեջանական ՀՕՊ համակարգերը նույնպես մեծ արդյունավետությամբ չեն գործել, սակայն սահմանափակ տեղեկատվության պատճառով խորությամբ ուսումնասիրել չի հաջողվել: Բացի այդ, ինչպես նշում են փորձագետները, հայկական ավիացիան ինտենսիվ թռիչքներ չի իրականացրել:

Շեշտվում է, որ Ադրբեջանը չի պահանջել Արցախի ամբողջ տարածքը և վերջնական կապիտուլյացիա, քանի որ, բացի քաղաքական բաղադրիչը, շատ թանկ է վճարել հաղթանակի համար` կրելով նաև հսկայական կորուստներ, այդ թվում` սպառազինության ու անօդաչուների:

Ու թեև Բաքուն ամիսներ հետ միայն հրապարակեց պատերազմում զոհվածների թիվը` 2900, սակայն հետազոտողները նշում են, որ արբանյակային լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանում կենդանի ուժի կորուստները մի քանի անգամ գերազանցում են հրապարակված թվերին: Համարվում է, որ նրանց մեծ մասը սպանվել են սկզբնական շրջանում և լեռնային տեղանքների անհաջող գրոհների ժամանակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021