Կասպից ծովը Ռուսաստանի համար նոր խնդիրներ կառաջացնի Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում — Շեշտ.am (shesht.am)
8 րոպե
Խմբագրություն

Կասպից ծովը Ռուսաստանի համար նոր խնդիրներ կառաջացնի Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում

Կասպից ծովով կարող է անցնել թուրքմենական գազն Ադրբեջանով ու Թուրքիայով Եվրոպա հասցնող գազատարը, ինչպես նաև Չինաստանից Եվրոպա ձգվող «Միջին միջանցքը»: 2018թ.-ի Կոնվենցիայով Մոսկվային համաձայնությունը պարտադիր չէ, սակայն մեծապես կվնասեն «Գազպրոմին» և ռուսական տարանցիկ ուղիներին:

Կասպից ծով / © RFE/RL

Մոտ ապագայում Ռուսաստանն իր հարավային սահմանների մոտ լարվածության նոր օջախ է առաջանալու. համարվում է, որ դա կարող է լինել Կասպից ծովը, իսկ հակառակորդները կլինեն կրկին Թուրքիան, ինչպես նաև նրա հետ սերտորեն կապված Ադրբեջանն ու Թուրքմենստանը:

Բանն այն է, որ Կասպից ծովի խնդիրը ծագել է դեռ 1991թ.-ից` ԽՍՀՄ փլուզման պահից, երբ երկու երկրների փոխարեն անհրաժեշտություն առաջացավ ծովը բաժանել արդեն հինգի միջև: Հարց է առաջացել նաև, թե ինչպե՞ս այն դասակարգել` լի՞ճ, թե՞ ծով, և, ըստ այդմ, ի՞նչ իրավական նորմեր կիրառել: Ավազանի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված էր նրա աշխարհագրական դիրքով ու հարուստ պաշարներով: 2018թ. ընդունվել է համապատասխան Կոնվենցիա, սակայն բազմաթիվ հարցեր մնացել են վիճելի:

Տրանսկասպյան գազատարը` «Գազպրոմին» մրցակից

Նախ` Կասպից ծովի իրավական հստակեցումը սկզբունքորեն հնարավորություն է տվել կառուցել Թուրքմենստանից Եվրոպա ձգվող Տրանսկասպյան գազատարը: Թուրքմենական գազի պաշարները գնահատվում են 19,5 տրլն խմ, սակայն դրա վաճառքը սահմանափակված է ռուսական և ասիական շուկաներով: Ընդ որում` Չինաստանը «կապույտ վառելիքը» ձեռք է բերում մատչելի գներով` պարտքի դիմաց, որով կառուցվել է շինարարությունը: Դեպի եվրոպական շուկա ելքը Թուրքմենստանին շարունակում է մեծապես հետաքրքրել:

Ենթադրյալ Տրանսկասպյան գազատարի հզորությունըպետք է կազմի տարեկան 30 մլն խմ: Այն կարող է անցնել ծովի հատակով, Ադրբեջանով ու Թուրքիայով, ապա միանալ Տրանսադրիատիկ գազատարին ու հասնել Հարավային Եվրոպա: Ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 5 մլրդ դոլար: Գազատարը, ինչպես նշվում է, ձեռնտու է բոլոր մասնակիցներին, բացառությամբ «Գազպրոմի» և նրա «Թուրքական հոսքի», որն արդեն օգտագործում է միջինասիական գազը:

2018թ. Ղազախստանում ստորագրված Կոնվենցիան Կասպից ծովով նոր գազատարի կառուցման դեպքում արդեն Ռուսաստանի համաձայնությունը չի պահանջվում: Անհրաժեշտ է միայն հարևան երկրների համաձայնությունը: Մերձկասպյան երկրները, բացառությամբ ՌԴ-ի, անհամբեր սպասում են գազատարի կառուցմանը: Անհասկանալի է, թե ինչու է Մոսկվան համաձայնել դրան, սակայն եթե այժմ դեմ հանդես գա, ապա Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի հետ հակամարտությունն անխուսափելի է համարվում:

«Միջին միջանցք»` Չինաստանից դեպի Եվրոպա

Կասպից ծովը դառնում է Չինաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ադրբեջանը միացնող լայնածավալ «Միջին միջանցք» ենթակառուցվածքային նախագծի իրագործման առանցքային կետը: Իսկ ներկայումս, երբ Հայաստանը պարտվել է Լեռնային Ղարաբաղում և ստորագրել ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին հայտարարություն, այդ «միջանցքը» կարող է միացնել նաև Թուրքիան:

Հաղորդվում է, որ Անկարան մտադիր է դառնալ «Պեկինի պատուհանը Եվրոպայում»` Թուրքիան դարձնելով «լոգիստիկ գերտերություն»: Այդ ուղղությամբ թուրքական իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել. շահագործման է հանձնվել Եվրասիական թունելը, որը միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները: Այստեղով երթևեկությունը վճարովի է` 15 լիրա (1,85 ԱՄՆ դոլար): Ստամբուլում կառուցվել է նաև նոր օդանավակայան, իսկ Բոսֆորի նեղուցի վրա արդեն երրորդ կամուրջն է գցվել:

Այս կամրջի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Դարդանելի նեղուցի վրա նույնպես նոր կամուրջ է կառուցվելու, արագացվելու է Ստամբուլի ջրանցքի շինարարությունը (այս ջրանցքի շուրջ զարգացումները նույնպես ուշագրավ են, դրանք առանձնահատուկ վերլուծության կարիք ունեն, խմբ.), որին հաջորդելու են այլ նախագծեր:

Էրդողանն ակտիվորեն առաջ է մղում Բոսֆորին այլընտրանքային համարվող ջրանցքի կառուցումը, որով անցնելը նույնպես վճարովի է լինելու: Անկարան նաև մտադիր է արդիականացնել իր երկաթուղիները և երեք նավահանգիստները` Մերսինը, Չանդարլը-օն-տե-Աղեանը (Արևելյան Միջերկրածով) և Փիլիոսը (Սև ծով): Սակայն այս ամենի իրականացման համար ակնկալվում են չինական կողմի մեծ ներդրումները, այդ պատճառով, ինչպես նշվում է, Էրդողանը Լեռնային Ղարաբաղի դեպքում վճռականություն դրսևորեց գործընկերների մոտ:

Ի՞նչ կտա Թուրքիային «Միջին միջանցքը»

Նախ և առաջ` մասնակցությունը «Նոր մետաքսի ճանապարհ» նախաձեռնությանը կնշանակի չինական ներդրումների ներգրավում: Համարվում է, որ Ասիայից Եվրոպա ձգվող տրանսպորտային միջանցքը կարող է նպաստել այն երկրների զարգացմանը, որոնցով անցնելու է այն:

«Միջին միջանցքի» կյանքի կոչումը Անկարային հնարավորություն կտա դառնալ տարածաշրջանային առևտրային խոշոր հանգույց և դիվերսիֆիկացնել թուրքական տնտեսությունը` Ռուսաստանից խլելով «Հյուսիսային միջանցքով» անցնող տարանցիկ հոսքերի էական մասը:

Հոդվածի հեղինակի համար անհասկանալի է մնում, թե ինչու է Մոսկվան այդ դեպքում համաձայնել Կասպից ծովի Կոնվենցիային, և ինչու էր 2020թ. «կողքից հետևում», թե Ադրբեջանն ինչպես է Թուրքիայի աջակցությամբ Հայաստանին պարտության մատնում Լեռնային Ղարաբաղում: Սակայն շեշտվում է, որ հարավային ճակատում տնտեսական նոր հակամարտություն է հասունանում:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.