«Անջատում հանուն փրկության». Ի՞նչ է այն իրենից ներկայացնում

«Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրերս այդ մասին որոշում էր կայացրել նաև Ժնևի քաղաքային խորհուրդը: Ավելի վաղ այդ սկզբունքի մասին խոսել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին: Փաշինյանն այս սկզբունքը համարել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտ միջոց:

Սկզբունքի կիրառման անհրաժեշտությունն՝ ըստ վարչապետի

Վարչապետի խոսքով՝ այս սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, որն իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության վտանգ, ինչպես նաև բացառում է մի պետության հետ միացումը, եթե այն բերելու է նույն հետևանքներին։

Վարչապետն ընդգծել է, որ այդ սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման հայաստանյան հայեցակարգի հիմքում, իսկ ներկայումս ընթացող պատերազմում վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը միջազգային այդօրինակ ըմբռնման հասնելու իրական հնարավորություն են տալիս։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ողջ հայության ներուժը կենտրոնացնել այս խնդրի լուծման վրա։

Վարչապետի հարցազրույցը / © RTS (հայերեն տողատակերով)

ՀՀ կառավարության ղեկավարը հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում բնակչության 80-ից ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, երկիրը, տունը, բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունից ունի հստակ ակնկալիք՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը:

Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքի վերաբերյալ Ժնևի քաղաքային խորհրդի որոշմամբ սահմանված դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից «հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»:

Հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը՝ դատապարտելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ:

Որոշման համաձայն՝ Քաղաքային խորհուրդը
— Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
— Դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը,
— Հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել հնարավորը՝ միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան,
— Հրավիրում է Վարչական խորհրդին՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։

Խորհուրդը նաև հորդորում է Վարչական խորհրդին՝ միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևների կլանի, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն է եղել, ունեցվածքի սառեցման հարցով:

Սկզբունք՝ ըստ առաջին նախագահի

Հոկտեմբերի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը: Նրա խոսքով՝ առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ նմանատիպ որոշումների շարքում ի՞նչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհրդի որոշումը: Սակայն, առաջին նախագահի համոզմամբ, Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը մի ձևակերպում ունի, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:

Առաջին նախագահը մատնանշում է, որ «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրումն է:

Այդ դոկտրինի էությունը, Տեր-Պետրոսյանի խոսքով, այն է, երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա պարբերաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնիկ-տարածքային փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ նշված դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել: Հիշեցնենք, որ առաջին նախագահն այս հարցին անդրադարձել էր նաև 2016թ. մայիսին՝ վստահություն հայտնելով, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021