Կանադայում ծովառյուծների առեղծվածային մահացություններ են գրանցվել
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Վանկուվեր կղզու ափերին հայտնաբերվել են գլխատված առնվազն հինգ ծովառյուծների դիեր: Գիտնականներն ու իրավապահները փնտրում են մեղավորներին՝ մարդկանց կամ վայրի կենդանիների:
Հայտնաբերված ծովառյուծներից առնվազն մի քանիսը պատկանում են երկարականջ փոկերի այն տեսակին, որոնք հայտնի են նաև Ստելլերի ծովառյուծներ անվամբ: Դրանք ներառված են Կարմիր գրքում և գտնվում են վերացման վտանգի ներքո:
Կենդանաբան, ծովային կաթնասունների ուղղությամբ մասնագիտացած Աննա Հոլը նշել է, որ այդ կենդանիների բնական թշնամիները կետերն ու շնաձկներն են, սակայն գիտնականը կասկած է հայտնել, թե նրանք կարող էին գլխատել առյուծներին. ավելի հավանական է համարվում մարդածին վնասը:
Հաղորդվում է, որ Պարկսվիլ քաղաքի բնակիչները նկատել են, որ ինչ-որ մեկը գլխատում է արդեն երեք կամ չորս օր ծովափին գտնվող, մահացած ծովառյուծին: Սակայն նրան ինչի՞ համար էր դա պետք, և արդյո՞ք նա կապ ունի մյուս դեպքերի հետ, մնում է անհայտ:
Ընդ որում՝ սա նույնատիպ առաջին դեպքը չէ Կանադայում: Դեռևս 2013թ. Վանքուվերի ափամերձ հատվածում հայտնաբերվել էին գլխատված չորս ծովառյուծներ, իսկ 2014թ. ևս 12 կենդանու մարմին՝ Քվեբեքում:
Նշվում է, որ Աննա Հոլն իշխանություններից պահանջում է հերթել կենդանիների մարմինները, ինչը հնարավորություն կտա բացահայտել մահվան պատճառը, ինչպես նաև իրականացնել համապատասխան հետաքննություն: Նա հույս է հայտնել, որ Ձկնորսության և օվկիանոսների նախարարությունը կուսումնասիրի այդ դեպքերը՝ պարզելու, թե ով է արել, մեղավորը կպատժվի, քանի որ դա օրենքի խախտում է:
Մոնրեալի համալսարանում անասնաբուժական բժշկության պրոֆեսոր Ստեֆանի Լեյրը նշել է, որ մեղավորները կարող են հենց վայրի կենդանիները լինել: Գիտնականի խոսքով՝ դիակերներն արագ հարձակվում են զոհի դիի վրա և սկսում են ուտել հենց գլխից՝ քթից, ականջներից ու բերանից:
Մեկնաբանությունները