Նավթարտադրողները դիմել են ծայրահեղ միջոցների
Կարմիր կետերն ամբողջությամբ բեռնված նավթային տանկերներն են, որոնք համաշխարհային պահանջարկի անկման պատճառով «խցանվել են» ծովերում: Մեկ նավի օրական վարձավճարը կազմում է մոտավորապես 30 հազար դոլար:
Շուկայում առաջացած ավելցուկը հանգեցրել է նրան, որ նավթ և նավթամթերք արտադրողները դիմել են ծայրահեղ միջոցների և սկսել են վառելիքը պահելու անսովոր վայրեր փնտրել: Եթե նախկինում նման ընկերությունները նավթային շատ մեծ տանկերների (very large crude carriers, VLCC) պահանջարկ ունեին, ապա այժմ ստիպված են դիմելու ավելի փոքր նավերի:
Մինչև 2 մլն բարել տեղավորող VLCC-ի պահանջարկի գագաթնակետն արդեն անցել է, հիմա ազատը գտնելը գործնականում անհնար է, ուստի նավափոխադրման վճարը սկսել է նվազել: Ներկայումս VLCC-ի վարձակալության արժեքն հասել է մինչև օրական 167 հազար դոլարի:
Փոքրածավալ տանկերների պահանջարկն ու գները, ընդհակառակը, աճել են: Խոսքը Long Range 2 (800 հազար բարել) և Long Range 1 (345-615 հազար բարել) տեսակի տանկերների մասին է: Առաջինների նավափոխադրման արժեքը ռեկորդային աճ է գրանցել՝ դառնալով 173 հազար դոլար/օր, երկրորդինը՝ 112 հազար դոլար/օր:
Նավթի և նավթամթերքի համաշխարհային պանաջարկը սովորաբար օրական 100 մլն բարելի սահմաններում է լինում, արտադրվում է գրեթե նույնքան: Սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ արտադրական ձեռնարկությունների մի մասը չի գործում, պահանջարկը նվազել է մինչև օրական 30 մլն բարել՝ հանգեցնելով առաջարկի գերավելցուկի: Այդ պատճառով ցամաքային գրեթե բոլոր պահեստները լցված են կամ տրված են վարձակալության, բազմաթիվ վերամշակողներ ստիպված են դիմելու լողացող պահեստների:
Վաճառողների խոսքով՝ կան նաև այլ հանգամանքներ, որոնք ազդում են նավափոխադրման արժեքի վրա: Կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ նավահանգիստներում (հատկապես՝ ԱՄՆ-ի) բարդացել է բեռնաթափումը, ուստի նավերն ուղևորվում են այն երկրներ, որտեղ բեռնաթափման աշխատանքներն առավել արագորեն են կատարվում: Տանկերներն արդեն խցանումներ են առաջացնում: Սինգապուրյան նեղ նեղուցում, որը Մալաքյանի հետ միավորում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, 60 տանկերներից բաղկացած հսկայական խցանում է առաջացել, իսկ Կալիֆորնիայի մոտակայքում 30 տանկերներ խարիսխ են գցել. գնալու տեղ չունեն, հումքի պահանջարկ չկա:
Մեկնաբանությունները