Նոր իշխանությունները կօգտագործե՞ն Հերունու աստղադիտակի պոտենցիալը — Շեշտ.am (shesht.am)
14 րոպե
Խմբագրություն

Նոր իշխանությունները կօգտագործե՞ն Հերունու աստղադիտակի պոտենցիալը

Այդ տարածքում արդեն գիտություն կա, որը պետք է շարունակել եւ զարգացնել։ Չի կարելի այն մասնավորեցնել ու բիզնես շահերի ծառայեցնել։ Մենք այն կարող ենք դարձնել գիտակրթական, արտադրական կենտրոն, որպես հարակից ուղղություն գիտական տուրիզմը զարգացնել ,– Արևիկ Սարգսյան։

Հերունու աստղադիտակ / ©HAYP Pop Up Gallery

Շուրջ 35 տարի առաջ կառուցված աստղադիտակը կրկին հայտնվել է գիտական հանրության ուշադրության կենտրոնում։ Աշխարհի միակ ռադիոօպտիկական աստղադիտակի գործունեության դադարեցման մասին տեղեկատվությունը՝ միջոցների բացակայություն, գործարկմանը նախկին իշխանությունների կողմից խոչընդոտում և այլն, այսօր կարիք ունեն նորովի ուսումնասիրման։

Դեռևս 2011թ․ աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունու որդին բարձրաձայնում էր հոր մշակած աշխատանքներին իշխանությունների կողմից խոչընդոտելու մասին, դրանից առաջ դադարեցվել էին Օրգովի աստղադիտակի գործունեության ֆինանսավորումը: Իսկ 2012թ․-ին կոնսերվացվեցին ռադիոդիտակի աշխատանքները, իշխանությունների կողմից որոշվեց ոչինչ չանել այն աշխատեցնելու ուղղությամբ։

Հերունու աստղադիտակ / ©mediamax.am

Ի՞նչ է արվել վերջին տարիներին

2015թ․ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականով ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկեր ռադիոօպտիկական դիտակի իրավական կարգավիճակի հարցն ու վերագործարկման հնարավորությունները: Անցել է շուրջ 4 տարի․ ի՞նչ է արվել․

Հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանն այս տարվա սկզբին ասել էր, որ ռադիօպտիկական դիտակը «բավական հնացել է եւ անմխիթար վիճակում է»։ Ըստ նրա՝ մոտ $ 200-250 մլն է պահանջվում, որպեսզի այն կարողանա վերածվել աշխատող ենթակառուցվածքի։ «Ավելի հեշտ է նորը սարքել, քան սա վերանորոգել»,- նշել էր Հարությունյանը։

Մինչդեռ Պարիս Հերունու զարմուհի, տ.գ.թ., դոցենտ Արեւիկ Սարգսյանը, սակայն, այլ կարծիքի է, եւ պնդում է, որ ռադիոօպտիկական դիտակի գործարկումը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ։ Անցած տարիներին նա իր գործընկերների հետ մի շարք քայլեր է կատարել այդ ուղղությամբ։

2017թ.-ի ամռանը շրջիկ ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող HAYP Pop Up Gallery ՀԿ-ը երաժշտական ինստալյացիա է արել Բյուրականի աստղադիտարանի եւ Ռադիոօպտիկական դիտակի (ՌՕԴ-54/2.6)  տարածքում, ինչը նպատակ է ունեցել ժամանակակից արվեստագետների տեսանկյունից ներկայացնել այլմոլորակայինների վերաբերյալ գիտափորձերը։

©HAYP Pop Up Gallery

Այդ միջոցառումներից հետո Արեւիկ Սարգսյանն ու «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամն ուժերը միավորել են, և, ձեւավորելով խնդիրը, պատրաստելով փաստաթղթերի փաթեթ, ըստ որոնց կառավարության որոշմամբ պետք է ստեղծվել նոր պետական առանձին կառույց՝ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն», 2018թ․մարտին դիտակի ուղղությամբ աշխատանքներ սկսելու պայմանավորվածություն են ձեռք բերել նախկին իշխանությունների հետ ։

Պարիս Հերունու դիտակի վերակառուցման համար 2018թ. ապրիլին Հայաստան էին հրավիրել Աէրոնավտիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Լեոնիդ Գուրվիցին։ Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի մոտ քննարկում է կազմակերպվել: Արդյունքում Լիոնիդ Գուրվիցը եւ Սուրեն Կարայանն առանձնացված պետական կառույց ստեղծելու եւ դիտակը հետագայում Ռադիոինտերֆերոմետրական միջազգային ցանցի մասը դարձնելու մասին հուշագիր են ստորագրել։

Պարիս Հերունի

2018թ. սեպտեմբերին Հայաստան են հրավիրել անտենային տեխնիկայի հարցերում համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսոր Կեես վան’տ Կլուստերին (Kees van ‘t Klooster)։ Մասնագետը պնդել է, որ դիտակն այնքան լավ տեխնոլոգիաներով է կառուցված, որ նույնիսկ այս վիճակում, որոշ աշխատանքներ տանելուց հետո, կարող է աշխատել։

Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումից հետո, երբ նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, ծրագրի պատասխանատուները նաեւ նրա հետ են հանդիպում ունեցել։

«Այդ ժամանակից մինչ օրս մենք հայտնվել ենք բյուրոկրատական ճիրաններում, նորից նախարար փոխվեց, կառավարության կազմն էր ձեւավորվում, Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեններ փոխվեցին: Ինստիտուտի  ղեկավարությունը խոչընդոտում է դիտակի վերագործարկման աշխատանքներին, որոնք, ի դեպ, ամբողջովին մեր միջոցներով ենք իրականացնելու: Այդ տարածքում արդեն գիտություն կա, որը պետք է շարունակել եւ զարգացնել, չի կարելի այն մասնավորեցնել ու բիզնես շահերի ծառայեցնել։ Մենք այն կարող ենք դարձնել գիտակրթական, արտադրական կենտրոն, որպես հարակից ուղղություն գիտական տուրիզմը զարգացնել»,- նշել է Արեւիկ Սարգսյանը:

2018թ. դեկտեմբերին նրանք հանդիպել են նաեւ ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, նրա հետ միասին տեղեկանք է կազմվել գործընթացի վերաբերյալ:

Մտադիր են վերագործարկել

Վերագործարկման թեման հուլիսի 8-ին քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում Հերունու ազգային տիեզերական կենտրոնի վերաբերյալ՝ առկա խնդիրները վեր հանելու եւ առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև Չափագիտության ազգային ինստիտուտի, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի ներկայացուցիչներ:

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար Արեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2019թ․ մարտին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ կենտրոնի վերաբերյալ  կազմվել է կառավարության որոշման նախագիծ։ Դրանով Չափագիտության ազգային ինստիտուտի կազմում գործող Արագածի գիտական կենտրոնն իր բոլոր ակտիվներով փոխանցվում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու եւ գիտաարտադրական, կրթական նշանակության էկոհամակարգ ձեւավորելու նպատակով:

Կենտրոնը բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ծավալելու է հետազոտական եւ կիրառական մի շարք աշխատանքներ:

Նախատեսվում է առաջիկայում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել դիտակի գործարկման հնարավորություններին, տեխնիկական պահանջներին վերաբերող հարցերը։

Արեւիկ Սարգսյանն ավելի վաղ նշել էր․ «Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գումար հավաքել և մասնագետներ ներգրավել, իսկ տարեվերջին` արդյունքների հասնել։ Այդ աստղադիտակով ուսումնասիրությունները կարող են և՛ նոր ֆունդամենտալ բացահայտումների, և՛ կիրառական նախագծերի հանգեցնել, օրինակ` տիեզերական տարածքում օբյեկտներին հետևելու վերաբերյալ»։

Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակը կարող է դառնալ ամենաերկար բազայով միջազգային ռադիոաստղադիտակների ցանցի կարևորագույն օղակը: Դրան զուգահեռ՝ ալեհավաքը  լիիրավ կարող է օգտագործվել այնպիսի առաջադրանքների մեջ, ինչպիսին է հեռավոր տիեզերական կապը, երկնային մարմինների ռադիացիան, տիեզերական թռիչքների կառավարումը։ Այն կարող է դառնալ նաև Արբանյակային գլոբալ նավիգացիոն համակարգի անփոխարինելի ենթակառուցվածք:

Հավելենք նաև, որ դեռևս փետրվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այցելելով
Եվրոպական հարավային աստղադիտարան, հայտարարել էր․ իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները։ Նախագահը պատրաստակամություն էր հայտնել՝ համագործակցելու հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ։

Պատմական ակնարկ

Պարիս Հերունու ստեղծած ռադիոօպտիկական աստղադիտակը գտնվում է Օրգով և Տեղեր գյուղերի միջև՝ Արագածի գիտական կենտրոնում։ Տեղի անունով կոչվել է Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ։ Կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։

Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։

Ռադիոդիտակը շահագործման հանձնվեց 1987թ.: Իր գործածության հենց առաջին րոպեներին գիտական խոշոր հայտնագործություն իրականացրեց՝ արձանագրելով տվյալ պահից դեռեւս 25 տարի առաջ Երկվորյակների համաստեղությունում տեղի ունեցած Էտտա աստղի պայթյունը:

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ արդեն դիտակի համալրման աշխատանքների ժամանակ․ պարզվեց, որ դիտակի անտենայի կենտրոնով անցնող հյուսիս-հարավ միջօրեականն անցնում է ուղիղ Տեղերի Սուրբ Աստվածամոր վանքի գմբեթի խաչով:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.