Դեկտեմբերի 26, 2020, 16:26
Խմբագրություն Hovhannisyan
264

Իրանը հապճեպորեն պատրաստվում է միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակումներին. ԶԼՄ-ներ

Իրանն արագ կերպով հզորացնում է իր հակաօդային պաշտպանությունը՝ ամերիկյան հրթիռային հարվածի վտանգով պայմանավորված. Ֆորդոյի և Նաթանզի՝ ուրանի հարստացման կարևորագույն գործարանների հավելյալ անվտանգության համար դրանց մոտ տեղակայվել են իրանական Բավար-373 համալիրներ և ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգեր:

Նաթանզ / © Wikimedia Commons / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ավելի վաղ հաղորդել էինք, որ իրանական միջուկային օբյեկտների շրջակայքում լրացուցիչ զենիթահրթիռային համալիրներ են տեղակայվում, այդ թվում՝ ռուսական:

Տեղեկություններ կան, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ֆորդոյի և Նաթանզի՝ ուրանի հարստացման կարևորագույն գործարանների հավելյալ անվտանգության համար դրանց մոտ տեղակայել է իրանական Բավար-373 համալիրներ և ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգեր:

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժեղացումը պայմանավորված է ամերիկյան կողմից հնարավոր հարձակումներին դիմակայելու անհրաժեշտությամբ: Սպասվում է, որ Սպիտակ Տնից հեռանալուց առաջ Դոնալդ Թրամփը կարող է Իրանին հարվածելու հրաման արձակել՝ կործանելու իրանական միջուկային ծրագրերը: ԱՄՆ-ի նախագահը բազմիցս է բարձրացրել Նաթանզի ձեռնարկությունը չեզոքացնելու ահնրաժեշտության մասին:

ԱՄՆ-ի նման ծրագրեր ունենալու տեղեկությունները հաստատված չեն, սակայն Իսրայելը խոստովանել է, որ հնարավոր առճակատմանը պատրաստվելու ցուցում է ստացել: ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ է տեղակայել՝ «ագրեսիան զսպելու և դաշնակիցներին աջակցելու նպատակով»:

Ակնհայտ է, որ պաշտպանության ուժեղացման անհրաժեշտություն իրանցիների մոտ առաջացել է նաև Թրամփի սպառնալիքներից ու Պետդեպի մեղադրանքներից հետո, ըստ որի՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծումն իրականացվել է Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից: ԱՄՆ նախագահն Իրանի իշխանություններին «ընկերական խորհուրդ էր տվել». «Եթե ամերիկացի մահանա, կմեղադրեմ Իրանին: Լավ մտածեք»:

Բացի այդ՝ երկուշաբթի օրը Պարսից ծոց էին մտել ամերիկյան ատոմային սուզանավը և հրթիռային 2 քրեյսերները: Ծոցում կարող է հայտնվել նաև իսրայելական ատոմային սուզանավը, որն անցել էր Սուեզի ջրանցքը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով՝ Իրանը 17 միջուկային օբյեկտ ունի: Հակաիրանական պատժամիջոցների վերադարձից հետո Թեհրանը նաև դադարել է հետևել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին: Երկրում մեծացել են բարձրհարստացված ուրանի պահուստները, որոնցով հնարավոր է զենք ստանալ: Նաթանզում, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների համոզմամբ, ուրանի հարստացման համար աշխատում է ավելի քան 4 հազար ցենտրիֆուգ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն