Ո՞վ էր Գոհար Վարդանյանը. Թեհրանի գործողությունից մինչև ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ — Շեշտ.am (shesht.am)
21 րոպե
Խմբագրություն

Ո՞վ էր Գոհար Վարդանյանը. Թեհրանի գործողությունից մինչև ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ

Հետախույզ ամուսինները կանխել են Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի վրա հարձակումները: Այդ ժամանակ նրանք 20 տարեկան էլ չկային: Վարդանյանները հետագայում գաղտնազերծել են եվրոպական ռազմաբազաների մեծ մասը:

Վարդանյան ամուսիններ / ©lenta.ru

Նոյեմբերի 25-ին 94 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացավ խորհրդային և ռուսական հետախույզ (անլեգալ) Գոհար Վարդանյանը: Նա հայրենական ներքին հետախուզության լեգենդն էր: Հետախուզական խմբի կազմում նա 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ ապահովել է խորհրդային ղեկավարություն անվտանգությունը: Հաջորդ 30 տարիներին Վարդանյանը «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում աշխատել է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներում՝ որպես հետախույզ:

«Եվրոպական» Թեհրան կամ հետախուզություն հեծանիվների վրա

Գոհար Վարդանյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ 1926թ., հայ կոմունիստների ընտանիքում: 1930թ. նրա ծնողները լքել են Խորհրդային Հայաստանը՝ տեղափոխվելով Իրան և այնտեղ զբաղվելով բիզնեսով: Ընտանիքը զգուշացել է ԻոսիՖ Ստալինի հնարավոր հետապնդումից, քանի որ Վարդանյանի ծնողները ԽՍՀՄ գաղափարական հակառակորդներ չէին, բայց չէին ընդունում ստալինյան նոր քաղաքականությունը՝ համայնականացման և ինդուստրիալիզացիայի ուղղությամբ:

Իրանում Վարդանյանն ապրել և սովորել է Թեհրանի հայկական համայնքում: «Նոյյան տապան» թերթին տված հարցազրույցի ժամանակ հետախույզը հաստատել է, որ հենց պարսկերենը, այլ ոչ թե հայերենն է դարձել «մայրենի լեզու», իսկ Թեհրանը՝ «մանկության հայրենի քաղաք»: Նա սովորել է իրանական դպրոցում, քանի որ հայկականը փակել են, իսկ ֆրանսիականն «արդեն ծանրաբեռնված էր»:

Գոհար Վարդանյանը պատմել է, որ Թեհրանն այն ժամանակ լրիվ եվրոպական քաղաք է եղել, ոչ ոք չադրա չի հագել: Ընդհակառակը՝ շահն արգելել է դրանց կիրառումը: Չադրայով չի թույլատրվել ավտոբուս ու տրոլեյբուս բարձրանալ: Վարդանյանի խոսքով՝ իր լավագույն հիշողությունները կապված են Իրանի հետ, իրանցիների հետ. վերջիններս շատ հարգալից են վերաբերվել հայերին և ընդհանրապես մյուս ազգերի ներկայացուցիչներին:

13 տարեկանում Գոհարը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Գևորգ Վարդանյանին: Սկզբում պարզապես ընկերություն են արել: Բայց, հետախույզի խոսքով, 16 տարեկանում «ռոմանտիկա է ի հայտ եկել»: Ծննդյան օրերը, Նոր տարին, այլ տոներ նշել են միասին: Գոհարը և Գևորգը երիտասարդ տարիներին դարձել են հակաֆաշիստական հետախուզական խմբի անդամներ:

Գևորգ Վարդանյանն առաջին անգամ խորհրդային հետախուզությունում ծառայություն է իրականացրել 16 տարեկանում: Նա կազմակերպել է Դաղստանի և Հայաստանի, ինչպես նաև ասորի հասակակիցների խումբ՝ նացիզմի դեմ պայքարի համար: Երիտասարդներին միավորել է սերը դեպի Հայրենիքը և ճակատագրի ընդհանրությունը. նրանց ծնողներին ԽՍՀՄ-ից «ստալինյան ահաբեկչության» տարիներին են հեռացրել:

Հետախուզական խումբը կոչել են «թեթև այրուձի», քանի որ ընդհատակյա կազմակերպության անդամները Թեհրանում շրջել են հեծանիվներով: Այդպիսով նրանք իրականացրել են փողոցային դիտարկում: Բացի այդ, հեծանիվները երիտասարդ հետախույզներին թույլ են տվել խուսափել հետիոտնային հետապնդումից:

Իրանում գործող հետախույզներից մեկն Անվտանգության պետական կոմիտեի (КГБ) գործակալ Իվան Աղայանցն էր: 1940թ. Վարդանյանը և Աղայանցը հանդիպել են՝ քննարկելու երիտասարդ հետախույզների խմբի նպատակն ու խնդիրները: Վարդանյանի խոսքով՝ Աղայանցը խիստ մարդ էր և միաժամանակ՝ բարի, ջերմ: Միասին աշխատել են մինչև պատերազմի ավարտը: Վարդանյանին հենց նա է հետախույզ դարձրել:

Գևորգ և Գոհար Վարդանյաններ / ©EPA

Գոհար Վարդանյանը նույնպես աշխատել է Աղայանցի ենթակայության ներքո: Իր ապագա ամուսնու՝ Գևորգի հետ ծանոթությամբ պայմանավորված, ԱՊԿ-ի հսկողությամբ, փորձել է հետախույզի դերը: Լրտեսական խմբում հաջող աշխատանքի արդյունքում Վարդանյանները ձեռք են բերել իրենց առաջին փորձն արտաքին հետախուզության ոլորտում:

Վարդանյանը հաստատել է, որ ինքը լրտեսությամբ չի զբաղվել: Գոհարը հաջողությամբ իրականացրել է «կարգավորումները». այն ներառում է օբյեկտի բնակության վայրը, ինչ և որտեղ անելը, ում հետ շփվելը ճշտելը: Այս շրջանակներում հստակեցվում են նաև առօրյան, սովորությունները: Հետախույզի խոսքով՝ այդ ամենը հայթայթվում է հարևանների, ծանոթների միջոցով:

Թեհրանի կոնֆերանսը

1943թ. Իրանում կայացել է Թեհրանի կոնֆերանսը: Նրա մասնակիցները հակահիտլերյան դաշինքի երկրների ղեկավարներն էին: Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը մշակում էին Եվրոպայում գերմանական զորքերի վերջնական ոչնչացման ծրագիրը: Բայց դեռևս կոնֆերանսից առաջ խորհրդային հետախուզությունը տվյալներ է ձեռք բերել գերտերությունների առաջնորդների վրա կազմակերպվող հարձակման վերաբերյալ:

Աջից ձախ՝ Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ / ©РИА «Новости»

Խորհրդային լրտեսների տեղեկություններով՝ գերմանացիներն Իրանի նկատմամբ հետաքրքրություն են ունեցել դեռևս 1937թ.: Նացիստական Գերմանիայի գաղափարաբանները մշակել էին իրանցի երիտասարդությանն իրենց համակիր դարձնելու ծրագրեր: Գաղտնազերծված տվյալներից հայտնի է դարձել նաև, որ 1938թ. հատուկ պատրաստություն անցած և Թեհրանում հաստատված գերմանացիների թիվն անհանգստություններ հրահրելու նպատակով զգալիորեն մեծացել է:

Արտաքին հետախուզական ծառայության տվյալներով՝ Բեռնլինից ժամանած մարդիկ հասել են նույնիսկ Իրանի առաջնորդ Ռեզա շահին չենթարկվող հեռավոր ցեղերին՝ վերջիններիս հետ աշխատելով ցուցադրելով տրամադրվածություն դեպի իրանական դաշնակիցը: Ավելին, Իրանը գերմանացիների ջանքերով վերածվում էր ԽՍՀՄ դեմ Բեռլինի թշնամական անհրաժեշտ գործողությունների իրականացման մարտադաշտի:

Բազմաթիվ իրանցիներ աշխատել են Հիտլերյան Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Վերոնշյալ արխիվներից հայտնի է դարձել, որ իրանցի հավաքագրված լրտեսները գերմանական հետախուզության հանձնարարությամբ հետևել են խորհրդային կուսակցական գործիչների: Բայց այդ ամենը քաջ հայտնի է եղել Արտաքին հետախուզական ծառայությանը:

1943թ. գերմանական հետախուզությունը մշակել է «Երկար թռիչք» գործողությունը: Դրա նպատակն «Մեծ եռյակի» առաջնորդների սպանությունն էր: Այն ղեկավարել է Գերմանիայի անվտանգության ծառայության ղեկավար Էռնստ Կալտենբրունները: Նույն թվականի հոկտեմբերին գերմանացիները գաղտնազերծել են ամերիկյան ռազմածովային կոդը, որտեղ նշված է եղել կոնֆերանսի անցկացման հստակ վայրն ու ժամկետը:

Խորհրդային հետախուզությունն առաջինն է տեղեկացել նախապատրաստվող գործողության մասին: ԱՊԿ գործակալ Նիկոլայ Կուզնեցովը, ներկայանալով գերմանացի օբեր-լեյտենանտ Պաուլ Զիբերտ անունով, տվյալները ստացել է նացիստական ԷսԷս-ի (SS, «Պահնորդական ջոկատներ») շտուրմբաննֆյուրեր Հանս ՈՒլրիխ ֆոն Օրտելից:

Հետախույզ Նիկոլայ Կուզնեցով / ©Կոմիի պետարխիվ

Վարդանյանի հետախուզական խմբին հանձնարարվել է` կանխել հարձակումը և ապահովել կոնֆերանսի մասնավոր անվտանգությունը: Խմբի անդամները 20 տարեկան էլ չկային: Բայց նրանք հայտնաբերել են Գերմանիայի համար աշխատող ավելի քան 400 իրանցի գործակալների՝ կանխելով հարձակումը:

Բրիտանական հետախուզությունը խորհրդայինի հետ մշտական կապի մեջ է գտնվել: Վարդանյանի գլխավորած հետախուզական խումբն Իրանում հայտնաբերել է գերմանացի 6 արմատականների և հետևել նրանց: Արձանագրվել է, որ Թեհրանի գերմանացի գործակալները Բեռլինի հետ անընդհատ կապի մեջ են եղել: Բրիտանացի հետախույզների հետ տվյալների փոխանակությունից հետո երկու երկրների հետախույզները ձերբակալել են գերմանացի գործակալներին` կանխելով գործողության հետագա ընթացքը:

Հետպատերազմյան կարիերա

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գոհար և Գևորգ Վարդանյանները ևս 6 տարի մնացել են Իրանում` աշխատելով արտաքին հետախուզությունում: 1951թ. հետախույզներին թույլատրել են մեկնել ԽՍՀՄ` հնարավորություն տալով ստանալու բարձրագույն կրթություն:

Գոհար Վարդանյանն ընդունվել է Երևանի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ` հաջողությամբ ավարտելով այն: Ամուսինները միասին են սովորել համալսարանում: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո հետախույզների կյանքը նոր փուլ է մտել:

Գոհար Վարդանյանը պատմել է, որ ինքն ընդունվել է ֆրանսերենի, իսկ Գևորգը՝ անգլերենի բաժին: Հետագայում տեղափոխվել է անգլերենի. Գևորգն առավոտյան, իսկ Գոհարն օրվա երկրորդ կեսին է դասի եղել: Ժորան (Գևորգը) եղել է առաջին ուսանողը, եղել է ինստիտուտի պրոֆկոմում, նրան շատ են հարգել այստեղ և ամենուր:

Մոսկվայում Վարդանյանն անցել է արտաքին հետախուզության կարճատև դասընթաց: Գոհարի խոսքով՝ դասընթացը կարճատև է եղել, քանի որ իրենք արդեն պատրաստի մասնագետներ էին: Արտաքին հետախուզության գործակալներին պատրաստել են աշխատել «Սառը պատերազմի» պայմաններում՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Արտաքին հետախուզական ծառայությունը պատրաստում էր կադրեր՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի եվրոպական ռազմական բազաների գտնվելու վայրերը գաղտնազերծելու համար:

Գոհարին և Գևորգին գործուղել են Արևմուտք՝ ՆԱՏՕ անդամ-երկրներ: Նրանք աշխատել են տարբեր երկրներում, մի քանի անգամ փոխել են անձնագրերը, մասնակցել են բազմաթիվ գործողությունների, որոնց մասին, ըստ Վարդանյանի, խոսելը դեռ վաղ է:

Գևորգ և Գոհար Վարդանյաններ / ©Գուրգեն Խաժակյան

1970-1980-ականներին Վարդանյան ամուսիններն աշխատել են Իտալիայի ուղղության արտաքին հետախուզությունում: Հենց այստեղ են խորհրդային գործակալները գաղտնազերծել ՆԱՏՕ-ի բազաները: ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի հրամանատար ադմիրալ Ստենֆիլդ Թյորների հետ ընկերական հարաբերություններն օգտագործել են ԽՍՀՄ-ի օգտին: Հետագայում ԿՀՎ-ի ղեկավար դարձած ադմիրալի միջոցով են խորհրդային գործակալները ստացել Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի մասին տեղեկությունները:

Գոհար Վարդանյանը նշել է, որ ինչքան սովորական կյանքով ես ապրում, աշխատանքն այնքան դյուրին է ընթանում: Նա խորհուրդ է տալիս հանգիստ ապրել, շրջապատում ունենալ լավ մարդիկ, ընկերներ, լավ շրջապատ: Նրա խոսքով՝ երբ շրջապատն ամուր է, հնարավոր է առաջ գնալ, քանի որ արդեն ավելի շատ մարդիկ են ընդունում: Այդպիսով հնարավոր է գնալ այնտեղ, ուր պետք է, շփում հաստատել նրա հետ, ում հետ պետք է:

Մինչ օրս ամբողջությամբ հայտնի չէ, թե հատկապես որ երկրներում են աշխատել Վարդանյանները: Գրող-փաստագիր Նիկոլայ Դոլգոպոլովի «Վարդանյան» գրքից հետևում է, որ գործողություններն իրականացվել են Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում: Հետախույզների գլխավոր խնդիրը կայանում էր Խորհրդային Միությանը և Վարշավյան խմբավորմանը (ԽՍՀՄ, ԳԺՀ, Չեխոսլովակիա, Ռումինիա, Ալբանիա, Բուլղարիա, Լեհաստան, Հունգարիա) սպառնացող ռազմական վտանգի բացահայտումը:

Գոհար և Գևորգ Վարդանյաններն արտասահմանում կրել են տարբեր անուն-ազգանուններ, զբաղեցրել են տարբեր պաշտոններ ավելի քան 30 տարի: Նրանց ծառայությունն ավարտվել է 1980-ականների կեսերին: Այդ ժամանակ էլ նրանք վերադարձել են ԽՍՀՄ:

1984թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պրեզիդիումի որոշմամբ Գոհար Վարդանյանը պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի շքանշանով: Պարգևատրումը կրել է «Առանց հրապարակման թույլտվությամբ» նշումը: Սակայն դա արարողակարգային էր, քանի որ պարգևը հատկացվել է մտացածին անձնավորությանը: Եվրոպայում Վարդանյանն աշխատել է ոչ իր անվամբ և նույնիսկ կեղծ անձնագրով:

Վերադարձ ԽՍՀՄ

1986թ. աշնանը Վարդանյան ամուսինները վերադարձել են ԽՍՀՄ: Նրանց մասին այստեղ ոչ ոք գրեթե ոչինչ չի իմացել, քանի որ նրանց աշխատանքը գաղտնի էր: Նրանց շրջապատում հիմնականում արտաքին հետախուզության ներկայացուցիչներն էին: Վերադարձից հետո ամուսիններն անցան թոշակի:

Վարդանյանները ցավով են ընդունել ԽՍՀՄ փլուզման հանգամանքը` այն համարելով անսպասելի հարված: Աշխատակիցներից ոչ ոք դրան չի սպասել: Այդ օրերին ընտանիքը հանգստանալիս է եղել քաղաքից դուրս, բայց երկրում տեղի ունեցող դեպքերի առաջին տեղեկություններից հետո Գևորգը շտապ «մեկնել է աշխատանքի»:

Գոհար Վարդանյան / ©пресс-бюро СВР России

2000թ. ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության 80 ամյակի կապակցությամբ ԱՀԾ-ն գաղտնազերծեց Վարդանյան հետախույզների անձը: Բաց հարթակում տեղադրվեցին գաղտնի տվյալներ՝ Թեհրանի կոնֆերանսի ժամանակ խորհրդային հետախուզական խմբի գործողությունների մասին: Հետախույզներին թույլատրեցին հանրային կյանք վարել:

Սակայն հրապարակված փաստերից հետո Գևորգ Վարդանյանը հայտարարել է, որ կան բաներ, որոնք «երբեք չեն բացվի»: Նրա խոսքով կարող է հրապարակվել միայն շատ քիչ մասը, նույնիսկ Թեհրանի գործողության մասին շատ քիչ բան կարող է հայտնի դառնալ: Այդ գործողության մասին ամբողջական տեղեկություն դեռևս առկա չէ:

2012թ. ամուսնու մահից հետո Գոհարը խոստովանել է, որ ԱՀԾ-ի իր ընկերներն ու գործընկերներն օգնել են հաղթահարել կորստյան վիշտը: Հետագայում Վարդանյանը, մինչև վերջին օրը, հանդիպել է երիտասարդ ուսանողների հետ, կիսվել է իր փորձով, պատասխանել է հարցերին և օգնել խորհուրդներով:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.