«Յուրաքանչյուրը վարվում էր այնպես, ինչպես ճիշտ էր համարում». Իրինա Տիխոնովան՝ Լոմբարդիայում տեղի ունեցածի մասին — Շեշտ.am (shesht.am)
17 րոպե
Խմբագրություն

«Յուրաքանչյուրը վարվում էր այնպես, ինչպես ճիշտ էր համարում». Իրինա Տիխոնովան՝ Լոմբարդիայում տեղի ունեցածի մասին

Կլինիկական հոգեբանի և գիտական լրագրողի խոսքով՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե իտալացիները համավարակին լրջորեն վերաբերվեին: Մեր ընթերցողի համար թարգմանել ենք ականատեսի խոսքերը:

Իրինա Տիխոնովա / © Ирина Тихонова, VK

Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի մասին: Չինաստանում համաճարակն անկում էր ապրել. մարտի 19-ին Հուբեյ նահանգում առաջին անգամ վարակվածության ոչ մի դեպք չէր գրանցվել: Սակայն համաճարակի էպիկենտրոն էր դարձել Եվրոպան և, առաջին հերթին, Իտալիան:

Իտալիայում բնակվող Իրինա Տիխոնովան, ով կլինիկական հոգեբան և գիտական լրագրող է, պատմել է, թե ինչպես են իրադարձությունները զարգացել Լոմբարդիայում: Իրինայի կարծիքով՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե իտալացիներն իրավիճակին լրջորեն վերաբերվեին: Նրա պատմությունը ներկայացնում ենք ստորև:

«Վերահսկելի է»

Երբ առաջին դեպքերը գրանցվեցին, ամուսնուս հետ պատրաստվում էինք արձակուրդի. Սումատրայի երթուղին էինք դասավորում, ուսումնասիրում, թե ինչպես ենք Բալի կղզուց հասնելու Ճավա: Տոմսերը, ճամպրուկները. ամեն ինչ հավաքված է, պացիենտների ընդունումը հետաձգվել է (ամուսինս բժիշկ է), գործերն արված են: Արձակուրդին մեկ շաբաթ է մնացել: Աշխատանքային բժշկական չատերում հանգիստ էր: Երբեմն ինչ-որ մեկը կատակում էր՝ անհանգստացողներին կոչ անելով «ծանր չտանել. գրիպ է», «միևնույն է՝ բոլորս հիվանդությունից ենք մահանալու», «Վտանգի գոտում ծերերն են, բայց դա կարելի է վերահսկել», «բավական է՝ Չինաստանի մասին. նրանց մոտ ամեն ինչ այլ կերպ է»:

Այդ օրերին մեզ հյուրընկալվել էր համակուրսեցիս՝ ՄՊՀ-ից. ամենահեռատեսն էլ նա էր: Օրերից մի օր նա կիսվեց տեղի ունեցողի վերաբերյալ անհանգստությամբ ու Ավստրիայի հետ սահմանների հնարավոր փակման մասին լուրերով: Փետրվարի 23-ն էր, արդեն մեկ շաբաթ բոլորը քննարկում էին վիրուսը, բայց՝ անլուրջ: Իսկ հետո սկսվեցին տարօրինակ երևույթները:

Խանութներից սկսեցին պակասել ապրանքները և քլոր պարունակող լվացող միջոցները: Մի քանի օրվա ընթացքում դեղատներից անհետացան դիմակները: Մարդիկ սկսեցին գնումների գնալ այլ շրջաններ, քաղաքներ, պատվիրել համացանցով: Ինչ-որ տեղ սկսվեցին հարձակումներ չինական խանութների ու ռեստորանների վրա: Ոմանք ցուցադրաբար անցան փողոցի մյուս մայթը՝ ձեռք առնելով բարակ աչքերով մարդուն: Դա սոցիալական հիստերիա էր:

Հեգնական է, որ Պավիայում առաջին վարակվածը 38-ամյա տղամարդ էր, ով երբեք չէր եղել Չինաստանում: Ոչ ոք չէր մտածում, թե քանիսին կարող է վարակել՝ ընդունարանում սպասելով օգնության: Եվ դեռ ինչքան մարդու կվարակեին բժիշկները, ովքեր օգնում էին վարակվածին և նրա հղի կնոջը:

Խուճապի մյուս կողմն իրավիճակի վտանգավորության հերքումն էր: Դպրոցները, համալսարանները, թանգարաններն ու մարզասրահները կարանտինում էին: Բայց փողոցներում ոչինչ չէր փոխվում: Մարդիկ շարունակում էին դահուկ քշել, հավաքվել այգիներում, կազմակերպել երեկույթներ ու խնջույքներ: Սոցիալական ցանցերում կոչ էին անում չչեղարկել կյանքը:

Առավել հաճախ հայտնվում էին կոնսպիրոլոգիական տեսություններ՝ նշելով, որ կորոնավիրուսից մահացած մարդ դեռ ոչ ոք չի տեսել, ուստի՝ սուտ է: Գրում էին, թե այդ ամենը ՆԱՏՕ-ի վարժանքներ են, իրենց խաբում են, քանի որ իտալացիներն ալարկոտ են ու արձակուրդ են ուզում, մահանում են միայն ծերերը, բայց նրանք այդպես էլ կմահանային, վթարներից ամեն օր մարդիկ են մահանում, ծիծաղելի է, ծանոթ բժիշկն ասել է, թե սովորական գրիպ է:

Եվ քանի դեռ բոլորը մտածում էին, թե կորոնավիրուսից պետք է զգուշանան միայն 80 տարեկանները և ակտիվորեն խախտում էին կարանտինային միջոցառումները, վիրուսն ընկերացավ երիտասարդների ու ակտիվների հետ: Մեկ շաբաթ անց հիվանդանոց էին տեղափոխվում 20-50 տարեկանները: Եվ դա միայն կոլապսի սկիզբն էր:

Երկիրը` կարանտինում

Մարտի 10-ի գիշերն Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել՝ սահմանափակելով տեղաշարժը Լոմբարդիայում և 14 այլ մարզերում: Հաջորդ օրը կառավարության կայքում հայտարարություն տեղադրվեց՝ ամբողջ երկրում կարանտինի հաստատման մասին. ոչ մի թաղում ու հարսանիք, բոլոր հնարավոր ձեռնարկությունները փակ են, տանից դուրս գալ կարելի է միայն սննդի, շանը ման տալու, դեղատուն, բժշկի կամ աշխատանքի՝ ունենալով հատուկ թույլտվություն: Խախտելու դեպքում արդեն ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվություն էր նախատեսված:

Լոմբարդիական հրամանագրի ստորագրումից օրեր առաջ փաստաթղթի նախագիծն արդեն լրագրողների ձեռքին էր, տեքստն արդեն տարածվել էր սոցկայքերում ու չէին էլ ենթադրում, թե որքան մեծ է իրենց բացած Պանդորայի արկղը: Մարտի 9-10-ը հնարավոր չէր գնացքով ուղևորվել Միլանից Ջենովա կամ Հռոմ, եթե նույնիսկ այնտեղ ես ապրում կամ աշխատում: Գնացքները մարդկանցով էին լի, մայրուղիները՝ մեքենաներով: Մարդիկ փակվող շրջաններից փախչում էին հարավ, ով կարող էր՝ երկրից: Ամբողջ երկիրը փախչում էր ասես տնային կալանքից՝ չգիտակցելով, որ իրենց հետ վիրուս են տանում:

Քամահրական վերաբերմունքը տանը մնալու, ախտանշանների ի հայտ գալու դեպքում ինքնամեկուսացվելու և բժշկի սպասելու կոչ անող բժիշկների հասցեին, «իշխանությունների քմահաճույքի» պատճառով ստեղծված անհարմարության տանելու ցանկության բացակայությունը, կեղծ լուրերով ողողված սոցցանցերի ազդեցությունը հանգեցրեցին նրան, որ յուրաքանչյուրն այնպես էր վարվում, ինչպես կարող էր:

Ի՞նչ սխալներ ենք թույլ տվել

Սխալ 1. Վտանգի չգիտակցել, հիվանդներին չմեկուսացնել, բնակչությանը չտեղեկացնել, անմիջապես կարանտին չհայտարարել շրջաններում մինչ այն պահը, երբ աղետը դարձավ համաժողովրդական: Երբ հայտարարվեց կարանտին, արդեն ուշ էր: Մարդիկ շարունակում էին մեկնել. ո՞վ գիտե՝ քանի հոգու կարող էին վարակել:

Սխալ 2. Քամահրանքը բժիշկների անվտանգության նկատմամբ: Հենց նրանց էր պետք առավելագույնս ապահովել հագուստով, դիմակով, ակնոցով, ախտահանիչ միջոցներով: Սովորեցնել ճիշտ հագնվել, հերթափոխից հետո հագուստը ճիշտ հանել, դիմակը՝ նմանապես: Բոլոր բժիշկները պետք է թեստավորում անցնելու հնարավորություն ունենան. թանկ է, բայց՝ անհրաժեշտ:

Սխալ 3. Հիվանդանոցներ չնախապատրաստելը, որտեղ հնարավոր կլիներ մեկուսացնել և բուժել Covid-19-ով վարակվածներին, ինչպես դա արեցին Չինաստանում: Բոլորը լավ հասկանում են, որ երբ հիվանդանոցում հայտնվում է կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, մյուս պացիենտները նույն պահին դառնում են պոտենցիալ վարակակիրներ: Կորոնավիրուսով վարակվածները պետք է մեկ վայրում լինեն՝ իրենց առանձնահատկություններից կախված տարանջատմամբ:

Սխալ 4. Բժիշկների հաղորդած տեղեկատվության անտեսում: Վերջին տարիներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում տեղերն էականորեն կրճատվել են, իսկ առողջապահական համակարգի զարգացման ծախսերը՝ նվազել: Հարևան Գերմանիայի հետ համեմատ՝ վերակենդանացման բաժանմունքներում մի քանի անգամ քիչ տեղ կար: Բժիշկները վաղուց էին նշում, որ եթե այսպես շարունակվի, համակարգը կտապալվի: Ներկայումս վերակենդանացման բաժանմունքներում տեղերն ավելացվել են 65%-ով, բայց դա արել են կամավորների ու բուժանձնակազմի մեծ ջանքերի շնորհիվ, պացիենտներին տեղավորել են միջանցքներում, քանի որ պալատներում տեղ չկար: Կորոնավիրուսից բացի՝ կա նաև ինսուլտ, վթարներ, օնկոլոգիական վիրահատություններ: Եվ պարզ է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտին չպետք է պառկեցնել քաղցկեղով հիվանդի կողքին:

Ներկայումս հիվանդանոցների ներկայացուցիչները լրագրողների հետ ավելիի զգույշ են շփվում՝ խուճապ չառաջացնելու և իրենց չհարվածելու համար: Բժիշկները ցավով էին պատմում, որ տեղ չկար, ու ստիպված բուժման էին ընդունում միայն ավելի մեծ հավանականություն ունեցողներին: Իհարկե, բժիշկները չէին ենթադրում, որ իրենց կարող են քննադատել. ոմանց տարեց ծնողները հիվանդանոցում էին: Եթե ամեն ինչ վատ ընթանա, մեղավոր կլինի բժիշկը, ով որոշել է փրկել ոչ թե ձեր հարազատին, այլ մեկ պացիենտի, ում բուժվելու հավանականությունն ավելի մեծ է:

Սխալ 5. Փոխըմբռնման բացակայություն ու եսասիրություն: Որքան էլ տարօրինակ չթվա՝ համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է սիրել մերձավորին և հանուն նրա չգնալ ռեստորան, մարզադաշտ, դիմանալ կորուստներին՝ աշխատակիցներին փոխադրելով հեռավար աշխատանքի: Իսկ բլոգերներն ու լրագրողները պետք է պատասխանատվություն կրեն այն տեղեկատվության համար, որը հաղորդում են լսարանին ու ընթերցողներին:

Ինչպե՞ս պայքարել ահազանգի դեմ համավարակի ժամանակ. մի քանի խորհուրդներ

Բոլորիս մոտ վախը մեկն է. համավարակին չդիմակայելը: Փորձում ենք փրկել մեզ ու մեր հարազատներին, տարօրինակ գործողությունների ենք դիմում, չենք վերահսկում մեզ և, իհարկե, փորձում ենք իմանալ ավելին:

Վախն ահագնանում է այսպես կոչված «տեղեկատվավարակով». վիրուսային և շատ արագ տարածվող լուրերով, կիսալուրերով, կիսաճիշտ տեղեկություններով: Դա կարող է տարանջատել մարդկանց, տրամադրել մեկը մյուսի դեմ, սրել առկա անհանգստացնող մտքերն ու պաթոլոգիաները: Առաջարկում եմ 7 միջոցառումներ՝ ինչպես դիմակայել համավարակի երկրորդ դեմքին.

1. Հոգ տարեք ձեր մասին, տանը ստեղծեք հնարավորինս հարմարավետ ու անվտանգ միջավայր: Եթե դա կհանգստացնի, գնեք սննդամթերք, գրառեք առաջիկա 2 շաբաթվա ծրագրերը, հասկացեք, որ կյանքը շարունակվում է, իսկ կարանտինն ու համաճարակը պատերազմ չեն. ոչ ոք չի ռմբակոծելու ձեր քաղաքը:

2. Կարդացեք միայն պաշտոնական լուրերը՝ ստուգված ԶԼՄ-ների ու առողջապահական մարմինների հրապարակած: Պատշաճ տեղեկացվածությունը նվազեցնում է տագնապը:

3. Ընդունեք, որ «սարսափելի» երևույթներ կան: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ կընթանա: Ժամանակ հատկացրեք լուրեր կարդալու և խնդիրները քննարկելու համար: Մնացած ամբողջ ընթացքում ձեր կյանքով զբաղվեք: Ձեր կյանքը կորոնավիրուսը չէ:

4. Խուսափեք որոշում կայացնելուց, քանի դեռ տագնապը չի անցել:

5. Մի շրջանառեք համացանցային կամ սոցցանցային տեղեկությունները, հատկապես եթե դրանք այն «ընկերների» կողմից են տարածվում, որոնք միմյանց չեն ճանաչում:

6. Ախտանշաններ ի հայտ գալու դեպքում դիմեք բժշկի, ֆորումներում ու սոցցանցում խորհուրդ մի հարցրեք:

7. Խուճապային իրավիճակում հայտնվելու դեպքում դիմեք հոգեբանի:

Ամենաընթերցվածը

2 րոպե
Խմբագրություն

Հակոբ Արշակյանի հաղորդմամբ` կայանի նպատակն արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա ազդելն է: «X-100»-ը կարող է խափանել մինչև 100 կմ հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերի և այլ սարքավորումների տեղորոշման համակարգերի աշխատանքը:

3 րոպե
Խմբագրություն

Covid-19-ի բրիտանական շտամմն արդեն տարածված է աշխարհի 106 երկրներում, հարավաֆրիկյանը` 56: Հայաստանում դրանց տարածվածության վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ այստեղ այդ շտամմերի թեստավորում չի կատարվում, ուստիև դրանց նկատմամբ վերահսկողություն չի կարող կատարվել:

3 րոպե
Խմբագրություն

Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

3 րոպե
Խմբագրություն

Հաղորդվում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է կիրառվել անմիջապես Բաքվի ուղղությամբ: Իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ-ն այն որսացել է, սակայն դրանից անմիջապես հետո Ալիևը համաձայնել է գնալ հրադադարի:

2 րոպե
Խմբագրություն

Ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` Հայաստանի զինված ուժերի կազմում գտնվող բոլոր «Իսկանդեր» հրթիռները գտնվում են երկրի զինապահեստներում:

4 րոպե
Խմբագրություն

Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ: Այս գործընթացի մասն են համարվում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Լոնդոնում: Փարիզին կարող են միանալ նաև Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:

2 րոպե
Խմբագրություն

Գեղարքունիքի մարզում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

3 րոպե
Խմբագրություն

Փաստերի ստուգման հարթակն արձանագրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի նախագահի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.