Ո՞վ է կրակել ցուցարարների վրա. BBC-ի հետազոտությունը — Շեշտ.am (shesht.am)
27 րոպե
Խմբագրություն

Ո՞վ է կրակել ցուցարարների վրա. BBC-ի հետազոտությունը

BBC-ն 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ հոդված է հրապարակել. Shesht.am-ն իր ընթերցողների համար թարգմանել է հոդվածը։

Երևանի կենտրոնը՝ 2008թ. մարտի 2-ին / ©lragir.am

BBC-ի ռուսական ծառայությունը բացառիկ հնարավորությամբ ձեռք է բերել Հայաստանի արդի պատմության ողբերգական իրադարձություններից մեկի՝ 2008թ. մարտի 1-ին Երեւանում բողոքի ցույցերի ժամանակ սպանված 10 անձանց մահվան հետաքննության վերաբերյալ փաստաթղթերը։

Հետաքննության համաձայն՝ ցուցարարների վրա իրականացված հրաձգությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):

Բացի այդ, BBC-ի կողմից ձեռք բերված հետաքննչական փաստաթղթերում խոսվում է նախկին երկու նախագահների եւ երկու ազդեցիկ գործարար-պատգամավորների մասին:

2008թ. փետրվար-մարտ ամիսների ողբերգական դեպքերի նոր հետաքննությունն այսօր հիմնականում առընչվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացին։

Հետաքննությունը հսկայական քաղաքական նշանակություն ունի եւ կարող է էականորեն փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորվածությունը։

Զոհերի հարազատները սպասում են հետաքննության արդյունքներին , սակայն գործն անվանում են նաեւ ընտրովի արդարադատության օրինակ։

Հետաքննության նյութերից տեղեկանում ենք, որ քննիչների կարծիքով՝

  • Ցուցարարների վրա կրակել են ղարաբաղյան ուժայինները՝ գեներալ Կարապետյանի հրամանատարությամբ (վկայի կարգավիճակ ունի գործում)
  • Կարապետյանի ջոկատը տեղակայված է եղել նախագահի նստավայրի նկուղում։
  • Ջոկատին այցելել են եւ Քոչարյանը, եւ Սարգսյանը։

Հետաքննիչները ստուգում են նաեւ ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի մասնակցությունն այս գործին, ովքեր կարող են ֆինանսավորած լինել ցույցերի ցրման օրերին ղարաբաղյան ուժերի պահման ծախսերը։

Հայաստանի եւ Ղարաբաղի աղբյուրները BBC-ին հաստատել են հարցաքննության նյութերի վերաբերյալ պնդումները, սակայն մեզ չի հաջողվել ձեռք բերել բոլոր սպանվածների մահվան հանգամանքների վերաբերյալ անկախ տեղեկություններ:

Գեներալ-մայոր Կարապետյանը ծառայել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Սերժ Սարգսյանի կառավարման երկու ժամանակահատվածներում սպանությունների մեղավորները չեն հայտնաբերվել:

2008թ. նոր հետաքննությունը բացվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով բողոքի նոր ալիքի շնորհիվ եկել է իշխանության: Գործի վերաբացումը էնտուզիազմով է ընդունվել հայ հասարակության կողմից, ում համար 10 հոգու չպատժված սպանությունը ծանր հարված էր:

Սակայն հետաքննության գաղտնիությունը և նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները գործի քաղաքական նշանակությանն ու դատական համակարգի նկատմամբ ճնշումներին առընչվող հարցեր են առաջացրել: Դրան է նպաստել այն հանգամանքը, որ ներկայիս վարչապետ Փաշինյանն է 2008թ. կազմակերպել ցույցերը և աշխատել է նախագահի պարտված թեկնածուի շտաբում, այնուհետև մեղադրվել էր այդ օրերի դեպքերի համար:

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը, որը վարում է նոր քննությունը, ենթարկվում է վարչապետին: ՀՔԾ-ն հրաժարվել է մեկնաբանությունից:

Կարապետյանը BBC-ի հետ չի ցանկացել քննարկել իր հասցեին ուղղված մեղադրանքները: Գործարարներ Ծառուկյանը և Ալեքսանյանը հերքել են իրենց մասնակցությունը 2008թ. իրադարձություններին:Քոչարյանի փաստաբանը չի կարողացել օպերատիվ մեկնաբանություններ ներկայացնել, իսկ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանությունից:

Ո՞վ է հրամայել կրակել

Հարցաքննությունների ընթացքում քննիչները հաստատել են, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ղեկավարել ցուցարարների վրա արձակված հրաձգությունը:

Մարտի 1-ի գիշերն այրված մեքենա / ©MAX SIVASLIAN/AFP/GETTY IMAGES

2008թ. Կարապետյանը ղեկավարել է Երևան տեղափոխված ղարաբաղյան ստորաբաժանումները: Այս փաստը նա հաստատել է 2018թ. օգոստոսի 15-ի հարցաքննության ժամանակ, ուր հրավիրվել էր որպես վկա:

Հարցաքննությունը տևել է 4 ժամ, BBC-ն ունի դրա կրկնօրինակը: Հարցաքննության պահին Կարապետյանը զբաղեցրել է ԼՂՀ ՊՆ տեղակալի պաշտոնը, իսկ 2019թ. ապրիլին հրաժարական է տվել: Դրանից հետո ՀՔԾ-ի և գեներալի տարբերակներն իրար չեն համապատասխանում:

Հետաքննության տվյալներով՝ Կարապետյանն իր ենթականերից 20 հոգանոց խումբ է կազմել և տեղակայել Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրի նկուղում:

Կարապետյանի հարցաքննությամբ հաստատվել է, որ այնտեղ խմբի անդամներին մի քանի անգամ այցելել են Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը: Խմբի բոլոր անդամները պատրաստականություն են հայտնել հրամանի պարագայում կրակել ժողովրդի վրա, և համաձայն հետաքննության՝ հենց այս խումբն է կրակել մարտի 1-ին:

Հարցաքննության ժամանակ Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Գեներալը հարցերին պատասխանել է շատ կարճ՝ հիմնականում մեկ բառով: Կարապետյանին վերագրվող համապատասխան մեղադրանքները ներկայացվել են նաև այլ վկաների հարցաքննությունների ժամանակ: Նրանք չեն կարողացել հերքել կամ հաստատել տեղեկությունը մարտի 1-ին Կարապետյանի մասնակցության վերաբերյալ:

BBC-ի հարցմանն ի պատասխան՝ Կարապետյանը էլեկտրոնային նամակ է գրել՝ նշելով, որ համապատասխան կառույցներին արդեն բացատրություն տվել է: Գեներալի խոսքով՝ այդ հարցերին վերադառնալու անհրաժեշտություն չկա:

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյան (Օգանովսկի) / ©armlur.am

ՀՔԾ-ում չեն մեկնաբանել BBC-ի ստացած փաստաթղթերը՝ մերժումը բացատրելով «նախնական հետաքննության հետաքրքրությամբ»: Ծառայությունը երկու անգամ հարցաքննել է Սերժ Սարգսյանին, ս.թ. փետրվարի 1-ին և 6-ին: Երկու անգամն էլ վկայի կարգավիճակով: Նախկին նախագահ Քոչարյանը ՀՔԾ-ում հարցաքննությունից հետո՝ 2018թ. հուլիսին ձերբակալվել է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը էլեկտրոնային նամակով տեղեկացրել է, որ ՀՀ երրորդ նախագահն այս փուլում մամուլի հետ շփվելու ցանկություն չունի: Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը չի կարողացել օպերատիվ մեկնաբանություն ներկայացնել, սակայն իր Telegram էջում հաստատել է, որ Քոչարյանի գործում ղարաբաղյան ջոկատի վերաբերյալ տեղեկություն չկա:

Վճարել են օլիգարխները

Գործարարներ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնտեսության կարևոր դերակատարներ են, նրանց ձեռնարկությունները աշխատանքով են ապահովում հազարավոր քաղաքացիների: Տեղական լրատվամիջոցները նրանց օլիգարխներ են անվանում՝ պայմանավորված նրանց պատգամավորական կարգավիճակով և նախկին նախագահների աշխատակազմերի հետ ունեցած կապերով:

Ծառուկյանի ունեցվածքը կազմում է 222 մլն դոլար, իսկ Ալեքսանյանինը՝ 8 մլն դոլար՝ համաձայն նրանց կողմից 2018թ. ներկայացված հայտարարագրերի: Դրանցում ներկայացված են եղել միայն դրամական միջոցները և փոխառությունները, մինչդեռ անշարժ գույքը, մեքենաները և թանկարժեք զարդերն ու պարագաները նշված չեն եղել:

Հետաքննչական գործողությունների ընթացքում ՀՔԾ աշխատակիցները պարզել են, որ Ծառուկյանը և Ալեքսանյանը փոխհատուցել են 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Երևանում տեղակայված ղարաբաղյան խմբավորման ծախսերը:

Քննիչը հաստատել է, որ Ծառուկյանի ներկայացուցիչը այցելել է նախագահական նստավայրի նկուղում տեղակայված, Կարապետյանի ենթակայության տակ գործող խմբի անդամներին և նրանց գումար բաժանել: Երկու գործարարներն էլ հերքել են այս տեղեկությունը՝ BBC-ի հարցմանն ի պատասխան:

Ազգային ժողովի պատգամավոր, Ծառուկյանի պաշտոնական ներկայացուցիչ Իվետա Տոնոյանն իր էլեկտրոնային հաղորդագրությունում նշել է, որ Ծառուկյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս է հայտարարել, որ մարտի 1-ի դեպքերի հետ ոչ մի կապ չունի:

Ալեքսանյանը հեռախոսազրույցի ժամանակ հերքել է մարտի 1-ի դեպքերին իր մասնակցությունը՝ նշելով, որ ոչ մի այդպիսի բան չի եղել, ինքը ոչ ոքի պարենամթերքով չի ապահովել:

«Բոլոր մարդասպանները նստելու են»

2008թ. մարտի իրադարձությունները հետխորհրդային Հայաստանի պատմության ամենաողբերգական դեպքերից են: Այն ժամանակ Երևանի կենտրոնում ցուցարարները պահանջում էին բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք, իրենց կարծիքով, նախագահ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից կեղծվել են:

ԵԱՀԿ պաշտոնական զեկույցի համաձայն՝ 2008թ. ընտրությունները ընտրատեղամասերի 16%-ում անցել են «վատ» և «շատ վատ»: Դիտորդներն արձանագրել են ձայների հաշվարկի ժամանակ իրականացվող կեղծումների փորձերը:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը Ազատության հրապարակում տեղակայված ընդդիմության վրանային ճամբարը ցրել է, իսկ նույն օրը երեկոյան քաղաքի փողոցներում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ: Այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ մարտի 1-ից հետո անհանդուրժողականությունը վերաճել է փոխադարձ ատելության:

Կովկասի երևանյան ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը BBC-ին պատմել է, որ մարտի 1-ի վերաբերյալ հայ հասարակությունում ձևավորվել է կարծիքների իրար հակասող խումբ: Մեծ մասն այն դիտարկում է որպես խաղաղ ցուցարարների արյունալի ցրում, որի մեղավորը Քոչարյանն է:

Քաղաքագետի կարծիքով՝ կա նաև տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի և Տեր-Պետրոսայնի գործողությունների հետևանքով բողոքի ցույցերը ծայրահեղացվել են` վերածվելով արյունալի բախումների:

2008թ. Փաշինյանը փողոցային բողոքի կազմակերպիչն է եղել, ինչի համար շուրջ 1 ու կես տարի անցկացրել է բանտում: Նա, իշխանության գալով 2018թ. բողոքի նոր ալիքի շնորհիվ, մարտի 1-ի գործի վերաբացման հրահանգ է տվել: Այժմ, արդեն որպես կառավարության ղեկավար, նա խոստացել է զոհվածների ընտանիքների համար հասնել արդարության և հայտարարել է ամբիոնից, որ «բոլոր մարդասպանները նստելու են»:

Միքայելյանի կարծիքով` իրադարձությունների նոր պաշտոնական հաստատումը Փաշինյանի համար «անձնական հարց է», ինչպես նաև քաղաքական պատմության դաս, ինչի անմիջական մասնակիցն էլ ինքն է եղել:

ՀՔԾ-ն վերջին մեկ տարում մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա օգնականին, Պաշտպանության երկու նախկին նախարարներին և Գլխավոր շտաբի նախկին պետին: Նրանք կասկածվում են Սահմանադրական կարգի բռնի տապալման մեջ: Հետաքննության համաձայն՝ այդպիսի նշանակություն է ունեցել արտակարգ իրավիճակի հայտարարման մասին գաղտնի հրամանը և 2008թ. բանակի կիրառումը ցույցերը ցրելու համար:

«Ես հավատում եմ այս իշխանություններին»

BBC-ին տված հարցազրույցում Կարնեգի հիմնադրամի ավագ աշխատակից Փոլ Ստրոնսկին հայտարարել է, որ մարտի 1-ի հետաքննությունը շատ առումներով ընտրովի արդարադատություն է թվում՝ նշելով, որ հարցեր ունի այս գործի հետ կապված, քանի որ այն լիարժեքորեն թափանցիկ չէ:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը կարող է կրկնել Վրաստանի սխալները. վարդերի հեղափոխությունից 16 տարի անց ժողովրդավարական զարգացումը կանգ է առել, իսկ քաղաքական պայքարն ընթանում միայն առանձին քաղաքական գործիչների միջև: Ստրոնսկին ավելացրել է, որ, հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանն ուսումնասիրվող դեպքերի մասնակից է եղել, պետք է ցանկացած դրվագ պետք է հնարավորինս բաց ու թափանցիկ լինի:

Սակայն մարտի 1-ի զոհերի բարեկամներից շատերի մոտ արդարության հույս է նշմարվել: Մարիամ Հովհաննիսյանը կարծում է, որ նոր իշխանությունները մեկ տարվա ընթացքում արդեն ավելին են արել, քան նախորդ 10 տարիների ընթացքում:

Նրա եղբայր Զաքար Հովհաննիսյանն այդ իրադարձությունների վերջին զոհն է եղել՝ սպանվել է 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վրա:

Հայաստանում իշխանափոխությունից հետո Զաքարի սպանության գործը վերաբացվել է: Առաջին ձերբակալությունը տեղի է ունեցել 2019թ., երբ ՀՔԾ-ն Հովհաննիսյանի սպանության համար մեղադրանք առաջադրեց ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին: Զաքար Հովհաննիսյանի քույրը նշել է, որ հավատում է այս իշխանություններին և վստահ է, որ եղբոր սպանությունը կբացահայտվի:

Ի՞նչ ընթացք են ունեցել դեպքերը 2008թ. փետրվար-մարտ ամիսներին

Փետրվարի 19 — Նախագահական ընտրություններ Հայաստանում:

Փետրվարի 20 — Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 52,8% ձայն, իսկ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5%: Երկու թեկնածուներն էլ իրենց հաղթող են հռչակել:

Փետրվարի 21 — Ձայների հաշվարկի լուրջ խախտումներ են բացահայտվել մի շարք տեղամասերում: Այդ օրը Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ստացել է Պաշտպանության երկու փոխնախարարների աջակցությունը, և բանակի չի միջամտի քաղաքական դիմակայությանը:

Փետրվարի 24 — ԿԸՀ-ն հրապարակել է ձայների վերջնահաշվարկի արդյունքները. Սարգսյանն առաջին փուլով հաղթել է՝ հավաքելով ավելի քան 52%:

Փետրվարի 25-29 — Ընդդիմությունն ամենօրյա զանգվածային հանրահավաքներ է իրականացնում Երևանում: Քաղաքացիական հագուստով սադրիչները ցուցարարներին դրդում են բռնության:

Մարտի 1 — Ընդդիմության վրանային ճամբարի նկատմամբ ոստիկանությունը բռնի ուժ է գործադրում: Տեր-Պետրոսյանը հարկադրաբար ուղարկվում է տուն: Երևանի կենտրոնում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ժամանակ զոհվում է 10 մարդ: Երկրում հայտարարվում է արտակարգ դրություն, որն արգելում է հանրահավաքները և սահմանափակում խոսքի ազատությունը:

Մարտի 2 — Քաղաքի փողոցներում զինվորականներ են, Տեր-Պետրոսյանը ցուցարարներին կոչ է անում հեռանալ տները: Արգելափակվում են ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցների կայքերը:

Ապրիլի 9 — Սերժ Սարգսյանի երդման արարողությունը տեղի է ունենում մարտի 1-ի ողբերգությունից 40 օր անց:

Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որտեղից, համաձայն հետաքննության, բերվել են զինված ջոկատները, Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճի առարկա է: Բաքուն այն համարում է հայերի կողմից օկուպացված, իսկ Երևանը, թեկուզև փորմալ առումով չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, նրա հետ սերտ դաշինքի մեջ է:

ԼՂՀ և Հայաստանի Զինված ուժերը համատեղ են գործում, Հայաստանի ժամկետային զորակոչվածերի մի մասը ծառայություն է անցնում Ղարաբաղում: Հայաստանի 4 նախագահներից երկուսը ղարաբաղցի են: ԼՂՀ բնակչությունն ունի ՀՀ անձնագրեր, սակայն հայկական ընտրություններին չի մասնակցում:

Ի՞նչ են ասում փորձագետները

Փորձագետների կարծիքով՝ Փաշինյանի հարաբերությունները Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտայի հետ կարգավորված չեն: Կովկասի ինստիտուտից Միքայելյանը նշել է, որ այդ հարաբերությունների վրա այլ երևույթներից բացի ազդել է նաև մարտի 1-ի շուրջ հետաքննությունը:

Քաղաքագետը պատմել է, որ Ղարաբաղի ղեկավարությունը դատարանում պաշտպանել է Քոչարյանի ազատ արձակման պահանջը, ինչից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու նրանց կողմնակիցները հանդես են եկել կոշտ հայտարարություններով:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Էմիլ Սանամյանը կարծում է, որ ԼՂՀ իշխանությունները Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մասն են, և չի երևում, թե ԼՂՀ-ում Սարգսյանի թիմը կհեռանա առանց պայքարի:

Կարնեգի հիմնադրամից Ստրոնսկին հայտարարել է, որ Փաշինյանը վայելում է հայ հասարակության լիակատար աջակցությունը, ինչը չի կարելի ասել ռազմական ղեկավարության մասին: Իշխանության գալով՝ Փաշինյանը նշանակել է ոստիկանության և հատուկ ծառայությունների նոր ղեկավարների, սակայն բանակի վերնախավը փոխելը դժվար է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմի մեջ է դեռ: Փաշինյանի թիմում չկան ռազմական լուրջ հմտություններ և ազգային անվտանգության ոլորտում փորձ ունեցող մարդիկ:

Իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների միջև կոնֆլիկտը ենթադրյալ է, այդ թեման շահարկում են Հայաստանի խեղաթյուրված մեդիադաշտի և սոցցանցերի ֆեյքերը:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.