Ի՞նչ կարող են անել ռուս խաղաղապահները՝ Արցախում պատերազմի վերսկսման դեպքում. կարծիք
Համարվում է, որ փաստացի ռուս խաղաղապահներն Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների գերին են: Եթե Ռուսաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղում մշտական խոշոր զորախումբ ունենալ, ապա հնչում է առաջարկ. «խաղաղապահ առաքելության անձնակազմը հասցնել նվազագույնի՝ թողնելով միայն դիտորդներին»:
Չնայած հայտարարվել է պատերազմի ավարտի մասին, Լեռնային Ղարաբաղում կրկին կրակում և սպանում են: Հայերի և ադրբեջանցիների միջև ռուս խաղաղապահներն են կանգնել, որոնք, ինչպես պնդում են հետազոտողները, այլևս չեն կարող խաղաղ հերթապահություն իրականացնել: Արդյո՞ք Արցախում ի վերջո խաղաղություն կհաստատվի, թե՞ սա ընդամենը դադար է՝ նոր պատերազմից առաջ:
Մատնանշելով Արցախում հակամարտող ուժերի սահմանազատման քարտեզը՝ հեղինակը մեջբերում է ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշի խոսքերը՝ Առաջին համաշխարայինի ավարտն ազդարարող Վերսալյան աշխարհի պայմանների վերաբերյալ. «Սա խաղաղություն չէ. սա հրադադար է՝ 20 տարով»:
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի սկզբունքային հակասություն. դեռ ԽՍՀՄ տարիներից ԼՂԻՄ-ի կազմում եղած տարածքները պետք է որ հայկական կողմին անցնեին: Սակայն ադրբեջանական ուժերի հարձակումը կասեցվել է այն պահին, երբ նրանք արդեն գրավել էին Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասը:
Նշվում է, որ ադրբեջանցի զինվորները չեն պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ: Ընդհակառակը՝ նրանք ակտիվորեն սկսել են «կտրել» հայկական էքսկլավները: Հաղթողի իրավունքով՝ նրանք «դատարկում են» իրենց թիկունքում մնացած հայկական գյուղերն ու արցախի կամավորների դիրքերը, որոնք շարունակել են պաշտպանել իրենց բնակավայրերը (խոսքը Հին Շեն, Մեծ Շեն, Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մասին է. խմբ.): Ադրբեջանի զավթողական քաղաքականության հետևանքով տեղի ունեցած ընդհարումներին միջամտել են ռուս խաղաղապահները:
Եռակողմ հայտարարության համաձայն՝ այդ տարածքները պետք է մնային հայկական ուժերի վերահսկողության ներքո (կողմերը պետք է մնան իրենց դիրքերում), սակայն, ինչպես հայտարարվում է, Լեռնային Ղարաբաղը «միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք», իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ են հենց Բաքվի թույլտվությամբ: Միևնույն ժամանակ՝ հայկական կողմը նշել է, որ ռուս խաղաղապահները «որոշ հատվածներում հենակետեր չեն տեղադրել», այդ մասին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներկայումս կարևորվում է, որ ՌԴ խաղաղապահ խումբը միջոցներ է ձեռնարկում՝ ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը կասեցնելու և շրջափակման մեջ հայտնված բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Զորախումբը, ինչպես նշվում է, հայտնվել է «երկու քարի արանքում»:
Մի կողմից՝ նրանք պետք է ապահովեն ստատուս-քվոյի պահպանումը, սակայն Լեռնային Ղարաբաղում գտնվելը կախված է ոչ թե միջազգային համաձայնություններից, այլ՝ Բաքվից: Ալիևը 5 տարի անց կարող է նրանց դուրս հրավիրել: Մյուս կողմից՝ մեկ բրիգադի ուժերով բարդ տեղանքում լիարժեք վերահսկողություն ապահովելն անհնար է: Այն չի կարող կասեցնել ադրբեջանական հարձակումը: Առայժմ Բաքուն ընկերություն է խաղում Մոսկվայի հետ, սակայն ի՞նչ տեղի կունենա, եթե «ընկեր Ռեջեփը» կրտսեր գործընկերոջը հրահրի նոր պատերազմի:
Կարծիք կա, որ այդպիսի դիպաշարեր մշակվում են, սակայն դրանց համար դեռ ժամանակը չի հասունացել: Ինչպես նշվեց՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի միջև նույնպես «դադար» էր: Համարվում է, որ փաստացի ռուս խաղաղապահներն Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների գերին են: Եթե Ռուսաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղում մշտական խոշոր զորախումբ ունենալ, որը լիարժեք խաղաղություն կապահովի, ապա հնչում է առաջարկ. «խաղաղապահ առաքելության անձնակազմը հասցնել նվազագույնի՝ սահմանափակվելով միայն դիտորդներով»:
Մեկնաբանությունները