Ինչպիսի՞ն կլինի աշխարհը համավարակից հետո. Տարբեր ոլորտների 4 մասնագետների կարծիքը
Տնտեսագետը, բիզնես-փորձագետը, հոգեբանը և բժիշկը կանխատեսում են, թե ինչ է մեզ սպասվում ապագայում՝ գործարար միջավայրում, աշխատանքում, տանը, ընտանիքում, առօրյայում և ընդհանրապես:
Տիրող իրավիճակը լի է տագնապներով, հույսերով ու վախերով: Շատերս ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի սովորականի նման դուրս գալ տանից, սրճարաններում հանդիպել ընկերների հետ, ճամփորդել: Անհանգստանում ենք մեր հարազատների անվտանգության, հետագա սպառնալիքների մասին: Ինչպիսի՞ն է լինելու մեր աշխատանքը, կպահպանվի՞ այն ընդհանրապես: Այս հարցերին անդրադարձել են տարբեր ոլորտների 4 մասնագետներ:
Յան Մարչինսկի. ֆինանսական փորձագետ, ներդրող
Մարչինսկիի խոսքով՝ համավարակից հետո տնտեսական խորագույն ճգնաժամ է սպասվում. ավելին, քան 2008-ի, 2014-ի, Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ճգնաժամերն ու 1930-ականների Մեծ ճնշումները:
Փորձագետն ընդծել է, որ շատերն արդեն կորցրել են իրենց բիզնեսը, վարձու աշխատանքը, աշխատավարձը, իսկ 3-4 ամիս հետո այդպիսիք ավելի են շատանալու: Բացի այդ՝ տևական կարանտինից հետո կուտակած միջոցները կնվազեն: Մասնագետի խոսքով՝ կուտակած միջոցներ ընդհանրապես ունեցել է բնակչության 30%-ը, իսկ մյուս 70%-ի համար առավել դժվար է լինելու: Փոփոխություններ է կրելու պահանջարկը, ինչի հետևանքով ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների ոլորտը մեծ կորուստներ է կրելու:
Յան Մարչինսկին նշել է, որ շուկայում այդպիսի փոփոխություններն արդեն ակնհայտ են. պահանջարկն աճել է հեռահաղորդակցության սարքավորումների, ալկոհոլի, մթերային և թվային ապրանքների ոլորտներում: Կտրուկ նվազել են զբոսաշրջային, հագուստի, գեղեցկության, հյուրանոցային, տրանսպորտային և այլ ոլորտների եկամուտները: Մասնագետի խոսքով` տուժում է հիմնականում փոքր ու միջին բիզնեսը:
Տնտեսագետը կանխատեսում է, որ կարանտինի լիարժեք չեղարկումից հետո աճելու են հիմնականում ներմուծվող ապրանքների գները: Դա իր հերթին հարվածելու է բնակչության միջին և ցածր եկամուտներ ունեցող խավերին՝ էլ ավելի նվազեցնելով ոչ առաջնային պահանջարկը:
Զարգանալու է ներքին զբոսաշրջությունը: Մասնագետը սա տնտեսության համար դրական է համարել, քանի որ գումարի մի մասը մնալու է երկրում և ուղղվելու է ենթակառուցվածքների հանգստի գոտիների զարգացմանը:
Մարչինսկիի խոսքով՝ համաշխարհային նախկին ցուցանիշները վերականգնվելու են 3-4 տարի հետո: Նա հնարավոր է համարել, որ որոշ երկրներում այդ գործընթացն ավելի դանդաղ ընթանա՝ տևելով ավելի երկար:
Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է համարել նպաստավոր միջավայրի ստեղծումը, ներքին և արտաքին ներդրումները, սակայն տնտեսագետը դրանք համարել է ոչ էական՝ շեշտը դնելով մարդկային ռեսուրսի և սեփական որոշումների վրա: Անհրաժեշտ է լինելու, որ գործարար միջավայրն ամեն ինչ սկսի նորից՝ հաշվի առնելով նոր ժամանակները:
Տնտեսագետն ընդգծել է, որ աշխարհին սպասվում է թվայնացման դարաշրջան. հեռավար աշխատանք, առցանց խանութների ու առաքման ծաղկում, համացանցային ծանոթությունների ու բժշկության ծառայությունների աճ: Մեծանալու է հոգեբանների ու հոգեբույժների, հեռավար կրթական ծառայությունների պահանջարկը:
Մարչինսկին նշել է, որ առցանց տարբերակը բեռնաթափելու է գրասենյակները և, ըստ այդմ, անշարժ գույքի շուկան: Մարդիկ այլևս չեն մտածելու աշխատավայրի, մետրոյի մոտ տուն գնելու մասին, շատերը հեռավար աշխատանքի պարագայում քաղաքներից կհեռանան դեպի մարզեր:
Ալեքսանդր Շիկինով. վաճառքի տնօրեն
Ալեքսանդր Շիկինովի խոսքով՝ տիրող համավարակը նվազեցնելու է ընկերությունների ղեկավարների մոտ նախկինում առկա անհանգստությունը. կյանքը ցույց է տվել, որ մարդիկ տանից ավելի շատ ու ավելի լավ են աշխատում:
Վաճառքի հարցերով փորձառու մասնագետի համոզմամբ՝ նախկինում բազմաթիվ ղեկավարներ չէին հավատում, որ աշխատողները կարող են տան պայմաններում լավ աշխատել: Համավարակն ընտրության հնարավորությունից զրկեց նրանց, և պարզվեց, որ հեռավար աշխատանքը պակաս արդյունավետ չէ:
Միևնույն ժամանակ՝ կազմակերպություններն այդպիսով կարողանում են խնայել տարածքի պահպանման վրա՝ միջոցներն ուղղելով ավելի լավ մասնագետների վարձելուն, ովքեր նույնիսկ տարբեր քաղաքներում են բնակվում: Սա իր հերթին մրցակցություն է առաջացրել աշխատաշուկայում, քանի որ աշխարհագրությունն արդեն խոչընդոտ չէ:
Մասնագետի խոսքով, սակայն, ոչ բոլորն են ի վիճակի բարձր արդյունավետությամբ աշխատել հեռավար տարբերակով: Ոմանց համար սոցիումն է կարևոր. նրանք սիրում են շփվել գործընկերների հետ: Ուստի հնարավոր է՝ գրասենյակներն ամբողջությամբ չփակվեն, այլ փոխարինվեն միջին ինչ-որ տարբերակներով, օրինակ՝ աշխատանքային շաբաթը կդառնա 3/2/2՝ 3 օր՝ գրասենյակում, 2 օր՝ տանը, 2 հանգստյան օր:
Դիանա Գենվարսկայա. հոգեբան
Հոգեբան Դիանա Գենվարսկայայի համոզմամբ՝ շատերը կհրաժարվեն վնասակար սովորություններից: Վերջին ամիսներին շատերը տանն են, իրենք իրենց ու իրենց հարազատների հետ: Դա ընտանեկան հարաբերությունների հստակեցման լավ հնարավորություն էր:
Նրա խոսքով՝ ինքնամեկուսացման ժամանակ փոփոխվել են առաջնահերթությունները՝ առաջին պլան մղելով կյանքն ու առողջությունը, ընտանիքը, սերն ու հասկացվածությունը, սոցիումում բարձր դիրքի արժանացան բժիշկներն ու ուսուցիչները, իսկ դերասաններն ու բլոգերները մղվեցին հետին պլան:
Շատերը վերանայեցին իրենց վերաբերմունքը դեպի շրջապատը, աշխատանքը, մյուսները բացահայտեցին իրենց ստեղծագործական ունակությունները՝ պատրաստելով տարբեր ուտեստներ, նկարելով, նվագելով:
Հոգեբանը նշել է, որ կարանտինը նաև որոշակի սթրես է առաջացրել. ոմանց մոտ կարող են սրվել անհանգստությունները, տագնապը, ձևավորվեն նոր վախեր: Այդ դեպքում նա խորհուրդ է տալիս դիմել մասնագետի:
Դիանա Գենվարսկայայի խոսքով՝ համավարակից հետո նոր սովորություններ են մնալու, այդ թվում՝ հիգիենայի, ձեռքերը լվանալու, դիմակ կրելու և այլն: Սակայն սոցիալական հեռավորության հետագա պահպանումը մասնագետն անհնար է համարել: Որպես խնդիր է դիտարկվել նաև կարանտինի ընթացքում բաց թողնվածը հետագայում լրացնելու համար որոշ առումներով չափն անցնելու հավանականությունը, սակայն շատերը հրաժարվելու են վնասակար սովորություններից: Օրինակ՝ Իտալիայում կորոնավիրուսի բռնկումից հետո նվազել է գինու պահանջարկը:
Նիկոլայ Կրյուչկով. բժիշկ-իմունոլոգ
Բժիշկ Կրյուչկովը համոզված է, որ աշխարհն անցնելու է առողջապահության և բուժօգնության կազմակերպման նորարարական մեթոդների:
Բժիշկ-իմունոլոգը դժվարացել է Covid-19 համաճարակի ավարտվելու վերաբերյալ կանխատեսումներ անելուց: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է կարանտինային պայմանների տարբերությամբ. որոշ երկրներում այն խիստ է, մյուսներում՝ ոչ այնքան: Իրավիճակը վերահսկելի համարել կարելի է, ըստ նրա, միայն այն դեպքում, երբ վարակվածության օրական ցուցանիշները կայուն կերպով նվազեն:
Նիկոլայ Կրյուչկովը նշել է, որ այս տարվա համար մասնագետների առաջ ծառացած խնդիրը կորոնավիրուսի համաճարակի առաջին ալիքը կոտրելն է, ապա մի շարք միջոցառումներ պահպանվելու են: Մասնավորապես, ուղևորափոխադրումների ժամանակ սանիտարական հսկողությունը, տրանսպորտում՝ սոցիալական հեռավորությունը, առավելագույն քանակությամբ մարդկանց հեռավար աշխատանքի կազմակերպումը:
Բժշկի խոսքով՝ կպահպանվեն նաև դիմակները, ախտահանիչները, ավիահաղորդակցության սահմանափակումները, վարակվածների հետ շփում ունեցածներին հետևելը, իրավիճակի մշտադիտարկումը, քանի որ վիրուսը չի անհետանալու. զգոնությունը փոքր-ինչ թուլացնելու դեպքում իրադրությունը կրկին կվատթարանա:
Մասնագետը հավանական է համարել, որ աշնանը կարող է սկսվել երկրորդ ալիքը, ուստի անհրաժեշտ կլինի դիմանալ մինչև 2021թ. վերջերը՝ սպասելով պատվաստանյութերի ստեղծմանն ու կլինիկական փորձարկումներին: Նրա խոսքով՝ համընդհանուր պատվաստում տեղի չի ունենա՝ վարակը դարձնելով սեզոնային: Այդ ժամանակ, բժշկի խոսքով, SARS-CoV-2-ը կդառնա ավելի անվտանգ, քան՝ գրիպը, ադենովիրուսը և ՄԻԱՎ-ը:
Կրյուչկովը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ հաջողության հասնելու դեպքում պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ մարդկությունը «կհաղթի համաճարակին», որի պատվաստանյութը դեռ չի եղել, և աշխարհը նման իրավիճակների փորձառություն կունենա արդեն:
Բժիշկը նշել է նաև, որ համավարակը միևնույն ժամանակ ի հայտ է բերել առողջապահական խնդիրները, մասնավորապես՝ խրոնիկական ոչ բավարար ֆինանսավորումը և համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ ներկայումս վարակի դեմ պայքարի համար միջոցներ են հատկացվում, կառուցվում են հիվանդանոցներ, բայց այդ ամեն բավարար չէ:
Այդ պատճառով մարդկությանը նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, որոնք կմեղմացնեն հոսպիտալների ծանրաբեռնվածությունը, կապահովեն անհրաժեշտ թվով մասնագետներ՝ չվտանգելով մարդկանց առողջությունը: Բժիշկը նշել է, որ արդեն իսկ մշակվում են առաջադեմ մեթոդներ՝ բարձրացնելու առողջապահության արդյունավետությունը. մարդը կարող է նշել ախտանշանները, համակարգը նրան հարցեր կտա ու կորոշի՝ բժշկի կարիք կա, թե՝ ոչ: Ծրագիրը հետագայում կարող է հաշվի առնել առկա փորձը, պացիենտի առանձնահատկությունները՝ բարձրացնելով խորհրդատվության հստակությունը:
Մեկնաբանությունները