Ըմբոստ բնության ճարտարապետություն. ինչպե՞ս են Ճապոնիայում տները կառուցվում — Շեշտ.am (shesht.am)
24 րոպե
Խմբագրություն

Ըմբոստ բնության ճարտարապետություն. ինչպե՞ս են Ճապոնիայում տները կառուցվում

Մեր ընթերցողներին ներկայացնում ենք Tjournal-ի հրապարակումը երկրաշարժերի ու թայֆունների դեմ ճապոնացի ճարտարապետների բազմադարյա պայքարի մասին:

Տոկիո, Ճապոնիա / ©1zoom.me

Հոկտեմբերի 12-ին Ճապոնիայում տեղի ունեցավ վերջին 60 տարվա ամենաուժգին «Հագիբիս» թայֆունը: Քամու արագությունը կազմում էր 45-65 մ/վ: Տարերքին զոհ գնաց 79 մարդ, վիրավորների թիվն անցնում էր 400-ից: Դա սեզոնի ընթացքում 9-րդ թայֆունն էր: Դրանից 1 շաբաթ անց օդերևութաբանական վարչությունը զգուշացրեց մոտեցող նոր՝ կրկնակի թայֆունի մասին:

Քամին արմատախիլ է անում ծառերը, գովազդային վահանակները պոկում, դեն նետում մեքենաները: Ճոճվում են շինությունները:

ՈՒ թեև սարսափելի է գտնվել ճոճվող շինությունում, սակայն Ճապոնիայի դեպքում համարվում է, որ անվտանգ է: Տոկիոյում 153 երկնաքեր կա: Այն աշխարհի բարձր քաղաքների առաջին 10-յակում է: Շենքերից յուրաքանչյուրը կառուցված է շինարարական հատուկ չափորոշիչներով: Այստեղ օրենսդրորեն ամրագրված են սեյսմակայուն ամրանները և քամուց պաշտպանող կառուցվածքները: Այդ չափորոշիչները մշակվել են դարերի ընթացքում և կատարելագործվել են:

Փայտը լավագույն նյութն է

Ջեյմս Կլավելի «Սյոգուն» գրքում պատմվում է, որ ճապոնիայում ամեն օր երկրաշարժ է, հրդեհներ, ջրհեղեղ, բարձր ալիքներ, թայֆուններ: Բնությունն այստեղ խիստ է: Գրքի հերոսը եվրոպացի է, որ 16-17 դարերում հայտնվել է Ճապոնիայում՝ առաջին անգամ ոտքերի տակ զգալով ստորգետնյա ցնցումները:

Գրքում երկրաշարժից հետո ճապոնական ավանդական տնակները փլուզվել են: Փայտի ու բրնձեթղթե պատերի տակ մարդիկ էին մնացել, բայց ոչ ոք չէր տուժել: Բանն այն է, որ փայտն ու թուղթը հատուկ էին օգտագործվել՝ քիչ վնասվելու համար: Բացի այդ՝ տունը վերանորոգելն արդեն ավելի արագ կստացվեր, ի տարբերություն քարի:

Ճապոնական ավանդական տուն / ©Flickr

Փայտե տների ավանդույթը ծագել է Չինաստանում: Այնտեղ ներկում էին տան պատերը, մինչդեռ ճապոնացիները որոշեցին թողնել բնական գույները: Փայտը պաշտպանում էր ամռան տապից և ձմռան ցրտից: Տնակները հենվում էին հողի մեջ խրված սյուների վրա՝ գետնից մի փոքր բարձր, որպեսզի քամին չքշեր, այլ անցներ տակով:

Ճապոնական ճարտարապետական ավանդույթները սկսել են ձևավորվել 8-րդ դարից: Տարբեր կրոնների ու կառավարման ռեժիմների պայմաններում դրանք չնչին փոփոխություններ են կրել, քանի որ դրանք ոչ թե դիզայնի, այն կենսական նշանակություն ունեցող առանձնահատկություններ էին:

Ճապոնական տաճար / ©CNN

Ճապոնիայում կորացված կտուրներով մեհյանները ստեղծվել են բուդդայական մշակույթի ազդեցությամբ: Շինության այս մոդելը լավ դիմանում է ճոճին: Կենտրոնում փայտե հաստ սյունն է, որից տարածվող պատերը ձգվում են մինչև իրարից բավականին հեռու գտնվող ամրանները: Այդպիսով՝ կառույցը դիմանում է ինչպես քամուն, այնպես էլ ցնցումներին:

Աջ կողմում՝ ճապոնական մեհյան / ©Flickr

Էդոյի դարաշրջանում, որը տևել է 260 տարի՝ մինչև 19-րդ դարի կեսերը, Ճապոնիայում կառուցվել են բազմահարկ ամրոցներ, շատ սենյակներով ու միջանցքներով: Նրանցից յուրաքանչյուրում կմախքն էր՝ հենված 4 ծավալուն սյուների վրա: Պատերն արդեն քարից էին, որոնք հենված էին այլ կառուցվածքի վրա: Այս սկզբունքի շնորհիվ շինությունները դիմանում էին ստորգետնյա ցնցումներին: Կտուրներն արվում էին հատուկ հրակայուն նյութերից, քանի որ թայֆունների կամ երկրաշարժերի ժամանակ մարդիկ հիմնականում զոհվում էին դրանց պատճառով առաջացած հրդեհներից:

Առաջին բազմահարկերն ի հայտ են եկել 19-րդ վերջին: Դրան նպաստել է փոթորկի հետևանքով առաջացած հրդեհը, որն ավերել է Էդո քաղաքի (Տոկիո) 70%-ը: Քաղաքն այրվել է 3 օր՝ խլելով 100 հազար մարդու կյանք:

Այդ ժամանակ արդեն արևմտյան ավանդույթներն արդեն մուտք էին գործել Ճապոնիա: Դրանց թվում էր նաև ճարտարապետությունը: Այրված տների տեղում կառուցվեց ներկայիս Գինզա թաղամասը: Այն կոչվեց «Աղյուսե քաղաք» (Bricktown, ブリックタウン): Դրա օրինակով ճապոնացիները սկսեցին թարմացնել մյուս թաղամասերը:

Թատրոնի շենք / ©oakhouse.jp

30 մետր, 11 հարկ

Ամերիկյան Սան-Ֆրանցիսկոյում առաջին երկնաքերը կառուցվել է 1890թ.: Տերը San Francisco Chronicle ամսագիրն էր, և բարձր շենքը խորհրդանշում էր հրատարակության հզորությունն ու վեհությունը: Շենքը հաշվվում էր 66 մետր: 8 տարի անց նույն քաղաքում կառուցվեց 96 մետրանոց «Կանչի շենքը»: Այս երկու երկնաքերն էլ դիմացան 1905թ. տեղի ունեցած 7,7 մագնիտուդ երկրաշարժին:

Այդ մասին իմացել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տոսիկատո Սանոն: Նա մեկնել է ԱՄՆ՝ ծանոթանալու ամերիկյան երկնաքերերի կոնստրուկցիային: Նրա գիտելիքները հիմնվում էին Շինարարության մասին քաղաքային օրենքի և Կառուցապատման քաղաքային նախագծի վրա: Երկու փաստաթուղթն էլ ստորագրվել են 1919թ.՝ սահմանափակելով շինությունների բարձրությունը Տոկիո, Յոկոհամա, Կիոտո, Օսակա և Կոբե քաղաքներում: Առավելագույն թույլատրելին 30 մետրն էր:

1923թ. Տոկիոյում տեղի ունեցավ 7,9 մագնիտուդ երկրաշարժ: Ցնցումները հասան միչև Յոկոհամա: Ավերվեց 250 հազար տուն, զոհվեց 140 հազար մարդ: Եվս 450 հազար տուն այրվեց: 90%-ից ավելին հենց կրակին զոհ գնաց: Այս ամենի մեջ ուշագրավ էր, որ նոր կարգն ընդունելուց հետո Տոկիոյում և Յոկոհամայում հասցրել էին կառուցել 658 բարձրահարկ, որոնցից 35-ն ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել էին: 49-ը լուրջ էին վնասվել, իսկ մյուսները թեթև վերանորոգման կարիք ունեին կամ ընդհանրապես չէին տուժել: Այդպիսի արդյունքը գոհացուցիչ էր:

Տոկիոն՝ 1923թ. երկրաշարժից հետո / ©The Tokyo Files

1 տարի անց ճապոնացիները պրոֆեսոր Սանայի նախաձեռնությամբ մտածեցին սեյսմիկ գործակից: Նրա պնդմամբ՝ շինությունները ամրացած են հողին, ուստի երկրակեղևի շարժի ժամանակ դրանք ենթարկվում են հորիզոնական ցնցման: 1923թ. այդպիսի հորիզոնական ցնցումը Տոկիոյում 3 անգամ գերազանցել է թույլատրելին: Սանան առաջարկել է բետոնե շինությունները սահմանափակել մինչև 20 մետր:

45 մետր, 16 հարկ

Ճապոնիան սեյսմիկ առումով աշխարհում ամենաուսումնասիրվածն է: Երկրաշարժերն այստեղ այնքան շատ են, որ գիտնականներն ու փորձագետները խորհուրդներում ամեն տարի նորություն են մտցնում՝ հաշվի առնելով ողբերգական փորձը:

1950-60-ականներին ուսումնասիրվել է հզոր ցնցումերի ուժն ու սթրեսային իրավիճակներում շենքերի կառուցվածքային տարրերը: Սահմանվեց նոր՝ առավելագույն բարձրություն՝ 45 մետր (1963թ.): Ընդ որում` թույլատրվում էր կառուցել ավելի բարձր, սակայն յուրաքանչյուրի դեպքում Շինարարության նախարարության հատուկ հանձնաժողովի գնահատականից հետո:

1968թ. բարձրության սահմանաչափը եռապատկվեց: Կասումիգասեկի շենքն ունեցավ 147մ բարձրություն, 36 հարկ: Սա համարվում է ճապոնական առաջին երկնաքերը: Նախագծի վրա աշխատել են գիտությունների դոկտորներ, համալսարանների գիտնականներ: Շինարարության համար օգտագործվել են հավասար քանակությամբ բետոն և քար:

Կասումիգասեկիի շենքը / ©Wikimedia Commons

Դրանից 8 տարի անց կառուցվեց առաջին բնակելի բարձրահարկը՝ 18 հարկանի, 47,7 մ-անոց: Սա արդեն վերափոխված տարբերակն էր. ոչ թե քարե տուփ էր, այլ հատուկ բետոնային կառուցվածքներով: Կմախքի կառուցման համար օգտագործվել են 3 մետրանոց կաղապարներ, որոնց շնորհիվ շենքը կարող էր կորանալ՝ դիմանալով ճոճին: Այս նախագիծը դարձավ օրինակ` այլ բարձրահարկերի համար:

60 մետր, 22 հարկ

Շինարարական օրենսգիրքը վերանայվեց 1981թ.: Առավելագույն բարձրությունը հասցվեց 60 մետրի (22 հարկ): Դրանից բարձրների համար կարգը նույնն էր՝ հատուկ թույլտվությամբ: Հերթական փոփոխությունից հետո սկսվեց նորակառույցների ԲՈՒՄ-ը: 1993թ. կառուցվեց Landmark Tower-ը Յոկոհամայում. 266 մետր: Մինչև 2014թ. Յոկոհամայի 70 հարկանի շենքն աշխարհում ամենաբարձրն էր: Նրան փոխարինեց 60 հարկանի, բայց 300 մետրանոց Abeno Harukas-ը՝ Օսակայում:

Ներկայումս միայն Տոկիոյում կա 153 շենք՝ 150 մ-ից բարձր և 8-ն էլ կառուցվում են: Օսակայում 41-ն են, Նահոյում՝ 11, Կավասակիում՝ 10, Յոկոհամայում՝ 7, Կոբեում՝ 6, Տիբեում՝ 4 և Հիրոսիմայում՝ 3 հատ:

Տոկիոյում է գտնվում նաև ամենաբարձր աշտարակներից մեկը՝ 625 մետրանոց Tokyo Skytree-ն: Այն կառուցված է թայֆուններին ու երկրաշարժերին դիմանալու հաշվարկով: Նրա դեպքում շինարարները հետևել են հին, փորձված տեխնոլոգիային. Skytree-ն եղանակի մոդելով է կառուցված: Աշտարակի ներսում հսկայական փողն է՝ ռետինե ծածկույթով: Փողի շուրջբոլորը էկզոկմախք է (արտաքին կմախք)՝ դեմպֆերից (տատանումների մարիչ) պատրաստված: Այն չեզոքացնում էր ցնցումները:

Skytree տեխնոլոգիայի մասին, երկրաշարժերի դիմակայություն / ©Science Channel

Դեմպֆերը հատուկ սարքավորում է, որի շնորհիվ վիբրացիան և իներցիան մարում է: Հաճախ այն բետոնե աղյուս է, որը հետ է մղում իներցիան՝ շինությանը զերծ պահելով ցնցումներից:

Դեմպֆերի կիրառումը լեգոյի օրինակով / ©minutephysics

Բայց շենքերը, ամեն դեպքում, պետք է ճոճվեն: Եթե բարձրահարկերը չճոճվեն, ինչպես տեսանյութերում են, ապա նվազագույն հորիզոնական ցնցման դեպքում կփլվեն: Իսկ տեսանյութում առավելագույն՝ 9,1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժն է (2011թ.):

Երկրաշարժից ճոճվող շենքեր, Տոկիո, 2011թ. / ©TheRoyal TV

Չնայած բարձրահարկերի ոլորտի զարգացմանը` փայտե տները Ճապոնիայում շարունակվում են հանդիսանալ հանրային մեծ պահանջարկ: Դրանց նկատմամբ նույնպես իշխանությունները խիստ են. հսկվում են շինարարական բոլոր մանրուքները:

Նոր տունը պետք է ունենա նյութերի 10 տարվա երաշխիք: Այսինքն՝ հնարավոր չէ մատչելի գնով պահեստից գնել հնացած ցեմենտ, տունը կառուցել դուրսգրված աղյուսից: Ընդ որում՝ 3 հարկից բարձր բնակելի շինությունները ստուգվում են կրկնակի: Նախագծի մակարդակում ստուգվում են բոլոր փաստաթղթերը, իսկ շինարարության ընթացքում ժամանում է հատուկ հանձնաժողովը: Այն ստուգում է աշխատանքների որակը և համապատասխանությունը նախագծին:

Ջուրը քամուց ու երկրաշարժից վտանգավոր է

2011թ. երկրաշարժը փոխեց ճապոնացիների և համաշխարհային հանրության վերաբերմունքը արդյունաբերական շինությունների նկատմամբ: Այդ ժամանակ առաջացան մի քանի ցունամիներ: Բազմաթիվ բարձր ալիքներ հարվածեցին ճապոնական ափերին: Տուժեց նաև Ֆուկուսիմայի ատոմակայանը:

2011թ. երկրաշարժը / ©National Geographic

Այն Ճապոնիայի համա կարևոր էներգետիկ կետ էր: Այնտեղ գեներացվում էր երկրի էլեկտրաէներգիայի 1/3-ը: Դեպքից հետո Ճապոնիայի բոլոր ԱԷԿ-ները կանգնեցվել են՝ ստուգվելու: Արդիականացման վրա ծախսվեց 17 մլրդ դոլար:

Հետևողական ճապոնացիները հաշվի առան թայֆունների և երկրաշարժերի հետևանքները: Հետազոտողները հիմնվում էին այն հանգամանքի վրա, որ արդյունաբերական շինություններին մշտական հոսանք է պետք: Այդ կառույցների վերաբերյալ դրույթներն ընդունվել են 1981թ.:

Փլուզված մայրուղի Կոբեյում / ©Weebly

Կանոնակարգի առաջին փորձությունը տեղի ունեցավ 1995թ., երբ սեյսմոլոգներն արձանագրեցին 6,9 մագնիտուդ ցնցում: Զոհվեց 6434 մարդ, ավերվեցին 200 հազար շինություններ, ինչպես նաև Հանսին մայրուղու 1 կմ-անոց հատվածը և Կոբեի 150 կառամատույցներից 120-ը: Քաղաքը մասամբ հոսանքազրկվեց: Միևնույն ժամանակ, 1981թ. չափորոշիչներով կառուցված շինությունն իրեն լավ դրսևորեց: Ճապոնական իշխանությունները սկսեցին վերագնահատել սեյսմիկ վտանգները և արդիականացման մասշտաբները:

Ֆուկուսիմայի ԱԷԿ-ը կառուցվել է 1966թ.: Այն սեյսմիկ վտանգների քարտեզում նշված էր որպես ամենաքիչ ակտիվություն ունեցողը: Սակայն ոչ ոք չէր սպասում այդչափ ուժգին ցունամիի:

Ցունամին Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ում / ©AFP News Agency

Յուրաքանչյուր արդյունաբերական համալիրում առկա է հատուկ մեկուսի կառույց: Այնտեղ են պահվում գեներատորները, հոսանքի պահուստային աղբյուրները, համակարգիչները՝ ինքնաշխատունակության ապահովման համար, և այլ պարագաներ՝ կախված համալիրի նշանակությունից: Մեկուսացված կառույցը գտնվում է երկաթբետոնե հատուկ տուփի մեջ: Այն դիմանում է մինչև 7 մագնիտուդի: Կառույցը չի վնասվում ուժգին ցնցումից, քամին չի քշում, բայց ոչ ոք չէր ենթադրում, որ այն կարող է լցվել ջրով:

Ջրհեղեղի հետևանքով բոլոր 13 դիզելային էլեկտրագեներատորները և մարտկոցային համակարգերը դարձան անպիտան: Կայանը հոսանքազրկվեց, ինչը նախագծով նախատեսված չէր: Այդ պատճառով էլ տեղի ունեցավ աղետը: Ճապոնիայում սկսվեցին տեղի ունեցածի ուսումնասիրությունները, յուրաքանչյուր ԱԷԿ ենթարկվեց «սթրես-թեստի», որպեսզի բացառվեն 2011թ.-ի դեպքերը:

Նյութափոխանակություն և սահմանափակ ճարտարապետություն

Ճապոնական ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում ոչ միայն դիմակայունությամբ, այլև շրջակայքի հետ ներդաշնակության ձգտմամբ: Նույնիսկ խոշոր շինությունների կառուցման ժամանակ ճապոնացիներն աշխատում են օգտագործել էկոլոգիական նյութեր՝ փայտ և թուղթ:

Այդ ավանդույթները ձևավորվել են 80-ականներին, երբ իմաստավորվեց «նյութափոխանակության (մետաբոլիզմ) շարժումը»: Այն ժամանակվա ճարտարապետները՝ Կիյոնորի Կիկուտակեն, Կիսո Կուրոկավան, Ֆումիգիկո Մակին, բողոքում էին արևմտյան «անհետաքրքիր» երկնաքերերի դեմ՝ ձգտելով գնելով նոր մոդել: Այդպես ձևավորվեցին մեգակառույցները և կենսաբանական համակարգերը: Շինություններում սկսեցին կիրառվել տարբեր գալարներ՝ բնության կողմից ստեղծվածի տպավորություն թողնելով:

Ճապոնացի ժամանակակից ճարտարապետների աշխատանքները / ©Homedit

Ճապոնական մեկ այլ թրենդ պայմանավորված է ոչ միայն ինվայրոմենտալիզմով (շրջակա միջավայրի պաշտպանությամբ), այլև տարածքի սակավությամբ: Ճապոնիայում 1 քառ.կմ-ում հաշվվում է 336 մարդ. աշխարհում 25-րդ տեղում է բնակչության խտությամբ: Սա հանգեցնում է նրան, որ հողի գինն աճում է, ուստի ճարտարապետները ձգտում են քիչ տարածություն զբաղեցնել: Օրինակ, 2007թ. Օսակայում բնակելի շենքերը կառուցում էին զիգզագաձև՝ այն խցկելով այլ շինությունների արանքում ու թողնելով փոքր այգու տեղ:

Ներկայումս ճապոնացի ճարտարապետները պահանջարկ ունեն նաև արտերկրում: Նրանց նախագծերը գնում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Հաճախ նրանք գործում են «օրգանական ճարտարապետության» և մինիմալիզմի ժանրում: Նրանց համար արտաքին տեսքն ամենակարևորը չէ:

Տները պետք է լինեն դիմացկուն՝ բնության տարբեր անակնկալների նկատմամբ: Ճապոնացի ճարտարապետ Յուն Իգարասին նշել է, որ ներկայումս անհրաժեշտ է դիտարկել, որ տապին կառույցներն արձագանքեն ջերմաստիճանին, շինությունը դարձնեն ավելի հով և խնայեն էներգիան: Նրա խոսքով՝ էսթետիկան պետք է անցնի երկրորդ պլան՝ առավելությունը տալով շինության ֆունկցիոնալությանը:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.