ՌԴ ՊՆ-ն գաղտնազերծել է Մեծ հայրենականի առաջին օրերին Խորհրդային բանակի տեղադիրքի մասին փաստաթղթերը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի վերաբերյալ տեղեկությունները: Հրապարակված փաստաթղթերի շարքում են օպերատիվ ամփոփագրեր, քարտեզներ, հրամաններ:
1941թ. հունիսի 22-ին նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա՝ սկիզբ դնելով Հայրենական մեծ պատերազմին: Չնայած մեծաքանակ գիտահետազոտական նյութերի առկայությանը՝ պատերազմի առաջին օրերը մեծ գաղտնիքներ են թաքցնում, որոնք դեռ գիտնականներին հասանելի չեն:
Նշվում է, որ պատերազմի սկիզբը (և հակամարտությունն՝ ընդհանուր առմամբ) հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչն իր հերթին էլ ավելի է բարդացնում հետաքրքրասերների գործը: Երկրորդ համաշխարհայինի այդ հատվածի վերաբերյալ բազմաթիվ հարցերի կարող են պատասխանել գաղտնազերծված փաստաթղթերը:

Ի թիվս այլ նյութերի՝ ռազմական գերատեսչությունը գաղտնազերծել է Կարմիր բանակի ԳՇ օպերատիվ ամփոփագրերը: Հունիսի 22-ի փաստաթղթում Գլխավոր շտաբի պետ Գեորգի Ժուկովը հավաստում է, որ գերմանացիները խորհրդային զորքերին նախազգուշացրել են ծավալման մասին և նրանց ստիպել մարտն ընդունել քողարկման պլանի շրջանակներում ելման դիրքերը զբաղեցնելու ընթացքում: ԳՇ պետը նշում է, որ առաջացած գերակայությունը նպաստել է հակառակորդի կողմից «մասնակի հաջողության» հասնելուն՝ որոշ ուղղություններում:

Ոչ պակաս ուշագրավ է ամսի 22-ին Արևմտյան ռազմաճակատի իրադրությունը փաստող քարտեզը: Կարմիրով նշվածները խորհրդային հրաձգային զորամասերն ու միավորումներն են, սևերը՝ Արևմտյան ճակատի տանկային և մեխանիզացված զորամասերը: Կապույտը հակառակորդի տեղադիրքն է:

Ներկայացված փաստաթղթերից շատերը նկարագրում են ռազմական գործողությունների բնույթը և հակառակորդի ենթադրյալ կորուստը: Չորրորդ բանակի շտաբի 1941թ. հունիսի 24-ի № 1 օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ օդային մարտերում 1941թ. հունիսի 22-23-ին բանակային ավիացիան խոցել է հակառակորդի 30 ինքնաթիռ՝ «Սավոյա», «Յունկերս», «Մեսերշմիդտ» տեսակի: Նշվում է, որ 7 օդաչու գերի են վերցվել, որոնցից 2-ն են գերմանացի:

Հրապարակվել են նաև Արևմտյան ռազմաճակատի 3-րդ բանակի գլխավոր շտաբի պետի՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Կոնդրատևի հաղորդագրությունները:

Վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Բեռլինի գրավմանը: Փաստաթղթերի շարքում են նաև Գերմանիայի մայրաքաղաքի համար մղված մարտերի լուսանկարները: Հրապարակվել են նաև Գերմանիայի և ԽՍՀՄ միջև 1939թ. կնքված Չհարձակման մասին պայմանագրին և այդ շրջանի ռազմական իրավիճակին վերաբերող գաղտնազերծված փաստաթղթեր:
Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությունը տվյալներ էր հանրայնացրել, որոնք պատմում էին 1944-1945թթ. Վարշավայի համար մղված մարտերի և վերջնական ազատագրման մասին: Ներկայացված փաստաթղթերի թվում էին նաև հիտլերյան Գերմանիայի ենթակայության ներքո գտնվող տարածքներում նրա կողմից իրականացված հանցագործությունները փաստող նյութերը:
Մեկնաբանությունները