Վերելք դեպի Արարատ լեռան գագաթ — Շեշտ.am (shesht.am)
26 րոպե
Խմբագրություն

Վերելք դեպի Արարատ լեռան գագաթ

Շեշտ.am-ի դրոշն Արարատի գագաթին է. թե ինչպես այն հասավ ամենահայտնի և գեղեցիկ գագաթներից մեկը, և թե ինչու 5000 մետրից ավելի բարձրությունը հաղթահարելն այնքան էլ սարսափելի չէ:

Shesht.am-ի դրոշը՝ Արարատի գագաթին

Արարատ լեռը հայտնի է բոլորին: Աստվածաշնչի համաձայն՝ հենց այստեղ է հանգրվանել Նոյյան տապանը: Լեռան բարձրությունը 5165 մ է, և այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է: Թեև բարձունքը գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում, պատմականորեն այն հայկական է և հանդիսանում է Հայաստանի գլխավոր սիմվոլներից մեկը: Այստեղ ես կաշխատեմ ոչ միայն պատմել, թե ինչպես բարձրացանք Արարատի գագաթ, այլև կկսիվեմ խորհուրդներով՝ ինչպես բարձունքը նվաճել ինքնուրույն:

Տեսարան դեպի Արարատ / ©Սուրեն Մանվելյան

Վերելքի նախապատրաստություն

Ֆիզիկական պատրաստվածություն

Մեր խմբի 18 անդամներից միայն 14-ը հասան գագաթ: Մյուսները չկարողացան դժվարությունները հաղթահարել հենց ֆիզիկական պատրաստվածության պատճառով: Ուստի այս կետին անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել: Բարձունքը հաղթահարելու համար պետք չէ լինել պրոֆեսիոնալ վազորդ. պետք է լավ մարզավիճակ և հստակ նպատակադրում:

Եթե դուք 5 կմ-ը վազում եք 25 րոպեից շուտ, ապա այս կետը կարող եք բաց թողնել: Ինձ, որպես ЯрФин-ի (Ռազմաֆինանսական ակադեմիա) շրջանավարտ, ԲՈՒՀ-ն ավարտելուց 7 տարի հետո պահանջվեց երկշաբաթյա վազք՝ մարզավիճակս վերականգնելու համար: Տարիքն առանձնապես կապ չունի, եթե ճնշման խնդիր չունեք: Բայց եթե նույնիսկ խնդիր լինի՝ դեղահաբը կօգնի:

Ինչպե՞ս համոզվել, որ ֆիզիկապես պատրաստ եք

Լավագույն միջոցն այլ՝ նմանատիպ բարդությամբ, բայց ավել ցածր գագաթի նվաճումն է: Մեզ այդպիսին հանդիսացավ Արագածը՝ ՀՀ ամենաբարձր գագաթը: Այն 4 գագաթ ունի. ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090 մ: Արևմտյան գագաթի բարձրությունը 4007 մ է, արևելյանինը՝ 3916, հարավայինինը՝ 3879 մ:

Եղանակին հարմարվելու նպատակով մենք առաջին օրը բարձրացանք հարավային գագաթ, իսկ հաջորդ օրը վաղ առավոտյան սկսեցին վերելքը դեպի հյուսիսային գագաթ: Այն կարելի է հաղթահարել միայն հրաբխային խառնարանի միջով անցնելով, ինչը վերելքն ավելի է դժվարացնում:

Տեսարան Արագածի գագաթից

Երկրորդ օրը վերադառնալով հիմնական ճամբար՝ կարելի է պնդել, որ Արարատի գագաթ բարձրանալն այդքան էլ բարդ չի լինի:

Հագուստ և կոշիկներ

Եթե բարձրանում եք առաջին անգամ, ապա սկզբի համար հանդերձանքի առումով ամեն ինչ անհասկանալի է թվում: Պարզապես պետք է ըմբռնել, թե ինչի հետ գործ ունեք:

Անհրաժեշտ պարագաների ցանկն ավելի լավ է ճշտեք ձեր գիդից, ոչ թե ընթերցել թեմատիկ կայքեր: Օրինակ՝ 5 հազար մետրից ավելի բարձր գագաթների համար անհրաժեշտ են սրունքակալներ, բայց Արարատի դեպքում դրանց կարիքը չկա: Ձյան շերտն այստեղ հաստ չէ և միայն վերին հատվածում է:

Բացի այդ, պետք է հիշել հագուստի 3 շերտերի մասին: Հիմնական շերտ. սա ջերմային ներքնազգեստն է, որը պետք է հագնել անմիջապես մարմնին: Այն պահպանում է ջերմությունը և անցկացնում է խոնավությունը: Միջին շերտ. ֆլիսից է, որն ավելի լավ է պահում ջերմությունը: Վերին, պաշտպանիչ շերտը կպաշտպանի խոնավությունից ու քամուց:

Իսկ Արարատի գագաթ բարձրանալու համար անհրաժեշտ է.

Փոքրիկ թիկնապայուսակ. այն միշտ կլինի ձեզ մոտ, նրանում դրվում է ջուրը և այլ անհրաժեշտ իրեր, որոնք կարող են ցանկացած պահի (օրինակ՝ դեղատուփ, թերմոս, սնունդ, զուգարանի թուղթ):

View this post on Instagram

#climbing

A post shared by Ruslan (@ruslanzorab) on

Հանդերձանքը՝ Արարատի 2-րդ ճամբար բարձրանալիս (4100 մ)

Ոտնաման. Առաջնային կարևոր կետերից մեկը, որ պետք է հիշել, լեռը չբարձրանալ չբացված ոտնամանով: Պետք է կրել արդեն փորձված կոշիկներ:

Թեթև սպորտային կոշիկ Salomon Evasion 2 Aero

Արարատի գագաթ բարձրանալու համար հետս վերցրել եմ 2 զույգ կոշիկ. թեթև սպորտային և լեռնային: Թեթև սպորտայիններով բարձրացել եմ մինչև 4100 մ, լեռնայինով գրոհել եմ բարձունքը: Այս կապակցությամբ խորհուրդ եմ տալիս գումար չխնայել. ընդամենը 30 հազար դրամով համացանցից գնել եմ ամուր, հուսալի թեթև կոշիկներ, և նրանք ինձ հուսախաբ չեն արել: Լեռնայինների վրա ծախսել եմ մոտ 130 հազար դրամ: Հետս վերցրել էի նաև պահեստային կոշիկներս, որոնք նախատեսված էին Կասբեկի համար (Արարատի համեմատ՝ ավելի բարդ պայմաններ):

Bestard Kathmandu (կոդ 0856): Այս կոշիկները հագել եմ 3 շաբաթ առաջ, որպեսզի վերելքի ժամանակ հարմար լինեն ոտքիս

Քնապարկ: Բոլոր քնապարկերն ունեն ջերմաստիճանի ցուցիչ, որի պարագայում քները հարմարավետ է: Մենք Արարատի գագաթ ենք բարձրացել հուլիսի վերջին, ուստի քնապարկում +5°С-ը քնելու համար հարմար էր: Հիմնական ճամբարում, ինչպես նաև երկրորդում անհրաժեշտ է լինում քնել նրանում, վրանի մեջ: Հավելյալ վերցրել էի զբոսաշրջային գորգ (կարիմատ)՝ քնապարկի տակ դնելու համար, որպեսզի էլ ավելի հարմար լիներ:

Քնապարկը հավաքված վիճակում փոքր է և հարմար՝ տեղափոխելու համար

Ձմեռային գլխարկ: 5000 և ավել բարձրությունների համար խորհուրդ է տրվում վերցնել 2 տաք գլխարկ, բայց Արարատի համար 1-ն էլ բավական է՝ իհարկե, եթե բաճկոնն ունի իր կնգուղը:

Գուլպաներ: 4 զույգն ինձ բավականացրեց: Երկուսը հագա մինչև 4100 մ-ին հասնելը, 1 տաք զույգը (հատուկ վերելքի համար)՝ բարձունքը գրավելիս, իսկ 4-րդը՝ ցած իջնելիս:

Խորհուրդ է տրվում անպայման վերցնել գոնե 1 զույգ գուլպա՝ նախատեսված վերելքի համար

Ձեռնոցներ: Հենց սկզբից ձեռնոցով եմ եղել և աշխատել եմ, որպեսզի ամբողջ մարմինս արևից պաշտպանված լինի: Կարևոր է, որ ոչինչ չխոչընդոտի օրգանիզմին՝ սթրեսին դիմակայելու համար, որը սկիզբ է առնում 4000 մ-ից: Առկա նաև արևայրուքի վտանգը: Ես կրում էի ֆլիսային բարակ ձեռնոցներ և տաք ձեռնոցներ՝ ուժեղ քամու դեպքում:

Խորհուրդ չի տրվում արձունքում ալկոհոլ օգտագործել: Օրգանիզմի համար հավելյալ սթրես մի ստեղծեք, նա առանց դրա էլ աշխատում է առավելագույն հնարավորությամբ:

Թրեքինգային ձողեր. կարևոր բաղադրիչ է, քանի որ մոտավորապես 30%-ով նվազեցնում են ոտքերի ծանրաբեռնվածությունը և բավականին օգնում են վայրէջքի ժամանակ:

Վերնազգեստ. ինչպես արդեն նշել եմ, հանդերձանքը բաղկացած է 3 շերտից.

Հիմնական շերտ կամ ջերմաներքնազգեստ: Ձեռքերս արևից պաշտպանելու համար ես ամենասկզբից սովորական սպորտային վերնաշապիկի փոխարեն ջերմաներքնազգեստ էի կրում:
Միջին շերտ: Այս դեպքում պետք է հագնել ջերմազգեստի վրայից: Այն ինձ պետք է եկել վերելքի 2-րդ օրվանից, երբ ավելի ցուրտ դարձավ: Միջին շերտի համար լավագույն նյութը ֆլիսն է:
— Վերին շերտ կամ բաճկոն: Ինձ հետ վերցրել էի 2 բաճկոն. թեթև բաճկոնը և տաքը՝ քամուց պաշտպանող: Թեթևը երբեմն հագել եմ ջերմազգեստի վրայից, երբ ցրտում էր: Թեթև բաճկոնով սկսել եմ դեպի 4200 մետրից վեր ընկած բարձունքն ընթանալիս, իսկ տաք բաճկոնը հագել էի արդեն 4700 մ-ին հասնելիս՝ թեթև բաճկոնի վրայից, երբ ուժգին քամուց արդեն խիստ ցուրտ էր:

Ստորին հանդերձանք. այստեղ նույնպես երեք շերտ է.

Հիմնական շերտ կամ ջերմատաբատ. դրանք կրել եմ ամենասկզբից: Չնայած շոգին` շատ հարմար էր, կարևորը՝ արևայրուք չստանալ: Վրայից կարելի է սովորական կիսատաբատ հագնել:
Միջին շերտ. այն պետք է գալիս միայն բարձունքը գրավելիս: Նյութը՝ նույն ֆլիսն է: Պետք է հագնել հիմնական շերտի վրայից:
— Վերին շերտ. ձմռանը ես հաճակ եմ զբաղվում սնոուբորդինգով և վերին շերտի համար օգտագործում եմ հատուկ դրա համար նախատեսված տաք տաբատը: Կարևորը՝ պաշտպանել քամուց: Պետք է կրել միջին շերտի վրայից:

Այլ պարագաներ, որ պետք է վերցնել վերելքի համար. անձրևանոց, սպորտային վերնաշապիկ, լեռնագնացության արևապաշտպան ակնոցներ, վիզը պաշտպանող գլխարկ, արևապաշտպան քսուք՝ մարմնի բաց մասերի և դեմքի համար, ներքնազգեստ, զուգարանի թուղթ, դեղատուփ, սանիտարական սպեղանի, ճակատային լապտեր, հիգիենիկ շրթներկ՝ շուրթերը քամահարվելուց պաշտպանելու համար:

Հավելյալ խորհուրդներ վերելքից առաջ. այստեղ ցանկացած մանրուք կարևոր է: Այսպես, կանգառների ժամանակ սնվելու համար ավելի լավ է վերցնել խնձորներ, ոչ թե քաղցրավենիք: Ճամբարներում լավ են կերակրում, ջուրը նույնպես տրամադրում են:

Վերելքի ծրագիրն այսպիսին էր.

Օր 1. Ուղևորություն Երևան — հայ-վրացական սահման — վրաց-թուրքական սահման — Կարս — Անի — Դողուբայազեթ երթուղիով.

Օր 2. Վերելք մինչև 3200 մ, հանգիստ, գիշերակաց.

Օր 3. Վերելք մինչև 4100 մ, հանգիստ, գիշերակաց.

Օր 4. Գրոհ դեպի բարձունք, վայրէջք մինչև ստորոտ, հյուրանոց.

Օր 5. Անհատական. շրջագայություն Արևմտյան Հայաստանում (Վան, Ախթամար).

Օր 6. Վերադարձ Երևան:

Այստեղ պետք է կանգ առնել մի քանի կետերի վրա.

Օր 1

Երևանից ուղևորվել են առավոտյան ժամը 4-ին: Ճանապարհին պետք է այցելեինք Կարս և Անի:

Հայ-թուրքական սահմանը փակ է, ուստի ճանապարհը երկարում է՝ անցնելով Վրաստանով

Նրանց համար, ովքեր չգիտեն, նշեմ, որ Կարսը Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքն է եղել: Քաղաքը Թուրքիային է անցել 1921թ., երբ Խորհրդային Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանը հարկադրված ստորագրեց Կարսի ստորացուցիչ պայմանագիրը: Անին հայկական միջնադարյան ավերված քաղաք է, գտնվում է հայ-թուրքական սահմանի հարևանությամբ:

Դողուբայազեթ հասանք ուշ գիշեր: Այստեղ մեր հյուրանոցն էր: Այստեղից կմեկնենք ստորոտ և կսկսենք վերելքը: Ժամանումից հետո անհրաժեշտ էր ընթրիք անել և պառկել քնել-հանգստանալու:

Օր 2. վերելք մինչև 3200 մետր

Վերելքի առաջին օրն առանձնապես անհանգստացնող էր: Չիմանալով, թե ինչ է սպասվում, ագահաբար փորձում ես որսալ արդեն գագաթում եղած մարդկանց յուրաքանչյուր խոսքը: Նախանձով ես նայում արդեն ցած իջածներին, երբ ինքդ դեռ նոր ես պատրաստվում վերելքին:

Մեր հյուրանոցից Արարատը երևում էր
Խմբանկար՝ հյուրանոցի դիմաց
Մոտենալիս լեռն աստիճանաբար վեհանում է: Բայց, անկեղծ ասած, Հայաստանի Հանրապետությունից Արարատն ավելի գեղեցիկ է

Մոտենալով ստորոտին՝ սկսեցին պատրաստվել վերելքին: Չնայած տապին՝ ես հետևեցի Տիգրանի՝ մեր գիդի խորհրդին ու առավելագույնս ծածկեցի մարմինս, որպեսզի չարևահարվեմ: Սա այն դեպքերից է, երբ պետք է հարամարավետությունը զոհել և ամեն ինչ ճիշտ անել: Ես ունեի 2 ուսապարկ: Մեծը ձիերն են տեղափոխում մինչև 3200 մ բարձրության վրա, նրանում այդ ընթացքի համար ոչ պետքական պարագաներն են: Երկրորդը կրում եմ մեջքիս. այստեղ են ջուրը, դեղատուփը, խնձորները և այլն:

Մինչև 2000մ բարձունքը մեզ տեղափոխեցին մեքենաներով, իսկ այնտեղից արդեն ոտքով պիտի շարունակենք
Խմբային նկար՝ վերելքից առաջ: Վերելքի ղեկավարը Տիգրանն է (աջից 8-րդը)՝ ArmGeo-ից: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եմ հագնված (ձախից 5-րդը), և ինչպես է հագնվել մեր նորվեգացի հյուրը (ձախից 3-րդը). արժե՞ նշել, որ նա ամբողջ գիշեր տառապել է այրուցքներից

Նշեմ, որ գրեթե ամբողջ ճանապարհը քարքարոտ է և պետք է ուշադիր լինել ոտքը դնելիս՝ վնասվածք չստանալու համար: Թրեքինգային ձողերը պարտադիր են ամբողջ ընթացքում, ոտքերին օգնում են, որ շուտ չհոգնեն: Պետք է կիրառել ուժերը խնայելու բոլոր հնարավորությունները: Վերելքը նախընտրելի է իրականացնել մեկ շարքով՝ պահպանելով հեռավորությունը. այնքան, որ ձողով քեզ չհարվածեն:

Բեռները ձիերն են տեղափոխում
3600 մ բարձրության վրա. այս հագուստով արդեն հարմարավետ է դառնում

Ընդհանուր վերելքը տևեց 6 ժամ: Յուրաքանչյուր 50 րոպեն մեկ 5 րոպեանոց ընդմիջում էինք անում:

Հիմնական ճամբարը 3200 մ բարձրության վրա է
Մոտավորապես այսպես էինք սնվում
Շունն ամբողջ ընթացքում ուղեկցել է մեզ
Նկարը՝ Anthony Moumjian
Նկարը` Anthony Moumjian

Օր 3. վերելք մինչև 4100 մետր

Վաղ նախաճաշից հետո շարունակեցինք վերելքը: Խմբի անդամներից մեկը որոշեց կանգ առնել՝ վերելքը դադարեցնելով 3200 մ բարձրության վրա: Նա մոտ 60 տարեկան էր, մարզավիճակն էլ ակնհայտորեն «այն չէր»:

Սկսում ես զգալ բարձրությունն ու շուրջդ տիրող ահաբեկող լռությունը: Երբեմն հանդարտությունը խախտում է ռազմական անօդաչուն գլխավերևում, որը վերահսկում է Հայաստանի հետ սահմանն ու քրդական անհանգիստ շրջանները: Նույնիսկ այս բարձրության վրա հնարավոր չէ լիովին մեկուսանալ ավելորդ ձայներից և բնության հետ առանձին մնալ:

Վերելք դեպի հաջորդ ճամբար: Հետևում հիմնական ճամբարն է
Դժվար է պատկերացնել, բայց այս քարքարոտ ճանապարհով վերելքը ձիերը հեշտությամբ էին հաղթահարում

Գիդ Տիգրանը վերելքի ընթացքում մի շարք կարևոր խորհուրդներ է տվել, որոնք օգնել են հաջողությամբ հաղթահարել բարձունքը: Արևայրուքի դեմ քսուքից բացի, որը պարտադիր պետք է քսել բաց մարմնին, այդ թվում և՝ ականջներին, հիշեցի ևս մեկը. «Ընթացքից հաճույք ստացիր, երկար վայելիր հաճույքը, ոչ թե մտածիր, թե երբ ես հասնելու հաջորդ կետին»,— ասում էր Տիգրանը: Ես այդպես էլ չհասկացա այդ խոսքերը, թեև մինչև բարձունքին հասնելը մի քանի փորձ արեցի:

Նկարի կենտրոնում տեղի գիդն է, ով մեզ հետ բարձրացել է գագաթ: Հետին պլանում սպիտակ վրան է երևում. հիմնական ճամբարն է
2-րդ ճամբար տանող ճանապարհը հիմնականում հենց այսպիսինն էր
Վերջապես երևաց փոքր Արարատը. նրա բարձրությունը մոտ 3900 մ է, նշանակում է՝ 2-րդ ճամբարին քիչ է մնացել
Առանձին հատվածներում արդեն ձյուն է

Վերելքի երկրորդ օրը մի քանի խմբակիցներիս համար առավելի բարդ էր: Արդյունքում ևս երկուսը, դժվարությամբ հասնելով երկրորդ ճամբար, որոշեցին վերելքը եզրափակել 4100 մետր բարձրության վրա:

Մոտավորապես 6 ժամ հետո հասանք 2-րդ ճամբար
Վաղ ընթրիք (ընդ որում՝ շատ համեղ) և քնի պատրաստություն: Անհրաժեշտ է վերականգնել ուժերը՝ բարձունքը գրավելու համար
Քնից առաջ մեր գիդը բացատրեց, թե ինչպես է պետք առաջ ընթանալ և կապել ձյան վրայով տեղաշավելու հարմարանքները
View this post on Instagram

Лагерь на высоте 4200 м. #ararat

A post shared by Ruslan (@ruslanzorab) on

Բոլոր ընթացակարգերն անելուց ու հանդերձավորումը պատրաստելուց հետո պետք էր անհապաղ պառկել քնելու, քանի որ կեսգիշերին՝ վերելքի մեկնարկին, 5 ժամից էլ քիչ ժամանակ էր մնացել

Օր 4. բարձունքի գրոհում (5165 մ)

Փորձել քնել, երբ քունդ չի տանում, այնքան էլ դյուրին գործ չէ: Բայց պետք է աշխատել. նույնիսկ մի քանի ժամանոց քունն էականորեն վերականգնում է ուժերը, ինչն օգնում է գրոհին: Պետք է հասկանալ, որ օրգանիզմն այդ բարձրության վրա աշխատում է գոյատևման ռեժիմով, ուստի նրան պետք է աջակցել:

Ուղիղ կեսգիշերին սկսեցինք պատրաստվել գրոհի: Հետս վերցրեցի միայն ամենաանհրաժեշտը: Թերմոսում թաք թեյ էր, վերցրել էի նաև խնձոր, ջուր, որն անպայման կսառչի բարձունքին:

Վերելքի սկզբում ես հագել էի բարակ և հարմար բաճկոն, իսկ երբ ցրտեց, քամին ուժգնացավ, վրայից հագա վերին, քամուց պաշտպանող շերտ:

Ճանապարհի կեսից խմբի անդամներից մեկն էլ հարկադրված էր վերադառնալ ճամբար: Պատճառն ինձ հայտնի չէ, բայց երբ քո պատճառով մյուսները ստիպված կանգ են առնում, դա հոգեբանորեն ազդում է նաև քեզ վրա:

Առավոտյան ժամը 4-ին սկսեց լուսանալ
4800 մ բարձրության վրա
Շուտով տեսանելի դարձավ հայտնի եռանկյունը՝ լեռան գցած ստվերը
5000 մ. հետին պլանում արդեն գագաթն է
Վերջապես՝ գագաթին

Քանի դեռ մյուսները ննջում են, շատ լուսանկարներ արեք: Տեսախցիկ ինձ հետ չէի վերցրել. ամբողջը նկարել եմ iPhoneX-ով: Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա MTC-ն ինձ մոտ գրեթե մինչև գագաթ առկա է եղել: 20 հազար mAh PowerBank-ն ամբողջ ընթացքի համար լիովին բավարար է:

View this post on Instagram

Ararat, 5165 m. #climbing #ararat #armenia

A post shared by Ruslan (@ruslanzorab) on

Shesht.am-ի դրոշը՝ Արարատի գագաթին

Գագաթին գտնվել ենք շուրջ 10-15 րոպե: Ավելին մնալն անհնար է խիստ քամու և սառնամանիքի պատճառով: Առջևում դեռ ոչ պակաս պատասխանատու և բարդ վայրէջքն էր. երեք օրվա ընթացքում անցած ճանապարհով մենք պետք է հետ գնայինք 1 օրում:

Մառախուղի մեջ ինչ-որ տեղ պետք է որ Երևանը լինի
Վայրէջքի ժամանակ խմբի անդամներից մեկը ոտքի վնասվածք ստացավ. պետք է մինչև վերջ զգոն լինել
3 ժամ հետո հասանք 2-րդ ճամբար (4100 մ): Փոքրիկ դադարից հետո շարունակեցինք

Գագաթը բարձրանալուց 12 ժամ հետո մենք հասանք հյուրանոց: Հոգնած էինք, բայց՝ բավարարված: Վերջում ավելացնեմ Արևմտյան Հայաստանում հաջորդ օրերին կատարած շրջագայության նկարներից:

Մանրամասների համար: Armenian Geographic.

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.