Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին
Իտալական թերթին տված հարցազրույցում աշխարհահռչակ ֆուտբոլիստը նշել է, որ պատերազմն Արցախում շարունակվում է արդեն 30 տարի, և բազմաթիվ երկրներ նախընտրում են ուշադրություն չդարձնել այդ հակամարտությանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը նշել է, որ պատերազմն Արցախում շարունակվում է արդեն 30 տարի, և բազմաթիվ երկրներ նախընտրում են ուշադրություն չդարձնել այդ հակամարտությանը: Նրա խոսքով` 21-րդ դարում նման երևույթի շարունակությունն անհավատալի է:
Մխիթարյանը ցավով է ընդգծել, որ Ադրբեջանում ներկայումս հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք են պահվում: Մարզիկը հայտնել է, որ պատերազմի օրերին կոչով դիմել է ամբողջ աշխարհին: Նա շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը` ցուցաբերած աջակցության համար, և շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ճանաչել են Արցախի անկախությունը (Իտալիայի մի քանի քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունը, խմբ.):
Հենրիխ Մխիթարյանը նաև նշել է, որ «Ռոմայի» կողմից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը հրաշալի նախաձեռնություն է: «Ակումբը տեսավ մարդկանց ցավը և որոշեց օգնություն ցուցաբերել: Ես երբեք դա չեմ մոռանա»,- շեշտել է Մխիթարյանը:
Մեկնաբանությունները