Ինչո՞ւ պարտվեց Էրդողանը, և ինչո՞ւ հաղթեցին Պուտինն ու Ասադը
Թուրքիան ներխուժեց Սիրիա, բայց արդյունքի չհասավ: Թուրքերը պետք է գոնե կարդային Պենտագոնի զեկույցը «հիբրիդային պատերազմների» մարտավարության մասին:
Թուրքական հարձակումն ընդդեմ Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ջոկատների փակուղի է մտել: Գործողությունը սկսելով հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի նախագահը, կարծես, հետևեց ժամանակակից «հիբրիդային պատերազմների» կանոններին: Նա առաջ մղեց իր սիրիական դաշնակիցներին՝ իսլամական ընդդիմությանը, պայմանավորվեց քրդերի աջակից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ վերջինս տարածքից դուրս կբերի իր զորքերը և չի խոչընդոտի թուրքական առաջխաղացմանը:
Սակայն մի քանի օրից պարզ դարձավ, որ Էրդողանը պարտվել է: ԱՄՆ-ի փոխարեն քրդերի կողքին կանգնեցին Սիրիայի զորքերն ու Ռուսաստանը: ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք երկրներ պահանջեցին դադարեցնել ռազմագործողություն՝ սպառնալով պատժամիջոցներով: Քրդական ուժերը ոչնչացված չեն և արձակված չեն սիրիական իշխանությունների կողմից: Այսինքն՝ Թուրքիան իր նպատակին չի հասել: Աղբյուրը մանրամասնում է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատկապես ինչն է սխալ արել՝ հաշվի առնելով «հիբրիդային պատերազմի» գործնական ու տեսական կողմերը:
Առաջին սխալ. Թուրքիան չէր հաշվարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի իրական շահերը
Ներկայիս «հիբրիդային պատերազմներում» հնարավոր չէ ունենալ մշտական դաշնակիցներ: 2015թ. աշնանը Թուրքիան և Ռուսաստանը դարձան թշնամիներ: Սիրիական զորքերը ռուսական ավիացիայի օգնությամբ հասան մինչև Լաթաքիա (Թուրքիայի սահմանի մոտ)՝ պարտության մատնելով մերձթուրքական զինյալներին, որոնց վրա Անկարան հսկայական միջոցներ էր ծախսել:
2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչը հարվածեց ռուսական ռմբակոծչին: Մոսկվան պատասխանեց պատժամիջոցներով և պահանջեց պաշտոնական ներողություն: Ծանր պատժամիջոցները համընկան թուրքական տնտեսության ճգնաժամի հետ:
Արդյունքում, 2016թ. Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից, պատժամիջոցները վերացվեցին, ընկերական հարաբերությունները վերականգնվեցին: Կողմերը սկսեցին համագործակցել սիրիական խնդրի լուծման ուղղությամբ: «Իսլամական պետությունը» գրեթե ոչնչացվեց, թուրքերին բաժին հասավ սիրիական Աֆրինը:
Բայց դեռևս խնդիրներ կային. Ռուսաստանը պաշտպանում էր Բաշար Ասադին ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Թուրքիան ձգտում էր Ասադի հեռացմանն ու փորձում էր միջամտել սիրիական գործերին: Էրդողանն Արևմուտքի հետ հարաբերությունները փորձում էր կարգավորել Թրամփի միջոցով: Նա հասավ նրան, որ ԱՄՆ-ը դադարեցրեց օգնել քրդերին:
Դրանից հետո ԱՄՆ-ի խնդիրը, նախագահի խորհրդականների ու զինվորականների պահանջով, Սիրիայում Ասադին, Ռուսաստանին ու Իրանին հակազդելն էր: Բայց ինքը՝ Թրամփը, անձամբ ցանկանում էր զինվորներին վերադարձնել տուն: Առաջարկվեց համատեղ՝ թուրք-ամերիկյան վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանին, բայց չստացվեց: Թուրքական կողմը պահանջում էր քրդական ուժերի ամբողջական չեզոքացում:
Այս տարվա հոկտեմբերին Թրամփը համաձայնեց Էրդողանի հետ և խոստացավ զորքերը դուրս բերել, թեև արժանացավ խորհրդականների ու արևմտյան հասարակության քննադատությանը:
Արդյունքում Թուրքիան մեկուսացվեց՝ պարտվելով «հիբրիդային պատերազմի» դիվանագիտական և մեդիա ճակատներում: Ավելին, ամերիկյան զորքերի դուրսբերումը ծառայեց Ասադին ու Պուտինին, որոնց այդ զորքերը խոչընդոտում էին տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում:
Երկրորդ սխալ. Թուրքիան աշխարհին չկարողացավ ապացուցել, որ Սիրիայում գործելու իրավունք ունի
Անկարան հարձակումը հիմնավորում էր 1998թ. Ադանայի պայմանագրով: Թուրքիայի և Սիրիայի միջև կնքված այս պայմանագրով Դամասկոսը պարտավորվում էր իր տարածքում պայքարել քրդական ահաբեկչական կազմավորումների դեմ: Եթե Սիրիան դա չի արել, ապա Թուրքիան իրավունք է ստանում անցնել սահմանը:
Դամասկոսի, Մոսկվայի և քրդերի միջև պայմանավորվածությունը հայտնի չէ, սակայն քրդերը շարունակում են պահպանել ինքնուրույնությունը, սակայն նրանց զինված միավորումները կորցնում են ինքնուրույն գործելու հնարավորությունն ու մտնում Ռուսաստանի կողմից ձևավորվող սիրիական բանակի հինգերորդ հարվածային կորպուսի կազմի մեջ: Այսինքն՝ Թուրքիան կորցնում է հարձակման առիթը, բայց քրդական հարցը չի լուծում:
Արևմուտքի համար Ադանայի պայմանագիրը փաստ չէ: ԱՄՆ-ն ու Եվրոպան նշում են, որ քրդերն Արևմուտքի հավատարիմ դաշնակիցներն են իսլամականների դեմ և հանուն ժողովրդավարության պայքարում: Էրդողանի հավաստիացումներին, թե թուրքերը կռվում են նաև իսլամականների դեմ, ոչ ոք չի հավատում: Ավելին, ԱՄՆ-ը Թուրքիային մեղադրում է «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Այդ պատճառով էլ Թուրքիան չկարողացավ աշխարհի առաջ արդարացնել իր ներխուժումը:
Երրորդ սխալ. Թուրքիան դաշնակից է ընտրել միջանկյալ ուժերին, որոնք փչացրեցին իր համբավը
Սիրիական իսլամիստներից շատերը, անցնելով Թուրքիայի կողմը, դեռ տարիներ առաջ վայելում էին ԱՄՆ-ի աջակցությունն ընդդեմ Ասադի պայքարում: Ստանում էին ամերիկյան զենք: Այժմ ամերիկացիների համար նրանք հանցագործներ են: Այլ իսլամականների համար նրանք դավաճաններ են:
Սիրիացի իսլամականների բանակը կազմավորվել է Անկարայի կողմից՝ Թուրքիայի հետ սահմանակից հատվածում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այս նույն տարածքը ենթարկվում էր նաև քրդական ջոկատների հարձակումներին: 2016թ. սեպտեմբերին Ալ-Բաբ քաղաքի մոտ տեղի ունեցավ եռակողմ ճակատամարտ՝ քրդերի, թուրքական զորքերի և նրանց աջակիցների, ինչպես նաև «իսլամականների»:
Թուրքիան զբաղեցրեց Ալ-Բաբը, ապա իր աջակիցներին օգտագործեց 2018թ. ընդդեմ Աֆրինի քրդական ուժերի: Թուրքիայի աջակից միջանկյալ ուժերը՝ սիրիական իսլամիստները, մեղադրվեցին ցեղասպանության, բռնությունների, էթնիկ զտումների մեջ: Քրդերի արևմտյան կողմնակիցները համարում են, որ նմանատիպ երևույթ սպասվում է քրդական մյուս բնակավայրերին: Արդեն այս հոկտեմբերի 12-ին իսլամականները վերցրեցին քրդական պաշտոնյաների մի քանի մեքենաներ և անմիջապես գնդակահարեցին նրանց՝ նկարահանելով այդ ամենը:
Խոշոր պետությունների կողմից օգտագործվող միջանկյալ խմբավորումները «հիբրիդային պատերազմի» մասնակիցների վարկանիշի վրա շատ են ազդել: Այդպես էր Ռուսաստանի համար Դոնբասում, ԱՄՆ-ի դեպքում՝ Սիրիայում. քրդերին մեղադրեցին ահաբեկչությանը նպաստելու, Եփրատի հովտի քաղաքների խաղաղ բնակչությանն ու «Իսլամական պետության» զինյալների հարազատներին սպանելու մեջ:
Սակայն մերձթուրքական իսլամիստները տարբերվում են նրանով, որ նույնիսկ չեն փորձում արդարացնել իրենց մասնակցությունը Անկարայի գործողություններին ինչ-որ գաղափարական քողով. նրանք իրենց հողի համար չեն պայքարում, չեն պաշտպանում հայրենակիցներին, չեն մարտնչում «Իսլամական պետության» դեմ: Արևմուտքում վստահ են, որ այս խմբերին միայն փողն է առաջնորդում, ուրիշի հողը զավթելու մղումը և «անհավատների» նկատմամբ ատելությունը:
Չորրորդ սխալ. Թուրքիան երկարատև գործողություններով է փորձում հասնել ամբիցիոզ նպատակների
Պաշտոնական նպատակն Էրդողանը հայտարարել է հոկտեմբերի 16-ին: Եվ այն բավականին ամբիցիոզ է. 30 կմ խորությամբ և 400 կմ երկարությամբ անվտանգության գոտու ստեղծում թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիայի տարածքում, ահաբեկիչների ոչնչացում և միլիոնավոր սիրիացի փախստականների վերադարձ «ազատագրված տարածքներ»: Ընդ որում` թուրքական զինուժը սկսեց մի քանի խոշոր քաղաքների գրավման գործողություններ, ինչն ավելի դանդաղեցրեց ընթացքը:
Նույն կերպ 2014թ. ուկրաինական զորքը փորձեց միաժամանակ շրջափակել Դոնեցկը և Լուգանսկը և մաքրել Ռուսաստանի հետ սահմանը: Խոշոր քաղաքների շրջապատումը խլեց ամբողջ ուժերը, իսկ սահմանը մնաց բաց: Արդյունքում այդտեղով անցան ռուսական «արձակուրդայինները» և պարտության մատնեցին ուկրաինացիներին:
2016թ. սիրիական և ռուսական զորքերը սկսեցին Հալեպի ազատագրման գործողությունը: «Իսլամական պետության» ջոկատները, օգտվելով առիթից, որ սիրիական հիմնական ուժերը տևական ժամանակ մարտնչում են Հալեպի համար, վերագրավեցին Պալմիրան ու շարժվեցին դեպի Դամասկոս` տիրելով կարևորագույն ճանապարհներին: Պալմիրան վերադարձվեց միայն 2016թ. դեկտեմբերին՝ Հալեպն ազատագրելուց հետո: Այս ընթացքն աշխատեց հօգուտ քրդերի ու ԱՄՆ-ի: Նրանք ավելի շուտ սկսեցին առաջխաղացումը Եփրատի ափով ու տիրացան նավթով ու գազով հարուստ շրջաններին՝ գետի արևելյան ափին:
Ամերիկացիներն այդ խնդիրն բախվեցին կրկնակի: 2016թ. իրաքյան ուժերի հետ փորձեցին ազատել «Իսլամական պետության» գրաված խոշոր քաղաք Մոսուլը: Մարտերը տևեցին շուրջ մեկ տարի, ինչը հետաձգեց քրդերի Սիրիայում նախատեսված գործողությունները: 2017թ. հունիսին, ի վերջո, քուրդ-ամերիկյան ուժերն ազատագրեցին «Իսլամական պետություն» մայրաքաղաք Ռաքքան: Այն տևեց մոտ կես տարի, ինչը սիրիական բանակին, նրա ռուսական ու իրանական դաշնակիցներին թույլ տվեց առաջ անցնել՝ հասնելու Իրաքի սահմանին: Սահմանային անցակետն անցավ սիրիական բանակին ու իրանցիներին:
2019թ. թուրքական բանակը մի քանի օր լճացման մեջ էր քրդական սահմանամերձ խոշոր քաղաքների՝ Ռաս-ալ Այինի և Թել-Աբյադի պաշարման ժամանակ: Վերջինը թուրքերի կողմից գրավվել է հոկտեմբերի 12-ին: Առաջխաղացումը դեպի քրդական տարածքի խորքը վարում էին «միջանկյալ» թույլ ուժերը: Դա սիրիական բանակին հնարավորություն տվեց իր վերահսկողության ներքո վերցնել Քրդական ինքնավարությունը:
Պենտագոնի փորձագետների զեկույցում 2016-2017թթ. Մոսուլի մարտերի արդյունքների մասին ասվում է, որ ժամանակակից «հիբրիդային պատերազմում» պետք է խուսափել խոշոր քաղաքների շրջափակումից: Դրանք ներկայիս պայմաններում չի կարելի ամբողջությամբ շրջափակել, հատկապես տեղեկատվական առումով: Դա հանգեցնում է նրան, որ քաղաքի առումը ձգձգվում է և պահանջում բավականին շատ ռեսուրսներ: Քաղաքում հարձակվողը կորցնում է նախաձեռնությունը, նրա տեխնոլոգիական գերազանցությունը պաշտպանվողների նկատմամբ նվազում է: Որքան քիչ է բնակչության աջակցությունը, այնքան երկար է տևում գործողությունը:
Մեկնաբանությունները