Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (upd.)
Գեղարքունիքի մարզում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` այսօր, ժամը 19:36-ին հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստանի Հանրապետության Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Նշվում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
ԱԻՆ հաղորդմամբ` Գեղարքունիքի մարզում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ցնցումները զգացվել են նաև Վրաստանում:
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ` երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքից 75 կմ դեպի արևմուտք, Հայաստանի Ճամբարակ համայնքից 14 կմ դեպի արևելք:
UPD. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ դեռ ավերվածությունների ամբողջ ծավալը չի կարող ասել, սակայն որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումներ կան։ Նրա խոսքով, մասնավորապես, հին անասնագոմեր են փլվել։ Մարզպետը նաև տեղեկացրել է, որ հոսանքի խնդիր է առաջացել, որը 1,5 ժամ անց վերականգնվել է:
Սասուն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ջիլ գյուղում որոշակի ավերածություններ կան։ Մեկնաբանություններում այլ օգտատերեր հաստատել են տեղեկությունը:
Մեկնաբանությունները