Օգոստոսի 31, 2020, 15:19
Խմբագրություն Hovhannisyan
394

Աննկատ կուլ տված քորոցը հասել է դեռահասի սրտին

Սկզբում պացիենտի մոտ պերիմիոկարդիտ են ախտորոշել, սակայն շուտով պարզվել է, որ կուլ տված քորոցն է ճանապարհորդել մարմնով՝ հասնելով մինչև սիրտը: Վիրահատության միջոցով այն դուրս են բերել:

Քորոցը՝ սրտում / © B. Matthews, C. Chen, S.Fahey, The Journal of Emergency Medicine, 2020 / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Մասաչուսեթսի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետներն արտասովոր դեպք են նկարագրել. տեղի 17-ամյա բնակիչը պատահաբար դերձակի քորոց կուլ տվել, որը մի քանի օր անց հայտնվել էր նրա սրտում:

Դեռահասը դիմել էր անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ կրծքավանդակի հատվածում արդեն 3 օր շարունակվող ցավով: Ցավը սուր է եղել, հարվածել է մեջքին և ուժեղացել է պառկած դիրքում կամ խորը շնչելիս:

Էլեկտրակարդիոգրամայի արդյունքները նոռմալ չեն եղել, այդ պատճառով բժիշկները պացիենտի մոտ կասկածել են պերիմիոկարդիտ (սրտամկանի և նրան շրջապատող թաղանթի բորբոքում): Լաբորատոր հետազոտություններն արյան մեջ սպիտակուցի բարձր մակարդակ են ցույց տվել: Այնուհետև համակարգչային տոմոգրաֆիա են արել, որը սրտի մեջ «մետաղական ձգված այլածին մարմին» է ցույց տվել: Այն ունեցել է մոտ 3,5 սմ երկարություն և թափանցել էր աջ փորոքը:

Պացիենտը պնդել է, որ նմանատիպ ոչ մի բան կուլ չի տվել և կրծքավանդակում ֆիզիկական հարված չի ստացել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդը հաճախ է վերաձևում իր հագուստը և այդ ընթացքում քորոցներն ատամով է պահում: Դրանցից մեկն էլ, առանց նկատելու, կուլ է տվել: Դեռահասին վիրահատել են, օտար մարմինը հեռացրել են:

Օտար մարմիններ պացիենտների սրտի մեջ նախկինում էլ հայտնաբերել են, սակայն՝ հազվադեպ: Նմանատիպ դեպքեր պատահում են հիմնականում երեխաների և դեռահասների մոտ: Այս նոր դեպքն առաջինն էր, երբ պացիենտը պատկերացում չի ունեցել կուլ տվածի և դրա վտանգավորության մասին:

Ենթադրվում է, որ քորոցը սիրտ է ներթափանցել ստամոքսից: Քիչ հավանականությամբ՝ այն կարող էր սրտամկանում հայտնվել աղեստամոքսային այլ հատվածներից: Բազմաթիվ մասնագետներ համարում են, որ եթե կուլ տված առարկան փոքր է և բորբոքում չի առաջացնում, ապա վիրահատական միջամտության կարիք չկա: Սակայն այս դեպքը կասկածի տակ է դնում այդ մոտեցումը:

Հետազոտության հեղինակները գտնում են, որ անհրաժեշտ է լուրջ մոտենալ կուլ տված բոլոր պարագաների հեռացման հարցին՝ հետագա բարդացումը կանխելու համար:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն