ԱՄՆ-ում մեքենայում քնելուց հետո ոստիկանը կոչ է արել իր նկատմամբ ծառայողական քննություն սկսել
Ջոնսոնը պնդում է, որ պարզապես մոռացել է ընդունել նշանակված դեղերը, և իր ենթակայության ներքո գտնվող կառույցը պետք է անկախ քննություն կատարի:
Չիկագոյի ոստիկանության գլխավոր տեսուչ Էդդի Ջոնսոնը կոչ է արել ներքին քննություն սկսել իր դեմ այն բանից հետո, երբ նրան հայտնաբերել են ծառայողական մեքենայում քնած: Ջոնսոնը քնել է տանից ոչ հեռու, «Կանգնիր» նշանի տակ մեքենան կայանելուց հետո:
Բարձրաստիճան ոստիկանը բացատրել է, որ մոռացել է խմել նշանակված դեղերը, այդ պատճառով էլ ննջել է մեքենայում՝ ճաշից հետո տուն վերադառնալիս: Նրա խոսքով՝ ռեստորանից դուրս գալուց հետո նախանշաններ չի զգացել, բայց հետո թուլություն է ունեցել, այդ պատճառով արգելակել է և կանգ առել տան մոտակայքում:
Քնած ոստիկանին նկատել է անցորդը և զանգահարել 911 (ոստիկանություն): Նշված վայր են ժամանել ոստիկանության երեք մեքենա և հրշեջներ: Ջոնսոնի ինքնազգացողությունն են ստուգել ու ճանապարհել տուն:
Չիկագոյի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Գուլյելմին հայտարարել է, որ ալկոհոլն այս պատահարի հետ կապ չունի: Նա նշել է, որ եթե ինչ-որ մեկը քնել է մեքենայում, դա դեռ չի նշանակում, թե նրան բան է պատահել: Ջոնսոնի խոսքով՝ իրեն հայտնաբերած ոստիկանները չեն ստուգել իր խմածությունը, բայց դա սխալ չի համարում:
Դեպքից հետո Ջոնսոնը դիմել է բժշկի. վերջինս նրա մոտ արյան բարձր ճնշում է հայտնաբերել: Ոստիկանը բացատրել է, որ սովորաբար ծառայողական մեքենան իր վարորդն է վարում, բայց այս անգամ ինքը պետք է աշխատանքը շարունակեր, այդ պատճառով վարորդին թույլատրել էր տուն գնալ:
Գուլյելմին նշել է, որ դեպքից հետո գլխավոր տեսուչն ինքն է դիմել ներքին անվտանգության դեպարտամենտին՝ ամբողջական քննություն անցկացնելու: Այս կառույցն անմիջապես Ջոնսոնին է ենթարկվում, ուստի եզրակացությունը հասցեագրվելու է նրա առաջին տեղակալ Էնթոնի Ռիչիոյին:
Էնթոնի Գուլյելմիի խոսքով՝ Ջոնսոնը ցանկանում է, որպեսզի ներքին անվտանգության դեպարտամենտը անկախ քննություն անցկացնի՝ հաստատելու, որ նա ճշմարտությունն է ներկայացրել:
Մեկնաբանությունները