Գրպանի վրա ազդած փոփոխություններ` հեղափոխությունից հետո — Շեշտ.am (shesht.am)
21 րոպե
Խմբագրություն

Գրպանի վրա ազդած փոփոխություններ` հեղափոխությունից հետո

Ո՞ւմ աշխատավարձը բարձրացավ, ո՞վ աջակցություն ստացավ: Ովքե՞ր են հերթում:

ԶՈՒ

Առանձնացրել ենք 2018թ. ապրիլյան հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունների կողմից իրականացված և նախատեսվող փոփոխությունները, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել և պետք է ունենան քաղաքացիների ֆինանսական և նյութական ապահովության բարձրացման վրա:

Նախատեսված սոցիալական փոփոխություններ, որոնք վերաբերում են՝

Զինծառայողներին

1. Պահուստային ֆոնդից 5.7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար:

2. Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը ևս 339 շահառուներ ամսականկտրամադրի 100-400 հազար դրամ փոխհատուցում:

3. 410 բնակարաններ սեփականության իրավունքով ահատույց տրամադրվել են զինծառայողններին և զոհված զինծառայողների ընտանիքներին։

4. Պայմանագրային զինծառայողի համար բնակարան վարձակալելու փոխհատուցման գումարների չափը բարձրացվել է միջինը 24 տոկոսով:

5. 107 զինծառայողների նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ:

6. Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսադրույքով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցել 10% տոկոսադրույքով վարկերի:

Վարկառուներին

7. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Առեւտրային բանկերի կողմից ներվել են շուրջ 20 000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները:

8. Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, ովքեր մինչև 50 000 դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին կամ հանդիսանում էին համավարկառու կամ երաշխավոր:

9. Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը:

10. Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով վարկերը տրվում են 2, գյուղատնտեսական կոոպերատիվներին և սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոս տոկոսադրույքով:

11. Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2 տոկոս տոկոսադրույքով:

12. Կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50 տոկոսի ետվերադարձի տարբերակից:

13. Ուսանողական վարկեր՝ 6 տոկոսով՝ բարձր առաջադիմությամբ ուսանողների համար:

14. «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով սուբսիդավորված հիփոթեքային վարկերը Երևանում և մարզերում դարձել են 7.5 տոկոս և 5.5 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 30 տարի ժամկետով:

Կարիքավորներին

15. 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար:

16. Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները:

17. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է՝ 50 000-ի փոխարեն դառնալով 150 000 դրամ:

18. Անտառամերձ համայնքներում մոտ 15.000 ընտանիքի անվճար բաժանվել է 102000 խմ թափուկ, 1800 խմ վառելափայտ, 70 տոննա վառելիքային բրիկետ, էներգախնայող վառարաններ:

19. Սյունիքի և Տավուշի մարզերի անտառամերձ համայնքներում մրցութային կարգով ընտրված 100 տնային տնտեսություններին տրամադրվել է մինչև 1.5 մլն դրամ չափով դրամաշնորհ։

Վարորդներին

20. Վարչական համաներման արդյունքում շուրջ 150.000 անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13,7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից:

21. 60 կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է ընդհանրապես:

22. Նախազգուշացման մեխանիզմ. քաղաքացուն տուգանելու փոխարեն պարզապես ուղարկվում է իր կատարած խախտման տեսագրությունն՝ ի գիտություն:

Առողջական խնդիր ունեցողներին

23. Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով:

24. Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը. արդեն իսկ 85 քաղաքացի ստացել է անվճար բուժօգնություն:

25. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները:

26. Ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար:

27. Չարորակ ուռուցքների վիրահատություն իրականացվում է անվճար պետական բյուջեի միջոցներով: 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր են ձեռք բերվել՝ ապահովելով հանրապետության ամբողջ պահանջարկը:

Սովորողներին

28. Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը 50 տոկոսով:

29. 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով:

30. Փոխհատուցվել է 2018-2019թթ. ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների 50 տոկոսի չափով:

31. Շուրջ 380.000 աշակերտներ և 35.000 ուսուցիչ ստացել են եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակութային հաստատություններ:

32. «Դաս Ա» ծրագրի շրջանակում դպրոցականներին տրամադրվում է շուրջ 13 հազար անվճար տոմս:

33. Մշակութային շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը:

Բնակարանի կարիք ունեցողներին

34. Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների հանձնվել են նոր բնակարաններ:

35. Աղետի գոտում նախորդ տարվա բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։

Սոցիալական ի՞նչ աջակցություն է տրամադրվելու՝

Կարիքավորներին

36. 2020թ.-ից սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձ կստանա մինչև 150 000 դրամ աջակցություն։

37. Թրաֆիքինգի զոհ ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն 250 000 դրամի չափով:

38. Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բոլոր տներն ամբողջությամբ կապահովվեն արևային ջրային տաքացուցիչներով:

39. 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն կտրամադրվի։

40. 2020թ․ հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 10%-ով կամ 4000 դրամով։

41. 2022 թվականին, ըստ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, միջին ամսական կենսաթոշակը կհասնի 51.5 հազար դրամի։ Փոփոխությունը վերաբերելու է շուրջ 560.000 քաղաքացու:

42. Օգոստոսի 1-ից Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50,000 դրամ պատվովճարի փոխարեն կստանան ամսական 100,000 դրամ։

Տնտեսվարողներին

43. «Փոքր և միջին խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի: Սահմանամերձ գյուղերի դեպքում ետվերադարձը կկազմի 70 տոկոս:

44. Սյունիքի 16 համայնքի շուրջ 80 տնային տնտեսության կտրամադրվի 500-800 հազար դրամ դրամաշնորհային նվիրատվություն:

45. Մեղրիում կկառուցվի գյուղատնտեսական շուկա և թարմ ու չոր մրգերի մթերման կետ:

46. Մինչև 24 մլն. շրջանառությամբ փոքր բիզնեսները ազատվում են հարկերից: Նրանք մուծելու են ամսական միայն 5000 դրամ յուրաքանչյուր աշխատողի համար։

Առողջական խնդիր ունեցողներին

47. Բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի բարձրացում:

48. Սրտի վիրահատական ծառայությունների գծով պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնում:

49. Մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցում:

50. 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության ու սպասարկման անվճար իրականացում:

Բնակարանի կարիք ունեցողներին

51. Այս տարի աղետի գոտու ծրագրի շրջանակում հատկացված 560 մլն դրամով լուծվելու է 60 ընտանիքի խնդիր։

52. 2020-ին նախատեսվում է աղետի գոտում լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդրին։

53. Երևանի քաղաքապետի և ավագանու որոշմամբ 59 ընտանիք Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ կստանա։

Աշխատավարձի բարձրացումներ, որոնք վերաբերում են՝

Զինծառայողներին

54. Հուլիսի 1-ից բարձրացվել են զինվորականների աշխատավարձերը։

55. Բարձրացել է ժամկետային զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը։

Հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձը բարձրացել է միջինը 10%-ով#armgov

Опубликовано ՀՀ կառավարություն Суббота, 8 июня 2019 г.

Մանկավարժներին և դասախոսներին

56. Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցչի և տնտեսական աշխատողների աշխատավարձը բարձրացել է 6-15 տոկոսով:

57. Արմավիրի մարզի մանկապարտեզներում և ՊՈԱԿ-ներում, Արմավիր քաղաքի մոտ 485 աշխատողների աշխատավարձն ավելացել է միջինը 10 տոկոսով:

58. Վերացվել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի նվազման վտանգը: Որոշ տեղերում վերականգնվել է նախորդ տարվա սկզբին կրճատված վարձատրությունը:

59. Ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ:

60. Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարը աճել է 3 անգամ։

Բուժաշխատողներին

61. 2018 թվականի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թվականի հունվարի 1-ից մոտ 30%-ով բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10.000 բուժաշխատողի աշխատավարձերը:

62. Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում և օգտվում են առողջապահական բաղադրիչից:

Ոլորտային մասնագետներին

63. Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է։

64. Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը:

65. Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձ բարձրացել է միջինը 16 տոկոսով

66. Բարձրացել է Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27 տոկոսով:

67. Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով, որոշ դեպքերում՝ 100 տոկոսով բարձրացվել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը:

68. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ում 30 տոկոսով բարձրացվել է թվով 39 աշխատակիցների աշխատավարձերը:

69. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում միջինում 10,7 տոկոսով բարձրացվել է 148 աշխատակցի աշխատավարձը:

Կառավարման համակարգի աշխատակիցներին

70. 2019թ. հունվար, փետրվար և մարտ ամիսներին ոստիկաններին վճարվել է 27.7, 25.08 և 25.03 տոկոսի չափով պարգևավճար:

71. Ոստիկանական համակարգում ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ:

72. ԱԱԾ-ում աշխատավարձերն աճել են 30 տոկոսով:

73. Պետական կառավարման մարմիններում տեղի է ունեցել վճարումների ավելացում՝ նաև՝ պարգևատրումների միջոցով:

Աշխատավարձի նախատեսվող բարձրացում՝

74. Սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը։

75. Նվազագույն աշխատավարձը կբարձրանա: Կառավարությունն առաջարկում է ներկայիս 55 հազար դրամի փոխարեն սահմանել 68 հազար դրամ՝ փաստացի բարձրացնելով շուրջ 80 հազար քաղաքացու աշխատավարձ։

76. Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում եկամտային հարկը 2020թ. հունվարի 1-ից կդառնա 23%: Մինչև 2023թ. կնվազեցվի մինչև 20%` նախկին 23, 28 և 36֊ի փոխարեն։

Հավելում

Վերոբերյալ ցանկը, հնարավոր է, ամբողջական չլինի՝ հաշվի առնելով տեղային նշանակության բարեփոխումները։ Այսինքն, կան դպրոցներ, կազմակերպություններ, որոնց աշխատակիցների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվել, չի ընդգրկվել նաև Վարչապետի ներկայացրած 100 փաստերի ցանկում։

Հարգելի ընթերցողներ, եթե ունեք աշխատավարձի բարձրացման կամ սոցիալական աջակցության վերաբերյալ չհրապարակված տեղեկություն, կարող եք նշել մեկնաբանության դաշտում։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.