Չինական Didi-ն խոստացել է 2030թ. առանց վարորդի մեկ միլիոն տաքսի ներդնել
Տաքսի ծառայության ոլորտի այս հսկա ընկերությունն ընթացիկ տարում արդեն նախատեսում է առանց վարորդի տաքսի ծառայության փորձնական տարբերակ կիրառել Պեկինում, Շանհայում և Շենչժենում:
Չինական Didi ընկերության ներկայացուցիչ Մեն Սինն առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է 2030թ. իր տաքսի ծառայությունում ներգրավել շուրջ մեկ միլիոն անօդաչու (առանց վարորդի) մեքենաներ:
Didi ընկերությունը զբաղվում է տրանսպորտային ծառայությունների մատուցմամբ, այդ թվում՝ տաքսիների ագրեգացիայով (միացքավորում) և մեքենաների վարձույթով: Ինքնավարման տեխնոլոգիաների գծով տնօրենը նշել է, որ ընթացիկ տարում ընկերությունն արդեն նախատեսում է առանց վարորդի տաքսի ծառայության փորձնական տարբերակ կիրառել Պեկինում, Շանհայում և Շենչժենում:
Հաղորդվում է, որ հատուկ մեքենաները Didi-ն մշակում է չինական BAIC Group ավտոարտադրողի հետ: Մեն Սինը շեշտել է, որ 2021թ. Didi-ն ռոբոտաքսի ծառայության փորձարկումներ է սկսելու Չինաստանի սահմաններից դուրս, իսկ առանց վարորդի տաքսիները քանակը նախատեսում է 2030թ. հասցնել մեկ միլիոնի:
Ներկայումս Didi-ն Չինաստանի տաքսի ծառայության ոլորտում խոշորագույնն է: Ծառայությունը թողարկվել է 2012թ.՝ Alibaba Group կորպորացիայի կողմից: 2016թ. այն շուկայից դուրս է մղել ամերիկյան Uber-ին՝ գնելով նրա տարածաշրջանային ստորաբաժանումները: Բացի այդ՝ ընկերությունը գնում է նաև Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի նմանատիպ ծառայությունների մասնաբաժինները:
Հավելենք, որ Didi-ն նախորդ տարվա հուլիսին շուրջ 600 մլն դոլար ներդրում է ներգրավել Toyota Motor-ից: Նախատեսվում է ստեղծել համատեղ ընկերություն՝ Toyota-յի արհեստական բանականությունը Didi-ում ներդնելու համար: Այդ ընկերությունը նախապես գնահատվել է 62 մլրդ դոլար:
Մեկնաբանությունները