Օր 38. ՊԲ զինծառայողներն ու կամավորները շարունակում են սխրանքներ գործել. ԹԱՐՄԱՑՎՈՂ — Շեշտ.am (shesht.am)
16 րոպե
Խմբագրություն

Օր 38. ՊԲ զինծառայողներն ու կամավորները շարունակում են սխրանքներ գործել. ԹԱՐՄԱՑՎՈՂ

4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:

Հրետանավորներ / © ՀՀ ՊՆ

0:25 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:

Աննա Նաղդալյանը նշում է, որ սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:

21:46 Արայիկ Հարությունյանի հայտարարությունը. «Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ»:

21:31 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ քիչ առաջ հրթիռակոծվել Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ «Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

21:27 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:

20:55 Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ Ստեփանակերտում միացել է օդային տագնապ ազդանշանը։ Քաղաքին հասցվել են բազմաթիվ հարվածներ։ Նախնական տվյալներով կիրառվել է «Սմերչ»։

18:50 Արայիկ Հարությունյանը խորը վշտակցություն ու ցավակցություն է հայտնել երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին:

Արցախի նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչության ցանկացած դրսևորում, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմունքներով խաղաղ բնակչությանը դիտավորությամբ թիրախավորելու ցանկացած փորձ՝ հիշեցնելով, որ ավելի քան մեկ ամիս է՝ Արցախը ողջ միջազգային հանրության աչքի առաջ նույնպես ահաբեկչության թիրախ է դարձել՝ պայքարելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն ահաբեկչության նոր օջախ դարձնելու նկրտումների ու փորձերի դեմ:

18:43 Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա:

17:27 Մարտական գործողություններին զուգահեռ` թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են «РСЗО» տեսակի հրթիռ։Նախնական տվյալներով տուժածներ չկան։

16:29 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք:

16:25 ՊԲ հաղորդագրությունը. Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի:

Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:

Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

15:56 Ադրբեջանական քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել Թաղավարդի հատվածում իրենց հատուկջոկատայինների ոչնչացման մասին տեղեկությունը: ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ի լրումն և ի հաստատումն նախապես տարածած հաղորդագրության:

Թշնամական ուժերի ոչնչացումը / © Արցախի ՊԲ

14:12 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները շարունակվում են: Վերջին օրերին տեղի ունեցած և առ այսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

12:43 Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։

12:12 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ է հայտնվել։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

Նոր զինատեսակ է կիրառվել / © Արցախի ԱԻՊԾ

Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։

10:00 ԱԻՊԾ հաղորդմամբ՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

9:51 ՊԲ հաղորդմամբ՝ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը: Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:

Ոչնչացվել է թշնամական ականանետային մարտկոցը / © Արցախի ՊԲ

Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

9:16 Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկա, կենդանի ուժ, ինչպես նաև 1 տանկ:

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Հաղորդվում է, որ այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարակն իրադրությունը:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.