Օր 4. Պատերազմը շարունակվում է. ԹԱՐՄԱՑՎՈՂ — Շեշտ.am (shesht.am)
15 րոպե
Խմբագրություն

Օր 4. Պատերազմը շարունակվում է. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

Պատերազմը շարունակվում է / © Արցախի ՊԲ

23:00 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները.

— Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ՝ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։

— «Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում․ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային բարբարոսի կերպար է»,- նշել է Հարությունյանը։

— Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու այնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։

— Թուրքիայի մասնակցությունը պատահականություն չէ և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ արդեն հարյուրամյակներ են ընթանում։ Հետագայում ավելի մանրամասն կներկայացնենք պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը։ Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա։ Որովհետև ունենք 19 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ։

— Ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին։

— Մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և այդ նույն վարձկաններին պատուհաս չենք դարձնում մեր գլխին ժամանակի ընթացքում։

— Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։

— Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։

— Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին եւ խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն ինչքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ։

— Մեր Արտաքին գործերի նախարարությունը և, ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք արել սփյուռքի մեր հայրենակիցներին, լոբբիստական կազմակերպություններին՝ ակտիվ աշխատանքներ տանել միջազգային հանրության հետ։ Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց իր անթաքույց շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան։ Եվ այսօր ռազմական գործողություններին նրանց զինվորականների և ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է։

— Այս պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է, որովհետև այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ։

— Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտրն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ։ Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։ Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրե՛նց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, եւ մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացրած հարյուրավոր միլիարդ դոլարները։

22:07 Հայկական կողմի զոհերի թիվը հասել է 104-ի. Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհվածի անուն: Նրանց շարքում են օդաչու Վալերի Դանելինը, կամավորական, պահեստազորային, ժամկետայիններ:

21:30 Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության վարչությունը մեկնաբանություն է հրապարակել Արցախյան հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների տեղափոխելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ մարտական գործողություններին մասնակցելու համար Արցախյան (բնօրինակում՝ Լեռնային Ղարաբաղի) հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների զինյալներ, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից:

Վարչությունը խորը անհանգստություն է հայտնել՝ նշելով, որ այդ գործընթացը հակամարտության գոտում ոչ միայն մեծ լարվածություն է առաջացնում, այլև ստեղծում է երկարաժամկետ սպառնալիքներ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

ՌԴ ԱԳՆ վարչությունը շահագրգիռ պետությունների ղեկավարներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու օտարերկրացի ահաբեկիչների և վարձկանների կիրառությունը հակամարտությունում և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրսբերման ուղղությամբ:

20:30 Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Նրա խոսքով՝ այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:
Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը:

20:00 Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

13:52 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ սյսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստներն ավելանում են:

13:25 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ այս պահին մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։

12:07 Flightradar24 կայքում խափանում է տեղի ունեցել. հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմից կայքի վրա իրականացվել է DDoS հարձակում՝ թաքցնելու օդային տարածքով դեպի Ադրբեջան զենք-զինամթերքի տեղափոխումը:

10:35 Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են:

9:40 Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

8:30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։ Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է ընթանում:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.