Մարտի 24, 2020, 20:25
Խմբագրություն Hovhannisyan
442

Տանից դուրս գալ միայն անձնագրով և լրացված ձևաթղթով. Փաշինյան

Թույլատրվում է տանից դուրս գալ միայն տան մոտակայքում մարզվելու, խանութ գնալու և չարգելված աշխատավայր գնալու համար՝ փաստաթղթերի առկայության դեպքում:

Վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին / © 1lurer / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է Հայաստանի բնակչությանը՝ հայտարարելով նոր սահմանափակումների մասին: Մասնավորապես՝ մարտի 24-ի ժամը 24:00-ից քաղաքացիները տանից պետք է դուրս չգան:

Խիստ անհրաժեշտության դեպքում տանից դուրս գալիս պարտադիր պետք է ունենալ անձնագիր և լրացված ձևաթուղթ, որտեղ նշված կլինի տանից դուրս գալու ժամկետը, պատճառը, մեկնելու վայրը: Վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ ոստիկանությունը. հաղորդվում է, որ ոստիկանը կարող է մոտենալ, հարցնել դրսում գտնվելու պատճառը, պահանջել փաստաթղթերը՝ անձնագիրը և լրացված ձևաթուղթը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2628517007273678/
Ուղերձ / © Նիկոլ Փաշինյան

Տանից դուրս գալը նշված փաստաթղթերի առկայության պարագայում թույլատրվում է միայն խանութ, դեղատուն, բանկ, թաղման արարողության մասնակցելու, չարգելված աշխատանքի վայր գնալու և տան մոտակայքում մարզվելու համար: Մյուս դեպքերում ոստիկանությունը կարող է սահմանափակող միջոցներ գործադրել՝ ընդհուպ մինչև վարչական պատասխանատվություն:

Վարչապետը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 249-ի: Նրանցից 30-ի մոտ առկա է թոքաբորբ, 5-ը ռեանիմացիայում են, 4-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Վերջինս 77 տարեկան է: Մեկուսացված է 868 մարդ, ևս 2419-ը տնային ինքնամեկուսացման են ենթարկված: Փաշինյանը հույս է հայտնել, որ նրանք կպահպանեն ինքնամեկուսացման պայմանը:

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի հետագա տարածումը դանդաղեցնելու և տարածման շղթաները գտնելու նպատակով կիրառվող սահմանափակումների համար ներողություն է խնդրել քաղաքացիներից: Պարետի որոշմամբ՝ մեկ շաբաթով՝ մինչև 2020թ․ մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն