Տաջիկստանը դիմել է ՀԱՊԿ-ին. Հայաստանում ուշադիր հետևում են Կազմակերպության արձագանքին — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Տաջիկստանը դիմել է ՀԱՊԿ-ին. Հայաստանում ուշադիր հետևում են Կազմակերպության արձագանքին

Համարվում է, որ եթե ՀԱՊԿ-ը աջակցի Տաջիկստանին, ապա Հայաստանում այդ կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական կլինի, իսկ Տաջիկստանին նույնպես մերժելու դեպքում այն լիովին կճանաչվի որպես «անպիտան» կազմակերպություն:

Տաջիկաաֆղանական սահման / © AP

Տաջիկստանի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են ՀԱՊԿ-ին: Կազմակերպությունում այդ երկրի մշտական ներկայացուցիչը մյուս անդամներին տեղեկացրել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կտրուկ վատթարացման մասին: Նշվել է, որ թալիբները հարձակումներ են գործում սահմանամերձ աֆղանական կոմիսարիատների վրա, որոնց ծառայողները ստիպված ապաստանում են Տաջիկստանում` հատելով սահմանը:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կարգադրությամբ հայտարարվել է 20 հազար պահեստազորայինների մոբիլիզացիա: Սակայն իշխանությունները նշել են, որ միայնակ չեն կարող ապահովել սահմանների անվտանգությունը:

Հայտնի է, որ ներկայումս թալիբների վերահսկողության ներքո գտնվող աֆղանական տարածքի հետ Տաջիկստանի ընդհանուր սահմանը 910 կմ է (ընդհանուր սահմանի շուրջ 80%-ը):

Աֆղանստանից ամերիկյան և նրանց դաշնակից զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում իրավիճակը շարունակում է բարդանալ: Ահաբեկչական հայտարարված «Թալիբան» շարժումը վերահսկողություն է հաստատել երկրի տարածքի 1/3-ի նկատմամբ:

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ ներկայացուցիչներն արդեն տեղում են, ուսումնասիրում են իրավիճակը: Պաշտոնապես հայտարարվել է, որ Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերելու Տաջիկստանին:

Այս իրադարձություններից հետո հայկական տեղեկատվական հարթակներում խոսվում է Տաջիկստանին հավանական աջակցության և Հայաստանին մերժելու մասին: Համարվում է, որ եթե ՀԱՊԿ-ը աջակցի Տաջիկստանին, ապա Հայաստանում այդ կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական կլինի:

Սակայն նշվում է, որ ՀԱՊԿ-ը նույն վերաբերմունքին կարժանանա նաև Տաջիկստանին մերժելու դեպքում, քանի որ այն լիովին կճանաչվի որպես «անպիտան» կազմակերպություն:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ադրբեջանցի զինվորականների կողմից հայկական սահմանը հատելը և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելը համարել էր «սահմանային միջադեպ» և հայտարարել, թե «կրակոցներ չկան, զոհեր չկան»: Մինչդեռ հայկական կողմից մեկ զինծառայող է սպանվել, կան վիրավորներ, գերեվարվածներ, հափշտակվել են անասուններ և մոտ 1000 ադրբեջանցիներ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.