Կորոնավիրուսի խրոնիկա — Շեշտ.am (shesht.am)
05.02.2020, 16:37
53 րոպե
Խմբագրություն

Կորոնավիրուսի խրոնիկա

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80350-ի: Մահացածների թիվն այս պահին 2705 է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 27878-ն են: Իրանում գրանցվել է մահվան 16 դեպք:

Չժեցզյանի համալսարանի հետազոտողների խումբը պատվաստանյութ է ստեղծել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար / © REUTERS / China Daily

Դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարել են երկրում նոր տեսակի` 2019-nCoV կորոնավիրուսի վիրուսի տարածման մասին: Ամբողջ հունվար ամսվա ընթացքում վարակը վերածվեց համաճարակի՝ տարածվելով նաև Չինաստանից շատ հեռու գտնվող երկրներում:

Ստորև ներկայացնում ենք 2019-nCoV կորոնավիրուսին առնչվող տեղեկությունների խրոնիկան.

Փետրվարի 25

  • Փետրվարի 25-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80350-ի: Մահացածների թիվն այս գրառման պահին 2705 է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 27878-ն են:
  • Չինաստանից հետո վարակվածների թվով ամենամեծը Հարավային Կորեան է՝ 977 մարդ (մահվան դեպքերը՝ 10), իսկ մահացությունների քանակով՝ Իրանը՝ 16 մարդ (վարակվածների թիվը՝ 95):
  • Իրանի առողջապահության փոխնախարարը, ով երեկ հայտարարել էր, որ չի հավատում Իրանում կորոնավիրուսի համաճարակին, նույնպես վարակվել է: Խորհրդարանի պատգամավորի մոտ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
  • Շվեյցարիայում, Կատալոնիայում, Խորվաթիայում, Ավստրայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքերն են գրանցվել:
  • Ադրբեջանում 23 մարդ գտնվում է կարանտինում: Նրանց շարքում կան նաև Իրանից այդ երկիր ժամանածներ:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Վալտեր Ռիչարդին նշել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է ստացվել երկու տարի անց, իսկ վարակվածության նվազեցմանը կարող է նպաստել եղանակի տաքացումը:

Փետրվարի 24

  • Փետրվարի 24-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 77150-ի: Մահացել է 2592 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 24,7 հազարը:
  • Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 32-ի, որոնցից ամենամեծ թիվն Իրանում է՝ 12 մահվան ելքով, 7-ը՝ Հարավային Կորեայում, 4-ական՝ Ճապոնիայում և Իտալիայում, Հոնկոնգում՝ 2, Ֆիլիպիններում, Ֆրանսիայում և Թայվանում:
  • Իրանում վարակվածների թիվն, ըստ Առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի, կարող է գերազանցել 60-ը, իսկ մահացածների թիվն, ամենայն հավանականությամբ, արդեն 12 է (տվյալները դեռ ճշտվում են):
  • ՀՀ կառավարությունը Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է հրավիրել: Քննարկվել են Իրանի հետ սահմանը փակելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերը: Վարչապետը վստահեցրել է, որ կորոնավիրուսին դիմակայելու հնարավորություններն առկա են, Հայաստանում հիվանդության դեպք չի գրանցվել:
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ խոսքը ԿԿՀ նիստում / ©ARMGOV
  • Տեղեկություններ են հաղորդվում, որ Բաքվում 22 մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով:

Փետրվարի 23

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ հասել է 76936-ի, մահացել է 2442 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել ավելի քան 22,8 հազարը:
  • Նոր վարակվածների մեծ մասը՝ 648-ից 630-ը, Հուբեյ նահանգում են: Չինաստանի 21 նահանգներում մեկ օրվա ընթացքում վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել: Բազմաթիվ նահանգներում հիվանդացության դեպք չի գրանցվել արդեն մի քանի օր:
  • Իտալիայի Կոդոնյո քաղաքը, որտեղ նախօրեին տարեց կին էր մահացել կորոնավիրուսից, վերածվել է ուրվական քաղաքի. դատարկ փողոցներ, փակ խանութներ ու հաստատություններ: Աշխատում է հացաբուլկեղենի 1 վաճառակետ և 1 դեղատուն:
Իտալիա, Կոդոնյո / ©EuroNews
  • Իրանում Covid-19-ից մահվան 6-րդ դեպքն է գրանցվել: Փակվել են Ղոմ, Արաք քաղաքների ուսումնական հաստատությունները, դադարեցվել են կրոնական արարողությունները:

Փետրվարի 22

  • Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 77815-ի: Փետրվարի 22-ի դրությամբ նոր տեսակի հիվանդությունից մահացել է 2345 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 20847-ը: Մահացածներից մեկը 29-ամյա բժիշկ է:
  • Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իտալիայում. 78 ամյա իտալացին Եվրամիության առաջին քաղաքացին էր, որ մահացել է Covid-19-ից:
  • Տեղեկություններ կան, որ կորոնավիրուսով հնարավոր է կրկնակի վարակվել. Չինաստանի Սիչուան նահանգում վերջերս առողջացած և դուրս գրված քաղաքացուն երկրորդ անգամ են հոսպիտալացրել:
  • Վարակվածության առաջին դեպքն է գրանցվել Իսրայելում. ախտորոշումը հայտնաբերվել է երկու օր առաջ Ճապոնիայի ափերի մոտ գտնվող Diamond Princess զբոսանավից տարհանված իսրայելցու մոտ:
  • Մերձավոր Արևելքում կորոնավիրուսն աստիճանաբար տարածում է ստանում. մեկական դեպքեր են գրանցվել Եգիպտոսում, Լիբանանում, ԱՄԷ-ում՝ 11: Լիբանանցու մոտ վարակը հայտնաբերվել է Իրանից վերադառնալուց հետո:

Կորոնավիրուսը Մերձավոր Արևելքում`- 11 վարակակիր ԱՄԷ-ում- 1-ը` Լիբանանում, 2-ը կասկածվում են- 1-ը` Եգիպտոսում-…

Опубликовано Sargis Grigoryan Пятница, 21 февраля 2020 г.
  • Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն առնվազն 4-ն (ըստ որոշ տեղեկությունների՝ 5-ը): Հաղորդվում է, որ վարակվել է նաև Թեհրանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը: Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը, իսկ Քուվեյթը դադարեցրել է օդային հաղորդակցությունը: Այլ մանրամասներ Իրանից փետրվարի 23-ի համար դեռևս չեն հաղորդվում:
  • Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է անվտանգության նկատառումներից ելնելով կապ հաստատել դեսպանության հետ` նշելով գտնվելու վայրը:

❗️Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ…

Опубликовано Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն Пятница, 21 февраля 2020 г.

Փետրվարի 21

  • Փետրվարի 21-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 76723-ի: Covid-19-ից մահացել է 2247 մարդ, բուժվել և առողջացել են 18515-ը:
  • Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարար Սյույ Նանպինը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են մեկնարկել ապրիլի վերջից ոչ շուտ: Ներկայումս կենդանիների վրա են իրականացվում փորձարկումներ:
  • Ուկրաինայում Յուհանից տարհանվածներին Պոլտավայի Նովիյե Սանժարիի առողջարան՝ կարանտինի տեղափոխող ավտոբուսները հարձակման են ենթարկվել: Առողջարանի մոտ տեղի բնակիչները փորձել են փակել փողոցը, թույլ չտալ ավտոբուսների մուտքը: Ոստիկանության միջամտությունից հետո բնակիչները քարեր են նետել ավտոբուսների և ոստիկանների վրա։

Փետրվարի 20

  • Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 74,57 հազար, ևս 1,1 հազար մարդ այլ երկրներում են տառապում այդ հիվանդությամբ: Փետրվարի 20-ի դրությամբ COVID-19-ից մահացել է 2126 մարդ, շուրջ 16 հազարն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
  • Իրանի Առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսից երկու հոգում մահվան հանգամանքը: Կում քաղաքում մահացածները, ինչպես հաղորդվում է, տարեց մարդիկ են եղել և ունեցել են թույլ իմունիտետ:
  • Ճապոնիայի ափերի մոտ կայանած Diamond Princess զբոսանավի 3700 ուղևորներից 621-ը վարակված են կորոնավիրուսով: Երկու շաբաթ առաջ տարհանված ճապոնացի ուղևորներից երկուսը մահացել են: Մահացածներն 80 ամյա տղամարդ և կին են:
  • Այսօրվանից փակվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև պետական սահմանը՝ Չինաստանի քաղաքացիների համար: Չինացի ուսանողների ուսուցումը ռուսական ԲՈւՀ-երում առաջարկվել է իրականացնել առցանց տարբերակով:
  • Չինաստանն արտաքսել է ամերիկյան The Wall Street Journal-ի լրագրողներին՝ «Չինաստանն իսկապես Ասիայի հիվանդ մարդ է» վերտառությամբ հոդվածի պատճառով: «Ասիայի հիվանդ մարդ» արտահայտությունն օգտագործվել է նախկինում՝ Չինաստանի գաղութացման ժամանակ: Հոդվածը որակվել է նաև «ռասիստական մղումներ» ունեցող:

Փետրվարի 19

  • Փետրվարի 19-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2004-ի: Վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 74,1 հազար է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 14,3 հազարն են:
  • Կորոնավիրուսով վարակված բժիշկների և բուժաշխատողների թիվը հասել է 3 հազարի: Նրանց մեծ մասը Հուբեյ նահանգների հիվանդանոցներում աշխատողներն են:
  • Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնն (ՀՎՊԿ) ուսումնասիրել է կորոնավիրուսով վարակվածներից 44 հազարի հետազոտության տվյալները: Պարզվել է, որ հիվանդությունը հիմնականում թեթև բնույթ է կրում. ծանր հետևանքներ է ունենում խրոնիկ հիվանդների և տարեցների մոտ: Պարզվել է, որ ուսումնասիրվածների շրջանում մանկահասակ երեխաներ (մինչև 9 տարեկան) չկան:
Հիվանդների տոկոսային հարաբերակցությունն՝ ըստ տարիքի / © ՀՎՊԿ / BBC russian
  • Ֆրանսիական դեղագործական Sanofi ընկերությունը հայտարարել է, որ մշակում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարդկանց վրա կփորձարկվի 1-1,5 տարի հետո, իսկ զանգվածային կիրառություն կստանա 3-4 տարուց: Ընկերությունը նոր պատվաստանյութը ստեղծելու է ատիպիկ թոքաբորբի՝ SARS-ի համար կատարված մշակումների կիրառմամբ:

Փետրվարի 18

  • COVID-19 կորոնավիրուսով վարակվել է արդեն 72436 մարդ: Մահացածների թիվը 1868 է, իսկ առողջացած և դուրս գրվածներինը՝ 12552:
  • Յուհանում կորոնավիրուսից մահացել է «Ուչան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լյու Չժինմինը: 51 ամյա բժիշկը բուժհաստատության առաջին ղեկավարն էր, որ նոր հիվանդության զոհ դարձավ: «Ուչանն» առաջին հիվանդանոցներից էր, որտեղ ընդունվել են կորոնավիրուսով հիվանդները:
  • Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Թայվանում. 60 ամյա տղամարդ է մահացել, ով վերջին շրջանում երկրից դուրս չի եկել:
  • Չինաստանում արդյունաբերական ձեռնարկություններն աստիճանաբար վերսկսում են գործունեությունը: Ներկայումս արտադրության 80%-ն արդեն վերականգված է: 4 գործարաններից 3-ն արդեն վերաբացել է նաև Toyota ընկերությունը, սակայն դեռ մատակարարման սահմանափակումները կշարունակվեն: 4-րդի վերաբացումը նախատեսված է փետրվարի 24-ին:
  • Ամերիկյան Apple ընկերությունը նվազեցրել է 2020թ. առաջին քառորդի համար իր եկամուտների կանխատեսումը: Գլխավոր պատճառներն ընկերությունը համարել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առաքման սահմանափակումները և Չինաստանում պահանջարկի նվազումը:

Փետրվարի 17

  • Փետրվարի 17-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70548-ի, մահացել է 1770 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 10844-ը:
  • Չինաստանի Նանկայի համալսարանը հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր էքսպրես-թեստի ստեղծման մասին: Հաղորդվում է, որ հետազոտության համար կիրառվող նոր թեստի շնորհիվ կորոնավիրուսի շտամը հնարավոր է հայտնաբերել 15 րոպեում:
  • Հուբեյ նահանգի իշխանությունները բնակիչներին, այդ թվում՝ գյուղաբնակներին, արգելել են դուրս գալ տներից: Փողոցներում երթևեկել թույլատրվում է միայն ոստիկանական և շտապօգնության մեքենաներին:
  • Շանհայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մոտ են կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի ստեղծմանը: 100 հազարավոր պատվաստանյութերից համակարգչային մոդելավորման արդյունքում մշակվել է միջոց, որը ներկայումս փորձարվում է մկների վրա: Վերջնական ժամկետներ չեն նշվել:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային խումբը մեկնել է Պեկին: Չինացիներից և օտարերկրացիներից բաղկացած 24 հոգանոց խումբն ուսումնասիրելու է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հանգամանքներն: Ավելի վաղ ԱՀԿ-ն փորձագետների նախնական խումբ էր գործուղել Չինաստան:

Փետրվարի 16

  • COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 68,5 հազարի: Փետրվարի 16-ի դրությամբ մահացել է 1665 մարդ, բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել 9149-ը:
  • Մասնագետներն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ աշխարհում վիրուսին զուգահեռ բռնկվել և մեծ տարածում է ստանում ռասիզմը: Հաղորդվում է, որ տարբեր երկրներում և սոցցանցերում ընդգծված բացասական վերաբերմունք է ձևավորվել չինացիների և ընդհանրապես՝ ասիացիների նկատմամբ:
Գրառում. «Կորոնավիրուս. դրանից ավելի շատ մարդ է ռասիստ դարձել, քան՝ հիվանդ»: Ֆրանսիա, Նանտ / ©Getty Images
  • Համացանցում նաև ծաղրի առարկա են դարձնում չինական ավանդույթները, սննդակարգն ու հիգիենան: Ռուսաստանում, Ուկրաինայում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում և այլ երկրներում բնակվող շատ չինացիներ ահազանգել են իրենց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին:
https://www.instagram.com/p/B8C6BPklh1V/?igshid=1os6yie7d40qh
Երբ նստած ես քո սիրելի չինական ռեստորանում, իսկ խոհանոցից հազի ձայն ես լսում:
  • Ֆրանսիայում Չինաստանից ժամանած 80 ամյա զբոսաշրջիկ է մահացել: Սա Եվրոպայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն էր:
  • Չինաստանում որոշել են խստացնել պատիժը վարակվածների թիվը և սեփական առողջական ծանր վիճակը թաքցնելու համար: Հաղորդվում է, որ նմանատիպ իրավախախտումներ կատարածներին սպառնում է 10 տարվա կամ ցմահ ազատազրկում կամ կախաղան՝ հասարակական վտանգավորության արարքի համար:
  • ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, Կազմակերպությունն այլևս ի վիճակի չէ կանխատեսել համաճարակի տարածման հետագա ընթացքը: Գեբրեյեսուսն անհանգստություն է հայտնել, որ կորոնավիրուսը կարող է հայտնվել առողջապահական ոչ զարգացած համակարգ ունեցող երկրներում:

Փետրվարի 15

  • Փետրվարի 15-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հաշվվում է շուրջ 67 հազար, որոնցից 600-ը` Չինաստանից դուրս: Մահացածների թիվը 1523 է, իսկ առողջացածների և հիվանդանոցից դուրս գրվածներինը՝ 8000-ից ավելի:
  • Կորոնավիրուսը հասել է Աֆրիկա. Եգիպտոսի Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է արտերկրից Եգիպտոս ժամանած օտարերկրյա քաղաքացու մոտ նոր վիրուսի հայտնաբերման մասին: Հիվանդի քաղաքացիության և ազգային պատկանելիության մասին չի հաղորդվել:
  • AFP տեղեկատվական գործակալությունն անհանգստություն է հայտնել, որ մահացու վիրուսի ներթափանցումն աֆրիկյան երկրներ կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Նշվում է, որ Աֆրիկայում առողջապահական պայմանների ցածր մակարդակը և Չինաստանի հետ առևտրային սերտ հարաբերությունները հաշվի առնելով՝ կասկածի տակ է դրվում համաճարակին դիմակայելու ընդունակությունն այդ մայրցամաքում:
  • Արտաքին աշխարհից մեկուսացված Յուհան քաղաքում արգելափակվել են նաև շփումները քաղաքի վարչական շրջանների միջև: Որոշվել է վարչական շրջանների միջև տեղադրել անցակետեր` տեղաշարժը թույլատրելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
  • Չինաստանի մյուս շրջաններից Հուբեյ նահանգ է տեղափոխվել շուրջ 25 հազար բժիշկ և բուժաշխատող, քանի որ տեղի բուժանձնակազմի քանակը չէր բավարարում հիվանդներին սպասարկելու համար:

Փետրվարի 14

  • COVID-19 կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1380 մարդ: Հիվանդների թիվը փետրվարի 14-ի դրությամբ հասել է 63851-ի, առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 6723 մարդ:
  • Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1700 բուժաշխատող, որոնցից 6-ը մահացել են:
Ավելի քան 1,7 հազար բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով / ©EPA-EFE/YUAN ZHENG CHINA OUT
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը հայտարարել է, որ ալկոհոլի օգտագործումը ոչ մի կերպ չի նպաստում COVID-19-ի դեմ պայքարին: Հիվանդությանը դիմակայելու կարևոր նախապայման է համարել հիգիենան: Նրա խոսքով՝ ալկոհոլի չարաշահումն, ընդհակառակը, կարող է ալկոհոլային թունավորում առաջացնել:
  • Յուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ պլազմայի փոխներարկման արդյունքում հնարավոր է եղել առողջացնել COVID-19 կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբով հիվանդներին: Հաղորդվում է, որ այդ մեթոդով արդեն 10 հոգի բուժվել է, մինչդեռ դեղամիջոցներն արդյունք չէին տվել:

Փետրվարի 13

  • COVID-19 անունը ստացած նոր կորոնավիրուսը փետրվարի 13-ի դրությամբ խլել է 1367 մարդու կյանք: Առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 5911-ը: Հիվանդների ընդհանուր թիվն արդեն մոտ 60 հազար է:
  • Նախորդ օրվա համեմատ հիվանդների թվի կտրուկ աճը պայմանավորված է հիվանդության հայտնաբերման նոր մեթոդի կիրառմամբ. մեկ օրվա ընթացքում վիրուս է հայտնաբերվել ավելի քան 15 հազար մարդու մոտ: Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը նշել է, որ այսուհետ հիվանդների թիվը նշվելու է համակարգչային տոմոգրաֆիայի տվյալների համաձայն՝ չսպասելով մյուս հետազոտությունների պատասխաններին:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները մարդկանց վրա կարող են մեկնարկել 4-5 ամսից:
  • ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կայացած համաձայնությունների առաջին փուլի իրականացման տեմպերը կորոնավիրուսի տարածման պատճառով նվազել են:

Փետրվարի 12

  • Չինաստանում բռնկված կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44,6 հազարի, մահացել է 1113 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 4740-ը:
  • Ավտոարշավի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի չինական փուլը, որը պետք է կայանար Շանհայում՝ ապրիլի 17-19-ը, կորոնավիրուսի պատճառով սահմանված ժամկետում չի կայանա: Նախնական տարբերակով հնարավոր է համարվում միջոցառումն անցկացնելու օգոստոս-նոյեմբեր ամիսներին:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տեսակի կորոնավիրուսին պաշտոնական անվանում է տվել. այսուհետ այն կկոչվի COVID-19: Ժնևում կայացած ֆորումի շրջանակներում ընդունված որոշմամբ նոր անվան մեջ CO-ն կորոնավիրուսն է, VI-ն՝ վիրուսը, իսկ D-ն՝ հիվանդությունը:

Փետրվարի 11

  • Փետրվարի 11-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 42,7 հազարից: Մահացել է 1017 հիվանդ: Բուժումը ստացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 4046-ը:
  • Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ աջակցություն հայտնելով Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Հոլովակում չինական իշխանություններին իրենց աջակցությունն են հայտնում ինչպես Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերը, այդ թվում՝ երեխաները, այլև Հայաստանում չինարեն սովորող ուսանողները:
Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի ուղերձը / ©ChinaHay Armenian Community of Hong Kong and China
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 11-12-ը Ժնևում հրավիրել է հետազոտությունների և նորարարությունների համաշխարհային ֆորում՝ 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջազգային ուժերը մոբիլիզացնելու նպատակով: Ֆորումին մասնակցելու են առաջատար գիտնականներ, առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային պաշտոնյաներ: Քննարկվելու են ախտորոշման մեթոդներին, պրոֆիլակտիկային և վիրուսի բուժմանը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծմանը վերաբերող հարցեր:
  • Չինաստանում բռնկված համաճարակի դեմ պայքարում թերացումների համար Հուբեյ նահանգում գիգիենայի և առողջապահական գերատեսչության երկու պաշտոնյաների լիազորությունները դադարեցվել են:
  • Սանկտ Պետերբուրգում գտնվող Nissan-ի գործարանն արտադրությանն անհրաժեշտ բավարար քանակությամբ պարագաները Չինաստանից չստանալու պատճառով կարող է դադարեցնել իր աշխատանքները:
  • 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանի շուրջ 300 ընկերություններ, որոնց թվում և՝ Xiaomi-ն, հարկադրված դիմել են բանկերին՝ աշխատանքների խաթարման պատճառով կրած վնասները փոխհատուցելու համար վարկեր ստանալու խնդրանքով: Պարտադրված վարկերի ծավալը գերազանցում է 8 մլրդ դոլարը:
  • Համաճարակի տարածումը հանգեցրել է նավթի գնի միջազգային գնի անկմանը՝ 17%-ով: Նման հետևանքներ չեն առաջացրել ոչ թռչնի գրիպը, ոչ խոզի գրիպը՝ 2009թ.: Նավթի շուկայի վրա բացասաբար էր անդրադարձել միայն 2003թ. ատիպիկ թոքաբորբը: Նվազում են նաև արդյունաբերական մետաղի և էներգիայի գները:

Փետրվարի 10

Չինաստանի Առողջապահական պետական կոմիտեի տվյալներով՝ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը փետրվարի 10-ի դրությամբ հասել է 40171-ի: Հիվանդությունից մահացել է ընդհանուր առմամբ 910 մարդ, որոնցից երկուսը՝ Հոնկոնգում և Ֆիլիպիններում: Չինաստանից դուրս մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:

Առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 3281-ը: Բուժվածների թիվն աստիճանաբար աճում է: Եթե հունվարի 27-ին Չինաստանում հիվանդների 1,3%-ն էր բուժվել, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը 8,2% է: Առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի հաղորդմամբ՝ ցուցաբերվող բժշկական օգնությունն սկսել է իր արդյունքները տալ:

Չինաստանի բնակիչները դիմում են ծայրահեղ միջոցների՝ վիրուսից պաշտպանվելու համար / ©REUTERS

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors-ը փետրվարի 15-ից կվերսկսի իր գործունեությունը: Չինաստանի տարածքում ընկերությունն ունի մի շարք գործարաններ, որտեղ արտադրում են Buick, Chevrolet և Cadillac մակնիշի ավտոմեքենաներ:

Ռուս քաղաքագետ Դմիտրի Աբզալովի կարծիքով՝ կորոնավիրուսի հետևանքով մի շարք ապրանքների գներ կբարձրանան: Նրա խոսքով՝ աշխարհում մատուցվող ծառայությունների շուրջ 60%-ն այս կամ այն կերպ կապված է Չինաստանի հետ: Միաժամանակ, Չինաստանը ոչ միայն սպառման մեծ շուկա է, այլև՝ խոշորագույն արտադրող: Քաղաքագետը նշել է, որ նավթի, գազի և մետաղի ամենամեծ սպառողը ներկայումս դրանց պահանջարկը չունի. հեղուկ գազով բեռնված 5 տանկեր ուղևորվում են դեպի Չինաստան: Դրանցից մեկը գնելուց Պեկինն արդեն հրաժարվել է. այն ուղարկվել է Սինգապուր: Մյուս չորսը դանդաղեցրել են իրենց ընթացքը՝ հույն ունենալով, որ մինչև հասնելն իրադրությունը կկարգավորվի: Աբզալովի համոզմամբ՝ այս ամենը մեծ գնաճի կհանգեցնեն:

Փետրվարի 9

  • 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 37,1 հազարից: Համաճարակը փետրվարի 9-ի դրությամբ խլել է 811 մարդու կյանք: Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 2600 մարդ: Հիվանդանոցներում բուժում ստացողների թիվը 33 հազար է, որոնցից 6,2 հազարի վիճակը գնահատվում է ծանր:
  • ՉԺՀ-ի Առողջապահության գլխավոր կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվողների թիվը շարունակում է մեծ լինել Հուբեյ նահանգում, մինչդեռ Չինաստանի մյուս շրջաններում վարակվածության ցուցանիշներն անցնող շաբաթվա ընթացքում նվազել են շուրջ 43%-ով: Տարբեր նահանգներից մոտ 12 հազար բժիշկ ուղարկվել է Հուբեյ:
  • Հիվանդանոցներից մեկի աշխատակիցը պատմել է, որ աշխատում են 10 ժամ, որի ընթացքում չի թույլատրվում ուտել, խմել, գնալ զուգարան կամ պարզապես հանգստանալ: Նրա խոսքով` բժիշկներից ոմանք այնքան են հոգնում, որ աշխատանքն ավարտելուց հետո քնում են աթոռներին, քանի որ տուն գնալու ուժ չեն ունենում:
  • Ռուսաստանի ԱԻՆ ԻԼ-76 ինքնաթիռը Չինաստան է առաքել ընդհանուր 183 խմ բեռ՝ բժշկական պարագաներ և անհատական պաշտպանության միջոցներ:
  • Հայտնի դերասան Ջեկի Չանը 1 մլն յուան (մոտ 142 հազար դոլար) է խոստացել տրամադրել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողին: Նրա խոսքով՝ գիտությունն ու տեխնոլոգիաները վիրուսի դեմ պայքարի բանալին են: Ջեկի Չանը հույս է հայտնել, որ դեղամիջոցը հնարավորինս շուտ կստեղծվի և փողոցները կրկին կլցվեն կյանքը վայելող մարդկանցով:

Փետրվարի 8

  • Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում փետրվարի 8-ի դրությամբ 34546 է, ԱՀԿ տվյալներով՝ ևս 270 վարակվածներ արտասահմանում են: Մահացածների թիվը հասել է 724-ի: Բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել մոտ 2200 մարդ: Մահացածության ցուցանիշներով 2019-nCoV-ը գերազանցել է 17 տարի առաջ գրանցված ատիպիկ թոքաբորբին:
2019-nCoV կորոնավիրուսի տարածումը հունվարի 25-փետրվարի 8-ը / ©rbc.ru
  • Յուհան քաղաքում առաջին անգամ օտարերկրացիների մահվան դեպքեր են գրանցվել: Մահացել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի 60-ամյա քաղաքացիներ: Չինաստանի սահմաններից դուրս մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:
  • Միացյալ Նահանգները հայտարարել է Չինաստանին և կորոնավիրուսից տուժած մյուս երկրներին 100 մլն դոլարի աջակցություն տրամադրելու պատրաստականության մասին:
  • Նովոսիբիրսկի գիտնականները ստեղծել են բժշկական նոր դիմակներ, որոնցով 10 հազար անգամ ավելի քիչ վիրուս կարող է անցնել, քան սովորականների: Նոր տեխնոլոգիայով դիմակը պատրաստված է մելտբլաունից և նանոարծաթից, գործածվում է 10 ժամ: Ինքնամաքրման շնորհիվ դիմակը հնարավոր է կրկնակի կիրառել: Կորոնավիրուսի նկատմամբ դեռ չի փորձարկվել, սակայն սովորական A գրիպի և ստաֆիլակոկի հարցում արդարացրել է իրեն: Չինաստանն արդեն հետաքրքրված է նոր տեխնոլոգիայով:

Փետրվարի 7

  • 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31161-ի, մահացել է 636 մարդ՝ Չինաստանում, ևս 2-ը՝ արտասահմանում: Փետրվարի 7-ի դրությամբ հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը 1553 է: Մեկ օրվա ընթացքում մահացել է 69 մարդ. ԱՀԿ-ի կարծիքով՝ մահացությունների թիվը նվազման միտում ունի, քանի որ նախորդ օրը մահերն ավելի շատ էին:
  • Համաճարակի օջախ համարվող Յուհան քաղաքում 10-օրյա շինաշխատանքներից հետո շահագործման է հանձնվել երկրորդ հիվանդանոցը՝ կառուցված հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար: Այստեղ աշխատելու է շուրջ 2 հազար բժիշկ:
10 օր անց հիվանդանոցը հանձնվել է շահագործման / ©NEWS.CN
  • Չինաստանի Հուբեյ նահանգում աշխատանքի են կանչել թոշակի անցած բժիշկներին ու բուժքույրերին. թեև 29 նահանգներից բժշկական 107 բրիգադ է ժամանել (10596 բուժաշխատող), այնուամենայնիվ, բժիշկների քանակը չի բավականացնում: Հիվանդներին բուժօգնություն է ցույց տալիս նաև Ազգային ազատագրական բանակի բուժանձնակազմը: Ներկայումս առկա է ևս 2250 բժշկի կարիք:
  • Չինաստանի գիտնականները նոր կորոնավիրուսի հնարավոր միջնաժամկետ տերեր են համարել թեփամորթներին (պանգոլին): Նրանք հաստատել են, որ կենդանիների մոտ հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսի գենոմային հերթականությունը 99%-ով համընկնում է մարդկանց մոտ հայտնաբերված կորոնավիրուսի հետ: Գիտնականների կարծիքով՝ թեփամորթները կարող են վիրուսի միջնաժամկետ միակ տերերը չլինել, ուստի կոչ են արել հեռու մնալ վայրի կենդանիներից:
Թեփամորթ (պանգոլին) / ©Zuma/TASS
  • Տարածվող համաճարակը խաթարել է նաև մի շարք ընկերությունների գործունեությունը: Դրանց թվում է հայտնվել նաև Apple-ը. երկու շաբաթով կդադարեն ընկերության համար աքսեսուարներ արտադրող արտադրամասերի աշխատանքները: Կտուժեն հատկապես AirPods Pro ականջակալները՝ նախատեսվածից առնվազն մեկ ամիս ուշ հասնելով խանութներին: Ընկերությանն անհանգստացնում նաև այն, որ սովորական AirPods-ները նույնպես սպառման եզրին են և կարող են չբավարարել առկա պահանջարկը:
  • Ճապոնական Toyota ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի տարածքում գտնվող գործարանները փետրվարի 10-ից կփակվեն: Վերաբացումը նախատեսվում է փետրվարի 17-ին: Մինչ այդ ընկերությունը միանալու է աջակցության տրամադրմանը համաճարակից տուժած շրջանների բնակիչներին՝ հատկացնելով բժշկական դիմակներ, բիոհագուստ, ախտահանող նյութեր:

Փետրվարի 6

  • Չինաստանի արտաքին գործերի նախարար Խուա Չունյինը հայտարարել է, որ Չինաստանը թափանցիկ և պատասխանատու մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի տարածմանը, օպերատիվ կերպով կիսվում է տեղեկատվությամբ, ուստի կոչ է անում չվստահել շշուկներին, որոնք ավելի վատն են, քան հենց կորոնավիրուսը:
  • Փետրվարի 6-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների քանակը հասել է 28018-ի, մահացել է 563 մարդ: Մեկ գիշերվա ընթացքում մահացել է 73, վարակվել՝ 3694 մարդ: ԱՀԿ արտակարգ դրության ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսը բուժող ստուգված, արդյունավետ դեղամիջոց դեռևս առկա չէ:
  • Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ բուժվածների թիվը հասել է 1198-ի: Նախորդ օրվա համեմատ բուժվածների թվի աճը կազմել է շուրջ 24%: Ընդհանուր առմամբ՝ հիվանդությունը հաղթահարածների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է մահացածների թվին:
  • Յուհան քաղաքի հիվանդանոցում մեկնարկել են ամերիկյան Gilead Sciences ընկերության էքսպերիմենտային դեղամիջոցի կլինիկական փորձարկումներն ընդդեմ կորոնավիրուսի: Հետազոտությունների ղեկավար Ցաո Բինը նշել է, որ ոչ կենդանի օրգանիզմում (in vitro) Remdesivir դեղամիջոցը դրական արդյունք է ցուցաբերել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու գործում:
Ստուգվում են Յուհանի բոլոր բնակիչները / ©REUTERS / China Daily
  • Չինաստանի Յուհան քաղաքում այսօր առավոտյան բժիշկները սկսել են ստուգել քաղաքի բոլոր բնակիչների անխտիր ստուգմանը: Հիշեցնենք՝ քաղաքում հաշշվում է շուրջ 12 միլիոն բնակիչ: Վարակվածների մոտ 75%-ը հենց այս քաղաքում են, որտեղ և բռնկվել էր վիրուսը:

Հարգելի քաղաքացիներ,Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին,…

Опубликовано Arsen Torosyan Среда, 5 февраля 2020 г.
  • ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, ըստ որոնց՝ բանանը կամ այլ մրգեր, Չինաստանից առաքված ծանրոցներ կարող են կորոնավիրուս տարածել: Նախարարի խոսքով՝ հարուցիչը մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա չի կարող երկար գոյատևել և դառնալ վարակի տարածման աղբյուր:

Փետրվարի 5

  • Ռուսական օդատիեզերական ուժերի 2 ինքնաթիռ չինական Յուհան քաղաքից տարհանել է ՌԴ քաղաքացիների խմբին, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանին: 144 տարհանվածների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Հայաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին:
Ռուսական օդուժը տարհանել է 144 մարդու / ©TASS
  • Փետրվարի 5-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը 24 503 է, մահացածներինը՝ 492: Վերջին 24 ժամում գրանցվել է մահացության 65 դեպք: Չինաստանի բուժհաստատություններում հսկողության ներքո գտնվում է 152,7 հազար մարդ: Հիվանդանոցների դուրս է գրվել 892 մարդ:
  • Ավստրիական Զալցբուրգում 2019-nCoV կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կինը հիվանդանոցից փախուստի է դիմել: Թայվանում և Նոր Զելանդիայում շրջագայելուց հետո նա վերադարձել էր Ավստրիա և դիմել բժշկի՝ հազի և շնչառական խնդիրների գանգատով: 31-ամյա կնոջը ոստիկանները հայտնաբերել են իր տանը: Հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն այսօր երեկոյան:
  • Չինաստանի Չժեցզյանի համալսարանի հետազոտողների խումբը պատվաստանյութ է գտել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև չինացի գիտնական, համաճարակաբան Լի Լանցզյունանի հետազոտական խումբը: Պատվաստանյութ ստեղծելու մասին է հայտնել նաև մեծբրիտանական հետազոտական խումբը` նշելով, սակայն, որ, չնայած հաջողությանը, տարածման ներկայիս տեմպերի դեմ պայքարը կարող է և չհաջողվել:
  • 2019-nCoV կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի ստացման մասին վերոնշյալ լուրերի տարածումից անմիջապես հետո Brent տեսակի նավթի գինն աճել է 3%-ով, իսկ WTI-ն՝ 2,4 %-ով:

Փետրվարի 4

  • Չինական իշխանությունների հաղորդմամբ՝ փետրվարի 4-ի դրությամբ երկրի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 20 438 է, իսկ մահացածներինը՝ 427: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս 20 երկրում վարակվածների թիվը 176 է: Արտերկրում մահացության 2-րդ դեպքն է գրանցվել:
  • ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել, որ համաճարակը կարող է ավելի վատթարանալ, սակայն կոչ է արել խուճապի չմատնվել:
  • Գիտնականները եկել են եզրակացության, որ 17 տարի առաջ բռնկված համաճարակը և 2019-nCoV կորոնավիրուսն 80%-ով համընկնում են: Նրանց կարծիքով՝ հնարավոր է, որ նախորդ համաճարակի բուժման մեթոդներն ու պատվաստանյութերն օգտակար լինեն նաև այս նոր կորոնավիրուսի հաղթահարման համար: Մինչ մասնագետները փորձարկում են նոր պատվաստանյութերը, չինական հիվանդանոցներում արդեն բուժվել է 725 մարդ:

🦠 Ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից:📣 Խնդրում եմ տարածել, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն:

Опубликовано Arsen Torosyan Понедельник, 3 февраля 2020 г.
  • ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի և դրանից պաշտպանվելու մասին տեղեկատվական հոլովակ:

Ամենաընթերցվածը

երեկ, 19:06
2 րոպե
Խմբագրություն

Իրաջ Հարիրչին երեկ նշել էր, որ չի հավատում, թե Իրանում կարող է համաճարակ լինել, բայց այսօր հաղորդվում է, որ նա նույնպես վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:

22.02.2020, 22:48
12 րոպե
Խմբագրություն

Մեկ վարակվածը կարող է վարակել 600 ուղևորների, իրավիճակը վատթարանում է, իսկ մահացածների մասին հայտարարում է նավապետը, ով նավը վերջինն է լքելու:

23.02.2020, 18:02
20 րոպե
Խմբագրություն

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները սառնասրտորեն են վերաբերվում կորոնավիրուսից մահացություններին ու վարակի տարածմանը, մինչդեռ օգտատերերը տագնապալից կերպով պահանջում են փակել հայ-իրանական սահմանը: Համեմատենք մասնագիտական տեղեկությունները և առկա իրավիճակը:

20.02.2020, 22:23
8 րոպե
Խմբագրություն

Գիտնականների միջազգային խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով դավադրության տեսությունները, ըստ որոնց՝ Covid-19 հիվանդության հարուցիչ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիաներում:

30.01.2020, 14:40
3 րոպե
Խմբագրություն

Շփոթմունքն արդեն մեմերի առիթ է դարձել, բայց եթե ինչ-որ մեկը կասկածի՝ ոչ, Corona գարեջուրը կորոնավիրուսի հետ ոչ մի կապ չունի:

05.02.2020, 16:37
53 րոպե
Խմբագրություն

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80350-ի: Մահացածների թիվն այս պահին 2705 է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 27878-ն են: Իրանում գրանցվել է մահվան 16 դեպք:

11.02.2020, 00:13
4 րոպե
Խմբագրություն

Տեսանյութը Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության YouTube-յան էջից ու սոցցանցերից հեռացված է: Կամչատկայի մասնաճյուղի տնօրենը նշել է, որ տեսանյութը տարածողի անունն ու պաշտոնը հայտնի է, բայց դա իրենց խնդիրն է:

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.