«Սթրեսային հորմոնի» բարձր կոնցենտրացիան մեծացրել է Covid-19-ից մահվան վտանգը — Շեշտ.am (shesht.am)
5 րոպե
Խմբագրություն

«Սթրեսային հորմոնի» բարձր կոնցենտրացիան մեծացրել է Covid-19-ից մահվան վտանգը

Կորտիզոլը կարող է սովորական կենսաքիմիական ցուցիչ հանդիսանալ, որը հնարավորություն կտա սահմանել բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտների առաջնահերթությունը:

Կորտիզոլի քանակը կօգնի որոշել, թե որ պացիենտներին է պետք բուժել առաջին հերթին / © Xiong Qi/Xinhua/Getty

Կորոնավիրուսային վարակը դարձել է ամբողջ աշխարհի բժիշկների ու գիտնականների համակ ուշադրության առարկան: Մասնագետները փորձում են հնարավորինս հստակ սահմանել այն հանգամանքները, որոնք ազդում են հիվանդության ընթացքի և մահվան վրա:

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները նոր հետազոտությամբ պարզել են, թե ինչպես է Covid-19-ի ընթացքն ազդում հիվանդի արյան բաղադրությունում առկա «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի վրա:

Կորտիզոլն օրգանիզմում արտադրվում է ի պատասխան սթրեսային իրավիճակների, այդ թվում՝ հիվանդության: Այս հորմոնը փոփոխություններ է առաջացնում սրտի և իմունային համակարգի աշխատանքում, ինչպես նաև նյութափոխանակությունում՝ օգնելով հաղթահարել վարակը: Հիվանդության ժամանակ կորտիզոլի ցածր մակարդակը կարող է վտանգավոր լինել պացիենտի համար: Սակայն, ինչպես պարզվել է, հորմոնի բարձր կոնցենտրացիան նույնպես մեծացնում է բացասական ելքի վտանգը:

Կորտիզոլի մոլեկուլի տարածական կառուցվածքը / © MedicalXpress

Դիտական նոր հետազոտությանը մասնակցել է 535 պացիենտ: Նրանցից 404-ի մոտ Covid-19 է ախտորոշվել: Ընդ որում՝ կորոնավիրուսային թոքաբորբով հիվանդների մոտ կորտիզոլի մակարդակն էականորեն ավելի բարձր է եղել, քան մյուսների մոտ: Կորտիզոլի մեդիանային կոնցենտրացիան կորոնավիրուսով վարակվածների մոտ կազմել է 619 նմոլ/լ՝ ի տարբերություն մյուս պացիենտների 519 նմոլ/լ-ի:

Covid-19 պացիենտների մոտ դիտարկված հորմոնի ամենաբարձր կոնցենտրացիան հասել է մինչև 3241 նմոլ/լ-ի՝ այն դեպքում, երբ նորմայում առողջ մարդու մոտ այդ ցուցանիշը տատանվում է 80-535 նմոլ/լ-ի սահմաններում՝ կախված օրվա ժամից: Գիտնականները նաև պարզել են, որ 744 նմոլ/լ-ից ցածր կորտիզոլի կոնցենտրացիա ունեցող փորձարկվողների համար գոյատևման մեդիանան (ժամկետ, որից հետո պացիենտների 50%-ը մահանում է) կազմել է 36 օր՝ այն դեպքում, երբ կորտիզոլի ավելի բարձր ցուցանիշ ունեցողների մոտ՝ 15 օր: Ընդ որում՝ հետազոտության ընթացքում մահացել է Covid-19-ով պացիենտների 27%-ը, իսկ կորոնավիրուսային թոքաբորբ չունեցողների շրջանում՝ միայն 7%-ը:

Գոյատևման հավանականությունը 744 նմոլ/լ-ից բարձրի և ցածրի դեպքում՝ համապատասխանաբար / © Dhillo, Than, Khoo et al., The Lancet Diabetes & Endocrinology, 2020

Այս հետազոտությունը, միանշանակ, օգտակար կլինի կորոնավիրուսով հիվանդների բուժող բժիշկների համար: Աշխատության հեղինակներից Վալջիթ Դհիլոն նշել է, որ 3 ամիս առաջ, երբ Լոնդոնի հիվանդանոցները լի էին Covid-19 պացիենտներով, բավականին քիչ տեղեկություն կար այն մասին, թե ինչպես է հնարավոր ավելի ճիշտ սահմանել մարդկանց առաջնահերթությունը: Նրա խոսքով՝ արյան մեջ թթվածնի առկայության ցուցիչից բացի՝ այժմ հավելյալ տարբերիչ է առկա, որը կօգնի որոշել, թե որ պացիենտներին է պետք բուժել առաջին հերթին:

Ավելի վաղ հաղորդվել է, թե ինչպես է պետք ճիշտ օգտվել զուգարանից՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար, և թե ինչու են Covid-19-ից առողջացած մարդիկ տապի ժամանակ մրսում:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.