Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` 2021թ. Հայաստանին 3,1% տնտեսական աճ է սպասվում
Բանկի զեկույցի համաձայն` Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի հայտարարությունը կօգնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության նվազմանը:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` 2020թ. Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշն 8% է կազմելու, իսկ 2021-ին սպասվում է 3,1% աճ: ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global Economic Prospects) զեկույցի համաձայն` 2022թ. Հայաստանում սպասվում է 4,5% տնտեսական աճ:
Համաշխարհային բանկի հունիսյան զեկույցում Հայաստանի տնտեսության համար կանխատեսվել էր 5,2% անկում` 2020թ., 1,8%` 2021թ.: ՀԲ-ի` հոկտեմբերին հրապարակված զեկույցում (Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական զարգացման վերաբերյալ) նշվել էր, որ Հայաստանի տնտեսությունը 2020թ. կնվազի 6,3%-ով, իսկ այնուհետև` 2021թ., կաճի 4,6%-ով:
Այդ զեկույցում կանխատեսվել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում 2021թ. տնտեսական աճը կկազմի 2,5%` պայմանավորված համավարակի և հակամարտությունների առաջացրած ցնցումների մեղմացմամբ ու զբոսաշրջության վերականգնմամբ:
Բանկի զեկույցի համաձայն` սպասվում է, որ կանխատեսվող ժամանակաշրջանում ակտիվությունն Ադրբեջանում ընդլայնվելու է, քանի որ նավթի գները կայունանալու են, և տնտեսությունը ներդրումների ու վերակառուցման ծախսերի արդյունքում շահելու է: Սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի հայտարարությունը կօգնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության նվազմանը:
Մեկնաբանությունները