Մարտի 13, 2020, 21:02
Խմբագրություն Hovhannisyan
583

Հայ-վրացական սահմանը 10 օրով փակ է լինելու

Մարտի 14-ից մեկնարկող սահմանափակումը չի տարածվի իրենց երկիր վերադառնալ ցանկացող քաղաքացիների և բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Վրաստանը, նույն սկզբունքով, փակել է նաև Ադրբեջանի հետ սահմանը:

Հայ-վրացական սահման / © Ազատություն / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հայ-վրացական սահմանը 10-օրյա ժամկետով փակ է լինելու: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապահովելու են իրենց երկիր վերադառնալ ցանկացող քաղաքացիների անարգել մուտքը:

Ավինյանը հայտնել է, որ տեղաշարժը երկու երկրների միջև կասեցվելու է ժամանակավորապես՝ մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից մինչև մարտի 24-ը: Որոշումն, ըստ փոխվարչապետի, կայացվել է փոխադարձ համաձայնությամբ:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2432462730391466

Սահմանափակումները տարածվում են տրանսպորտային բոլոր միջոցների վրա՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնողների:

Վրացական աղբյուրների հաղորդմամբ՝ վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Նիկոլ Փաշինյանի և Ալի Ասադովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որից հետո է նման որոշումը կայացվել: Մարտի 14-ից նույն սկզբունքով փակ է լինելու նաև վրաց-ադրբեջանական սահմանը:

Դե իսկ հայ-ադրբեջանական սահմանը փակ է ավելի քան 30 տարի: Իսկ Իրանի հետ սահմանը փակ է փետրվարի 24-ից: Ավելի վաղ նախատեսվել էր հայ-իրանական սահմանը և օդային հաղորդակցությունը դադարեցնել 2 շաբաթով, սակայն ժամկետը երկարացվել է:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն